Թիվ 10 ուսումնարանի «ոդիսականն» այսպես ավարտվեց
Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արծրուն Բարսեղյանի եւ այս հաստատության արդեն նախկին որոշ աշխատակիցների միջեւ վեճը բռնկվել էր դեռ անցյալ տարեվերջին: Խնդիրն այն էր, որ ուսումնարանի նախկին փոխտնօրեն Մերի Պապիկյանը, կենսաբանության եւ քիմիայի, ասեղնագործության նախկին ուսուցչուհիներ Արմենուհի Աղասարյանն ու Եվա Գրիգորյանը դժգոհում էին, թե պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում տնօրենն այնպիսի ստորացուցիչ պայմաններ է ստեղծել, որ ստիպված են եղել սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: «Առավոտն» այս խնդրին ժամանակին անդրադարձել է:
Չնայած թիվ 10 ուսումնարանում այդ աղմուկից հետո ստուգումներ իրականացվեցին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության, ԿԳՆ կրթության պետական տեսչության, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության կողմից, սակայն դեռ տարբեր առիթներով շահարկվում է ուսումնարանի անունը: Ուստի «Առավոտը» փորձեց պարզել, ի վերջո, հարցն ինչպիսի՞ հանգուցալուծում ունեցավ: Զրուցեցինք տնօրեն Արծրուն Բարսեղյանի հետ: Նա ասաց, որ ստուգումների արդյունքում մանկավարժների դժգոհություններն անհիմն են ճանաչվել, եւ խնդրեց մանրամասների մասին տեղեկանալ վերադաս մարմիններից: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բարսեղյանը նշեց. «Այդ մարդիկ սովոր չեն եղել դպրոց հասկացողությանը: Նրանք չեն հասկանում, որ ուսումնարանը միայն արհեստ տվող հաստատություն չէ: Եթե միջնակարգ կրթություն ես տալիս, ապա պիտի հանրակրթական առարկաների դասավանդումը լինի պատշաճ մակարդակի վրա: Այնինչ իմ՝ այստեղ գալու ժամանակ ուսումնարանում սովորող չկար, բայց կրթաթոշակ էին ստանում, իսկ գումարներն ո՞ւր են գնացել: Մեկ անձ 6 առարկա էր պարապում: 55 տարեկանում անձն անցել էր ծերության թոշակի եւ, առանց իրավունք ունենալու, ե՛ւ թոշակ էր ստանում, ե՛ւ աշխատավարձ, այնինչ՝ թոշակ չպիտի ստանար: Այդ մարդիկ տեսան, որ այս աշխատակազմում չեն կարող աշխատել, ընտրեցին դուրս գալու տարբերակը: Թե հետո ինչո՞ւ են աղմկում, չեմ հասկանում, բայց հավանաբար ինչ-որ մեկի պատվերն են կատարում»: Հետաքրքրվեցինք՝ ներկայումս ի՞նչ խնդիրներ ունի ուսումնարանը: Տնօրենը պատասխանեց. «Ուսումնարանի շենքի մի հատվածը նախկինների մեղքով զավթել են, արդյունքում՝ կրթօջախի պատուհանները շարել, պատ են սարքել, կողքից էլ՝ տուն: Նույնիսկ հակահրդեհային կանոնները պահպանված չեն. ուսումնարանի եւ կողքի տան պատն ընդհանուր է: Կրթօջախն արհեստանոց է ունեցել, որտեղ այժմ մարդիկ են բնակվում: Առաջին հարկը՝ որպես պահեստ, տրված էր մոտակայքում գտնվող շուկային: Երեւի այս հարցերով դիմեմ դատարան: Բացի այդ, փողոցում խուլիգաններ էին հավաքվում եւ ուսումնարանի աշակերտներից գումար պահանջում»:
Քանի որ ուսումնարանում ստուգումներ էր իրականացրել ԿԳՆ կրթության տեսչությունը՝ ի դեմս նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչության, զրուցեցինք բաժնի պետ Խաժակ Թոմոյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ուսումնարանի նախկին աշխատակիցների դիմումում բարձրացված բոլոր հարցերն անհիմն են ճանաչվել: Պարոն Թոմոյանն ասաց. «Դիմումում բարձրացված ոչ բոլոր փաստերն էին համապատասխանում իրականությանը, չնայած կային այնպիսիք, որոնք համապատասխանում էին: Համենայնդեպս, ողջ նյութը հավաքագրվել եւ հանձնվել է քաղաքապետարանի կրթության վարչություն, քանի որ ուսումնարանը գտնվում է նրանց ենթակայության տակ: Հետո հրավիրվեց եռակողմ քննարկում, արվեցին որոշ առաջարկություններ: Քաղաքապետի հրամանով տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի: Այստեղից էլ կարելի է անել հետեւություն, որ եթե դիմումում բարձրացված հարցերն ընդհանրապես չհամապատասխանեին իրականությանը, տնօրենը տույժի չէր ենթարկվի: Ուստի կատեգորիկ կերպով ասել, որ դիմումում բարձրացված դժգոհություններից ոչինչ չէր համապատասխանում իրականությանը, սխալ կլինի: Ինչ վերաբերում է աշխատակիցների՝ ստորացուցիչ պայմանների պատճառով իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուն, տեսչության իրավասությունների մեջ չի մտնում այդ հարց պարզաբանումը: Մենք քրեական իրավապահ մարմին չենք, որ հետաքննություն վարենք՝ բռնություններ կատարվե՞լ են, թե՝ ոչ: Մերը կրթական գործընթացի կազմակերպման վերահսկումն է»: Քանի որ մեզ հետ զրույցում Ա. Բարսեղյանը նշել էր, որ իր «նախորդի» ժամանակ ուսումնարանում աղաղակող անարդարություններ են տիրել, պարոն Թոմոյանից հետաքրքրվեցինք՝ դրանք ինչո՞ւ են վրիպել տեսչության աչքից: Նա պատասխանեց. «Տեսչությունը ձեւավորվել է 2006-ին, իսկ այդ ժամանակ ուսումնարանի տնօրենն արդեն Արծրուն Բարսեղյանն էր»: Ուսումնարանի «ոդիսականի» մասին այլ մանրամասներ պարզելու համար «Առավոտը» զրուցեց նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակար Արմինե Վարդանյանի հետ: Նա ասաց. «Տնօրենը ոչ ոքի չի ազատել կամ կրճատել, որ ասենք՝ խախտում է արել: Նրանք բոլորն ազատվել են իրենց դիմումի համաձայն: Նույնիսկ բողոքավորների մեջ կար մի մարդու անուն, որն անտեղյակ էր այդ ամենին»: Փոխարենը Ա. Վարդանյանը հայտնեց, որ մոտ 10 օր առաջ իրենք ուսումնարանի ներկայիս աշխատակազմի կողմից գրություն են ստացել՝ որում գովեստի խոսքեր էր արտահայտված տնօրենի հասցեին: Մեր հարցին՝ եթե տնօրենը որեւէ խախտում չի գործել, այդ դեպքում ինչո՞ւ է կարգապահական տույժի ենթարկվել, տիկին Վարդանյանն այսպես պատասխանեց. «Պատճառը չէր վերաբերում այդ մարդկանց բարձրացրած խնդիրներին: Մեր մասնագետի եւ տեսչության ուսումնասիրությունների արդյունքում կրթօջախում որոշ բացթողումներ են հայտնաբերվել, ինչով էլ պայմանավորված էր այդ տույժը»: