Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Փետրվար 25,2009 00:00

\"\"Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ ՄԱԿ-ում նախկին դեսպան Իրակլի Ալասանիան, նախագահ Սահակաշվիլուց պահանջեց 10 օրվա ընթացքում հայտարարել հանրաքվե՝ նոր նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ըստ gazeta.ru-ի՝ երկուշաբթի օրը Ալասանիան հայտարարեց, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են «Ալյանս հանուն Վրաստանի» շարժման մեջ եւ ձգտելու են հաղթել նախագահական ընտրություններում: «Եթե Սահակաշվիլին մերժի մեր վերջնագիրը, մենք ունենք ծրագիր,- հայտարարել է Ալասանիան:- Մենք անց ենք կացնելու համաժողովրդական հանրաքվե՝ ժողովրդի իրական վերաբերմունքն իմանալու համար»: Պատասխանելով հանրաքվեի արդյունքները կեղծելու մտահոգություններին՝ Ալասանիան հայտարարեց, որ իր թիմն օգտագործելու է բոլոր ռեսուրսները, այդ թվում նաեւ միջազգային հանրության մոնիտորինգը՝ կեղծիքները բացառելու համար: «Դա դժվար պայքար կլինի, եւ մենք դրան պատրաստ ենք: Իշխանությունը ոչ ոք հոժարակամ չի հանձնել, դրան պետք է հասնել»,- ասել է ընդդիմության առաջնորդը: Ալասանիայի հայտարարությունները ընդդիմության գարնանային ակցիաների նախապատրաստական փուլի մի մասն են: Ավելի վաղ նախագահի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Իր հերթին «Վրաստանի ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին առաջ է քաշել իր սեփական վերջնագիրը՝ պահանջելով Սահակաշվիլուց՝ հրաժարական տալ մինչեւ ապրիլի 9-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել