Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվեցին Տեմպուսի գաղտնիքները

Փետրվար 25,2009 00:00

\"\"Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկեցին Եվրոպական հանձնաժողովի TEMPUS ծրագրի տեղեկատվական օրերը:

54 երկիր ներգրավող այս արտասահմանյան ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխումներին: Երկօրյա ժամանակահատվածում արտասահմանից հրավիրված մի շարք փորձագետներ հայաստանյան մասնագետների համար «կբացահայտեն» ծրագիր գրելու, այսպես ասած, «գաղտնիքները»:

Երեկվա միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Նա ելույթի խոսքում ասաց. «Ժամանակն է հետեւողականորեն ապահովել կրթական համակարգի նորացված ձեւաչափը՝ համապատասխան բովանդակային հենարաններով: Հայկական կրթական համակարգը չի կարող զարգանալ՝ փակված լինելով միայն ներհայաստանյան խնդիրների օրակարգով»: Իսկ TEMPUS ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ասաց. «Մենք ունենք, այսպես կոչված, ներքեւից վերեւ մոտեցում, այսինքն՝ ծրագրերը բխում են մեր կրթական կարիքներից: Ծրագրում ընդգրկված են թեմաներ, որոնք վերաբերում են ուսումնական ծրագրերի, բուհերի կառավարման համակարգերի, որակի ապահովման բարեփոխումներին»:

Քանի որ TEMPUS ծրագիրն անմիջականորեն առնչվում է բուհերին, ապա որոշ բարձրագույն կրթական հաստատությունների պատասխանատուներից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպիսի արդյունավետություն ունեն այս կարգի ծրագրերը: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նկատեց. «Այժմ ճարտարագիտական համալսարանի հետ իրականացնում ենք կրթության որակի ապահովման խնդիրներին վերաբերող ծրագիր, որտեղ մեր գործընկերներն են Լոնդոնի եւ Ջենովայի համալսարանները»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ-որ կերպ ուղղորդվո՞ւմ են ծրագրերը, քանի որ կա մասնագետների մի նեղ շրջանակ, որը «հմտացել է» ծրագիր գրելու եւ շահելու գործում: Այս մասին ՀՊՃՀ միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանն ասաց. «Այդ գործընթացը տեղում չի ուղղորդվում: Բայց Տեմպուսը միակ ծրագիրն է, որը թույլ է տալիս կրթական համակարգում եղած պրոբլեմները արտասահմանյան փորձագետների հետ շփումներ ապահովելով լուծել: Այս ծրագրի շրջանակներում արդեն իրագործել ենք կրեդիտային համակարգի հիմնադրույթներին ուղղված մի ծրագիր»: «Առավոտը» պրոռեկտորների հետ զրույցում բարձրացրեց նաեւ տարածված այն մտայնությունը, որ եթե այս կամ այն ծրագիրը ֆինանսավորվում է արտասահմանյան աղբյուրների կողմից, ապա այդտեղ կան ինչ-ինչ շահեր կամ պարտադրանքներ: Ռ. Աղգաշյանը կարճ պատասխանեց. «Դրանք անհեթեթ խոսակցություններ են»: Իսկ Ա. Գրիգորյանը նկատեց. «Այս ծրագրով որեւէ բան չի փաթաթվում: Հայաստանը 2005-ին կամավոր կերպով եւ կառավարական մակարդակով ստորագրել է բոլոնյան համաձայնագիրը, իսկ ծրագրի առաջնահերթությունները համահունչ են այդ գործընթացին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել