«Կտրուկ գործողությունների» եւ հարկատուների հաշվին համատարած անգործության մասին
Հարգելի «Առավոտ» թերթի խմբագրություն, ծանոթանալով ձեր 04.02.2009թ. համարում տպագրված «Խնամի ու բարեկամ հաշվի չի առնելու» հոդվածում Լոռու մարզպետի հայտարարություններին եւ նկատի առնելով, որ նույնատիպ կարծիքներ են հնչեցրել ոչ միայն մյուս մարզպետները, այլ նաեւ կառավարության որոշ ներկայացուցիչներ, որոշեցի այս անօրինական մոտեցումների դեմ ներկայացնել իմ կարծիքը:
Լոռու մարզպետի առաջին դժգոհությունը՝ համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցածր մակարդակից ելնելով, որոշել է «այլեւս չփորձել հորդորել կամ քննադատել» տեղական իշխանություններին, սպառնացել է «6 ամիս հետո անցնել կտրուկ գործողությունների» եւ դոտացիաները տրամադրել հավաքագրված եկամուտներին համապատասխան:
1. Նախ, եթե մարզպետը համայնքների նկատմամբ «կտրուկ գործողությունների» օրենքով նախատեսված իրավունք ունի, ապա ինչու է օրենքի պահանջը կատարելու միայն 6 ամիս հետո: Ստացվում է, մարզպետը «խոստովանում» է, որ մինչեւ հիմա չդիմելով «կտրուկ գործողությունների»՝ օրենքը խախտել է եւ պատրաստվում է հետագա 6 ամիսների ընթացքում եւս օրինախախտ լինել:
2. Հստակ երեւում է՝ մարզպետը չգիտե, որ որեւէ օրենքով նախատեսված չէ ոչ միայն նրա «կտրուկ գործողությունների» դիմելու իրավունքը, այլ նաեւ, որ նա իրավունք չունի «հորդորելու կամ քննադատելու» համայնքին: Մարզպետը «մոռանում» է, որ համայնքը ենթակա չէ ոչ միայն մարզպետին, այլ նաեւ կառավարությանն ու ՀՀ նախագահին: Ինչ իմանա մարզպետը, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է համայնքի ինքնուրույնությունը եւ նրա պատասխանատվությունը միայն բնակչության եւ օրենքի առջեւ:
3. Եթե մարզպետները փորձեն իմանալ համայնքների նկատմամբ օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ապա կպարզվի, որ Սահմանադրությամբ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով նախատեսվում է միայն մեկ հիմնական՝ վերահսկողություն իրականացնելու իրավունք: Ի գիտություն մարզպետների, նշեմ, որ «կտրուկ գործողությունների» կամ համայնքի ղեկավարներին «հորդորելու կամ քննադատելու» փոխարեն, օրենքը նրանց պարտադրում է համայնքի սեփական եւ պատվիրակված լիազորությունների նկատմամբ իրականացնել համապատասխանաբար՝ իրավական եւ վարչական վերահսկողություն: Իրականացվող վերահսկողությունը պետք է նպաստի նախ՝ օրինականության ապահովմանը, ապա օրինախախտներին օրենքով սահմանված կարգով դատապարտմանը: Այս ամենից բխում է, որ մարզպետները պարտավոր են իրականացնել համայնքների գործունեության վերահսկողություն եւ օրենքի՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը ներկայացնել իրավապահ մարմիններին: Միայն դատարանի վճռից հետո կարելի է խոսել համայնքների լավ կամ վատ աշխատանքի մասին, հակառակ դեպքում՝ մարզպետների ելույթները նվազագույնը անլուրջ են:
Հիմա պարզենք, թե քանի մարզպետ եւ քանի անգամ է դիմել իրավապահ մարմիններ՝ համայնքների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ եւ քանիսն են դատարանի վճռով օրինախախտ ճանաչվել ու դատապարտվել: Կպարզվի, որ այդպիսի դեպքեր չկան կամ շատ քիչ են: Սրանից հետեւում է, որ կամ համայնքների գերակշիռ մասը օրենքով սահմանված կարգով են իրականացնում իրենց լիազորությունները եւ մարզպետների դժգոհությունները անհիմն են, կամ վերահսկողության արդյունքները մարզպետները շահադիտական նպատակներով թաքցնում են, ինչը օրենքով պատժելի արարք է, կամ էլ նրանք իրենց վերահսկողություն իրականացնելու պարտականությունը չեն իրականացնում, ինչը մարզպետին եւս դարձնում է կոպիտ օրինախախտ:
4. Մարզպետներից շատերը մոռացել են, որ մինչեւ 2002 թ. հողի ու գույքի հարկերը հավաքագրում էին պետական հարկային մարմինները եւ յոթ տարվա ընթացքում այդ լիազորությունը, օրենքի պահանջներին հակառակ, դեռ ամբողջովին համայնքներին փոխանցված չեն: Ակնհայտ է նաեւ, որ համայնքները այդ հարկատեսակների հավաքագրումը իրականացնում են շատ ավելի արդյունավետ, քան պետական մարմինները, որոնց բաղկացուցիչ մասն են կազմում նաեւ մարզպետարանները: Մասնավորապես, հողի եւ գույքի հարկերի 2008 թ. հավաքագրումը 2002 թ. նկատմամբ աճել են համապատասխանաբար 1504-ից 3276 եւ 3062-ից 7468 մլն դրամ՝ ավելի քան երկու անգամ:
Պատկերը կամբողջանա, եթե հաշվի առնենք, որ մինչեւ 2002 թ. պետական հարկային բոլոր ծառայություններում գոյություն ունեին հողի հարկի եւ գույքահարկի առանձին բաժիններ: Այդ ծառայությունները պետության կողմից լրջորեն ֆինանսավորվում էին, իսկ այդ լիազորությունը համայնքներին փոխանցելուց հետո պետությունը չի ծախսել ոչ մի լումա:
5. Եվս մի կարեւոր փաստ. համայնքների վարչական սահմաններում է գտնվում Հայաստանի տարածքի մոտ 60 տոկոսը, իսկ մնացած շուրջ 40 տոկոսը գտնվում է մարզպետարանների կառավարման ներքո: Մարզպետարանների կառավարման ներքո գտնվող տարածքների այս պահին հողի հարկի մուտքերը պետական բյուջե՝ կազմում է մոտ 100 մլն դրամ: Եթե համեմատենք մարզպետների կողմից հողի հարկի հավաքագրումը համայնքների տարածքներից հավաքագրվող հողի հարկի հետ, ապա կստացվի, որ համայնքի ղեկավարները մարզպետներից 22 անգամ ավելի արդյունավետ են գործում: Այնպես որ, կարծում եմ, ճիշտ կլինի մարզպետները ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ իրենց աչքի գերանը նկատեն եւ նախ իրենք իրենց «հորդորեն կամ քննադատեն»:
6. Բացի այս ամենը, եթե մարզպետի սիրտը իսկապես ցավում է համայնքային բյուջեների եկամուտների համար, ապա շատ հանգիստ կարող էր իմանալ, թե ովքեր են գույքահարկի եւ հողի հարկի խոշոր չվճարողները: Կպարզվեր, որ դրանք հիմնականում տասնյակ հարյուրավոր հեկտարներ հողի, խոշորածավալ գույքի եւ տասնյակ «Ջիպ»-երի տեր հարկատուներն են, որոնց մեծ մասը կամ մեր մարզպետների պետական պաշտոնյա կոլեգաներն են, կամ օլիգարխները, կամ էլ նրանց խնամի-բարեկամները: Կասկածելի է, որ այդ հարկատուներից մեր մարզպետները կարող են օրենքով սահմանված հողի եւ գույքի հարկերը ստանալ:
7. Ինչ վերաբերում է դոտացիաների հատկացմանը, ապա դրանց հատկացումը համայնքներին կապ չունի եկամուտների հավաքագրման հետ, դրանք հատկացվում են օրենքով սահմանված բանաձեւով եւ ոչ միայն մարզպետը, այլ նաեւ ցանկացած բարձրաստիճան պետական պաշտոնյա որեւէ օրինական ազդեցություն դրանց չափերի վրա՝ չունի եւ չի էլ կարող ունենալ: Բացի դրանից, դոտացիաները չեն տրվում համայնքի ղեկավարին, այլ հատկացվում են համայնքի բնակչության կենսապահովման խնդիրները լուծելու համար, իսկ համայնքի հանցանք կատարող ղեկավարներին անհրաժեշտ է դատարանի վճռով դատապարտել կամ պաշտոնից ազատել:
Մարզպետի երկրորդ դժգոհությունը հետեւ յալն է. մարզպետարանի «ամբողջ օրը համակարգչով խաղեր խաղացող բոլոր» աշխատակիցների «հսկայական մեծ բանակը» «օրվա մեծ մասը չպետք է անցկացնի» մարզպետարանում, որտեղ «այդքան նստելու բան չկա» եւ «փետրվարի 1-ից պետք է գնա համայնքներում աշխատի»:
1. Հայաստանում մարզպետարանների հիմնադրումը հետապնդում էր բարի նպատակներ, սակայն ցանկացած հանրային կառավարման մարմին, եթե չի ունենում լիարժեք ծավալի լիազորություններ եւ բյուջե, ի վերջո՝ մատնվելու է անգործության եւ վարկաբեկվելու է: Լոռու մարզպետը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի, որ անզգուշորեն «խոստովանում» է՝ մարզպետարանում առկա է անգործության մատնված աշխատակիցների հսկայական բանակ: Լիովին համաձայն եմ մարզպետի հետ, բոլոր մարզպետարաններում կան հարյուրավոր անգործ աշխատակիցներ, որոնց թիվը վերջին տարիներին մշտապես եւ անիմաստ աճել է եւ կան դրանց թիվը էլ ավելի մեծացնելու ծրագրեր: Սա ոչ այլ ինչ է, քան հարկատուների միջոցների անիմաստ վատնում:
2. Եթե մարզպետարանի աշխատակիցները իրենց աշխատավայրում անելիք չունեն եւ ամեն օր պետք է անօրինականորեն աշխատեն համայնքներում, ապա գուցե նրանց կրճատենք մարզպետարաններից եւ անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխենք համայնքային աշխատակազմեր: Իրականում մարզպետարաններն իրենց «գառ ուտող» աշխատակիցների «մեծ բանակով» վերածվել են տեղական ինքնակառավարման զարգացմանը խանգարող կառույցների:
3. Իսկ եթե մարզպետը նկատի ունի մարզպետարանի կողմից համայնքների նկատմամբ վերահսկողության իրականացման գործառույթը, ապա այն չի կարող լինել ամենօրյա: Այդ գործառույթն արդյունավետ իրականացնելու համար, բավարար կլինի փոքրիկ բաժին: Իրականում մարզպետարանները, համայնքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, այլ լուրջ գործառույթներ չունեն կամ էլ դրանք այնպիսին են, որ շատ հանգիստ կարող են իրականացվել համապատասխան նախարարությունների կողմից: Այս պարագայում, եթե մի գեղեցիկ օր մարզպետարանները փակվեն, ապա ոչ պետական կառավարումը եւ առավել եւս ոչ էլ ժողովուրդը չեն զգա մարզպետարանի կողմից մատուցվող որեւէ ծառայության պակասը: Ընդհակառակը, կխնայվեն հարկատուների խոշոր միջոցներ, իսկ ժողովուրդը պարզապես քեֆ ու ուրախություն կանի:
Առանձնահատուկ ուզում եմ ավելացնել, որ Տիգրան Սարգսյանը վերջին 10-12 տարիների վարչապետներից միակն է, ում կարծիքով պետական պաշտոնյան պետք է լինի գրագետ, բանիմաց ու արհեստավարժ: Լիովին համամիտ լինելով դրա հետ, սպասում եմ, թե երբ են խոսքն ու գործը համապատասխանելու միմյանց: