Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանը մերժեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իշխանությանը դիմադրության ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանների՝ դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը: Գ. Ջհանգիրյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ իր նկատմամբ կատարած ապօրինությունների համար մեղավորներն անձնական պատասխանատվություն են կրելու եւ մի կոչ հղեց դատավորին եւ դատախազին՝ սպասվող զատկին ընդառաջ. «Զատվեք անաստվածությունից»: Պաշտպանական կողմն էլ նկատեց, որ դատավորը միջնորդությունը մերժելիս ամբողջությամբ չի ծանոթացել դրան եւ չի ընդունել, որ, օրինակ, Տիգրան Աղվանյանի պատռված հագուստը (որը, իբր, Գ. Ջհանգիրյանն էր պատռել) 3 օր անհայտ տեղում է եղել եւ չի համարել որպես անթույլատրելի ապացույց: Պաշտպանները նաեւ միջնորդեցին դատավորին դիմել դատախազությանը՝ քրգործ հարուցելու, պարզել այն անձանց շրջանակը, ովքեր Գ. Ջհանգիրյանին ապօրինի բերման են ենթարկել, ապօրինաբար պահել են անազատության մեջ: Մերժվեց այդ միջնորդությունը եւս:
Մեղադրող Կորյուն Փիլոյանն առաջարկեց 4 տարվա ազատազրկում նախկին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի համար: