Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է

Փետրվար 25,2009 00:00

\"\"Բայց եթե Ադրբեջանը չուզի, դժվար թե բան ստացվի

Դեռեւս 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի շուրթերով հայտարարել է, որ նպատակահարմար է Մերձբալթիկայի կամ բալկանյան երկրների օրինակով ԵԽ հովանու ներքո ստեղծել Հարավային Կովկասի երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների մշտական գործող ֆորում: Հայաստանի այս նախաձեռնության մասին Կոնգրեսի ձմեռային նստաշրջանի ժամանակ՝ 2008-ի դեկտեմբերին հիշեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Մեզ հետ զրույցում Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ Հարավային Կովկասի երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների մշտական գործող ֆորում ստեղծելու՝ Հայաստանի առաջին առաջարկը չընկալվեց, որովհետեւ 2004-ին տարածաշրջանում բարդ իրավիճակ էր: Բայց վերջին տարիներին ե՛ւ Եվրամիությունում, ե՛ւ Եվրոպայի խորհրդում մեծ կարեւորություն եւ նշանակություն է տրվում տարածաշրջանային երկխոսությանը, անդրսահմանային համագործակցությանը: «Հայաստանը նպատակահարմար համարեց նորից թարմացնել այս գաղափարը: Առավել եւս, որ հիմա անդրսահմանային համագործակցության ծրագրեր կան, այդ թվում՝ Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ բնակավայրերի համար: Սա արվում է նաեւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար»,- հայտարարեց Արմեն Գեւորգյանը:

Ըստ մեր զրուցակցի, ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի ղեկավարությունը ոգեւորությամբ է ընդունել Հայաստանի առաջարկը, բայց շատ բան մեզանից կախված չէ, պետք է սպասենք արձագանքների: Վրաստանի պարագայում խնդիր չկա եւ դեռ ավելին՝ հայ-վրացական անդրսահմանային համագործակցության իրական նախադրյալներ կան (այս մասին «Առավոտը» գրել է ընթացիկ տարվա հունվարի 16-ի համարում): Իսկ Ադրբեջանից արձագանք դեռ չկա: «Ես կարծում եմ, որ մենք հետ չենք ընկնում, առաջիկա երկու-երեք ամիսներին Կոնգրեսի ղեկավարությունը ժամանելու է Հայաստան եւ այդ հարցը նորից քննարկելու ենք»,- հայտարարեց Արմեն Գեւորգյանը:

Հայաստանը առաջարկում է ստեղծել Հարավային Կովկասի ֆորում, բայց չի առաջարկում ձեւավորել փակ միավոր, երկխոսությունը բաց է լինելու եւ ցանկության դեպքում յուրաքանչյուր երկիր կարող է միանալ ֆորումին:

Բացի ԵԽ հովանու ներքո Հարավային Կովկասի երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների մշտական գործող ֆորում ստեղծելու առաջարկը երկու անգամ բարձրաձայնելուց՝ Հայաստանը նաեւ ուսումնասիրել է գործող նման ձեւաչափերի փորձը: Բայց ամեն դեպքում, եթե որեւէ երկրի մեղքով՝ որեւէ երկրի չկամության պարագայում այս ձեւաչափը չկայանա, Հայաստանը կփորձի երկկողմ հարաբերություններով իրականացնել ծրագրերը, հայտարարեց Արմեն Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել