Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՔԱՄՈՒՆ

Փետրվար 25,2009 00:00

Սարդարապատի հուշահամալիրը պատրաստ չի եղել հանդիսությանը

Անցյալ տարվա մայիսի 26-ին Սարդարապատի հուշահամալիրում բեմահարթակը շրջվեց եւ մահացավ Երեւանի թիվ 97 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, ծնողների միակ երեխա Լուսինե Հակոբյանը: Նա երազում էր պարուհի դառնալ, «Ծիծեռնակ» պարային համույթի սաներից էր: Հայաստանն այդ ժամանակ պատրաստվում էր Սարդարապատի հերոսամարտի 90-րդ տարեդարձին:

«Մեր կորուստն անդառնալի է, մեր կյանքը դարձել է աննպատակ: Երեխային մեծացրել ենք բավականին ծանր վիճակում, ոչինչ չենք խնայել նրան ուսման տալու հարցում, հպարտանում էինք նրա ձեռք բերած հաջողություններով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասացին երեխայի ծնողները՝ Անդրանիկ Հակոբյանն ու Սաթինե Գեւորգյանը: Վերջիններիս վիրավորել է պետական անտարբերությունը: Դեպքի օրը մարմնական վնասվածքներ էին ստացել այլ երեխաներ էլ՝ Հայկուհի Աղաջանյանը, Արտակ Կիրակոսյանը, Հասմիկ Խամբեկյանը, Լիլիթ Մարկոսյանը: Նրանք Լուսինեի հետ տեղափոխվել էին Արմավիրի հիվանդանոց, ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ տոնակատարության կազմակերպումը հանձնարարված է եղել Հայաստանի պետական ֆիլհարմոնիային: Վերջինս պայմանագիր էր կնքել տեխնիկական մասն ապահովող «Արմեն Հարությունյան» ձեռնարկության հետ: Ձեռնարկությունը «Փրոդիջի» ՍՊԸ-ից պատվիրել է չինական ալյումինե կոնստրուկցիաներ (2006թ. հունիսին է բերվել Չինաստանից)՝ կնքելով պայմանագիր: Նախաքննությունն ընթացել է փորձի ժամանակ բարձրացած ու բեմահարթակը շրջած «անսպասելի ու կարճաժամկետ, 25 մ/վրկ. ուժգնությամբ քամու» վարկածի վրա: Այլ հնարավոր վարկածներ առաջ չեն քաշվել: Ըստ շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության (2008թ. հուլիսի 23-ի)՝ «կոնստրուկցիայի շրջվելն անխուսափելի էր»: Իսկ եթե քամին ոչ թե միջոցառումից 2 օր առաջ հայտնվեր ու շրջեր այն հարթակը, որի վրա կարող էին լինել հանրապետության նախագահն ու մշակույթի նախարարը, այլ հենց նույն օ՞րը: Այդ ժամանա՞կ ինչպես կվարվեին: Քրեական գործ չի հարուցվել եւ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել տեխնիկական շահագործման հետ կապված: Պարզ չի եղել, ի վերջո, բեմահարթակը այդ օրը պատրա՞ստ էր փորձին, եթե պատրաստ չէր քամուն: Եթե պատրաստ չէր, ապա ինչո՞ւ են երեխաներին թույլատրել փորձ անել:

Ըստ Լուսինեի ծնողների՝ քամին սկսվել է ժամը 18-ի սահմաններում, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել 21-ին մոտ: Այսինքն՝ քամու սկսվելուց հետո «կազմակերպիչները կարող էին ավելի աչալուրջ լինել, կանխատեսել հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը»: Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ռ. Դանիելյանն, առարկելով Լուսինեի ծնողների բողոքին, գտել է. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են, եւ վկայում են, որ տեղի ունեցած դժբախտ պատահարի հարցում մեղավոր անձ չկա, եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական է»:

Երեխայի ծնողները դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով կարճման որոշումը. «Խնդրում ենք պաշտպանության տակ առնել մեզ՝ Լուսինե Հակոբյանի ծնողներիս, քանի որ մեր դստերը պետությունը չկարողացավ պաշտպանել»: Դատարանը «պաշտպանել» է «քամու իրավունքները» եւ մերժել է ծնողներին: Երեկ նրանք ասացին, որ չեն կարող վերաքննիչ դատարան դիմել, քանի որ նյութական հնարավորություններ չունեն: Ի դեպ, ՀՀ նախագահի աշխատակազմը $1000 գումար է տրամադրել՝ երեխայի թաղման ծախսերը հոգալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել