Թումանյանի երազանքը կիրականացվի, բայց նրա՝ վթարային վիճակում հայտնված տունն արդեն վաճառված է
Մինչ հայկական մամուլը քննարկում էր Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը վաճառելու հարցը, ու որոշ մարդիկ արդեն վաճառված տունը գնելու ցանկություն էին հայտնում, Թբիլիսիի հայկական պանթեոնում, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շիրիմի մոտ Վրաստանի հայ դեսպանության, Վիրահայոց թեմի եւ «Կամուրջ» հ/կ-ի համատեղ նախաձեռնությամբ նշվել է բանաստեղծի 140-ամյակը: Ինչպես Թումանյանի տունը, Թումանյանն ինքն էլ չի արժանացել Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների ուշադրությանը՝ միջոցառմանը որեւէ պաշտոնյա ներկա չի եղել, բացառությամբ, թերեւս, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիրվանյանի, ով էլ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնելու է Թումանյանի երազանքը. Թումանյանը ցանկացել է, որ մի օր Թբիլիսիում տեղադրվի Սայաթ-Նովայի հուշարձանը, այս տարի արձանը տեղադրվելու է:
Ասում են՝ հսկայական է Կովկասի ժողովուրդների բարեկամության գործում Թումանյանի դերը, անսահման է նրա բարեսիրությունը: Իսկ թե ինչու է Թումանյանի նկատմամբ այսքան անբարի ու անբարեսիրական վերաբերմունք դրսեւորվում՝ ոչ ոք չի ասում:
Թումանյանի «Վերնատան» ներկայիս ղեկավար Ժորա Սնխչյանը Թումանյանի շիրիմի մոտ ասել է, թե բանաստեղծի «Վերնատան» շենքի մի մասը վաճառելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Այսօր ես կարող եմ ասել, որ այդ թյուր տեսակետներն ու կարծիքները ոչնչով չեն կարող նսեմացնել այն անձին, որն իրոք իր ժամանակին կարողացավ կամրջել ոչ միայն գրականություններ, այլեւ ժողովուրդներ: Այն տունը, որ այսօր վերագրում են վերնատանը, այդ տունը երբեք վերնատուն չի եղել, որովհետեւ Թումանյանը այդ բնակարան է տեղափոխվել ապրելու այն ժամանակ, երբ արդեն «Վերնատունը» չկար, կար «Հայարտուն», որի նախագահը եւս Հովհաննես Թումանյանն էր»: Բայց ամեն դեպքում Ժորա Սնխչյանը առաջարկում է նկատի ունենալ, որ սա եւս մասունք է, եւ ամեն ջանք պետք է թափել Թումանյանի գրադարանը, նրա ապրած տունը հայ համայնքին վերադարձնելու համար: Իսկ «Վերնատան» մասին Ժորա Սնխչյանը իր բացառիկ կարծիքն ունի. «Այսօրվա «Վերնատունը» երկու անգամ ավելի մեծ է, քան Թումանյանի «Վերնատունը»: Այսօրվա «Վերնատան» մեջ 100-ից ավելի գործուն անդամներ կան»: Փաստորեն, այսօրվա 100-ի մեջ, ըստ Սնխչյանի, կան ավելի մեծեր, քան Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Կոմիտասը, Ղազարոս Աղայանը, Լեոն, Շանթը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Ամահլեբիս փողոցում գտնվող թիվ 18 տանն է իր կյանքի վերջին 14 տարիները անցկացրել հանճարեղ լոռեցին: Այստեղ առայժմ միայնակ ապրում է նրա ծոռնուհին՝ Ալյոնա Կոլեսնիկովան: Ինչպես փաստեց բանաստեղծի ծոռնուհին, երկու ամիս առաջ Թբիլիսիի քաղաքապետարանը պարտքի դիմաց վաճառել է շենքը, որը վթարային վիճակում էր, ինչը փաստում է բանաստեղծի նկատմամբ ինչպես Վրաստանի, այնպես էլ ՀՀ իշխանությունների անտարբերությունը: