Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուտում եմ այն՝ ինչ շներս ու կատուներս»

Փետրվար 25,2009 00:00

\"\"Մարդիկ «բոբո» Վարդանից վախենում են, անգամ քարերով հարվածում են ու վռնդում

«Ապրում եմ շների ու կատուների հետ, նրանք են իմ միակ բարեկամները, որտեղ մթնում է՝ այնտեղ քնում եմ: Մի օր՝ այգում, մի ուրիշ օր՝ փողոցում: Տարվա տարբեր եղանակներին տարբեր տեղ եմ ապրում: Ուտում եմ այն՝ ինչ շներս ու կատուներս, ուտելիքը բոլորիս էլ բավականացնում է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց արդեն քանի տարի փողոցում բնակվող «բոմժ» Վարդանը: Նա ո՛չ ընկեր ունի, ո՛չ հարազատ: Մարդկանց հետ էլ չի շփվում, քանի որ չի վստահում: Նրա խոսքերով, շատերն էլ իրենից զզվում են, իսկ երեխաները նրա կեղտոտ ու գզգզված տեսքի համար «բոբո» Վարդան են անվանում. «Կարծում են, թե հրեշ եմ, շատ ժամանակ քարերով խփում են, բայց ես ավելի շատ զայրանում եմ, երբ շներիս են նեղացնում: Լավ մարդիկ էլ են հանդիպում, ուտելիք կամ փող են տալիս, բայց դա հազվադեպ է պատահում, ինչ էլ լինի՝ ես իմ ուտելիքը գտնում եմ, չնայած դրա համար անգամ ծեծվում եմ»,- ասաց Վարդանը:

«Բոբո» Վարդանն իր անցյալից ոչինչ չի ուզում մտաբերել, միայն հիշում է, որ մոր մահից հետո է իր կյանքում ամեն ինչ գլխիվայր շուռ եկել, ինչի հետեւանքով էլ նա հայտնվել է փողոցում. «Երբ մաման ողջ էր, միասին ավելի հեշտ էինք ուտելիք ճարում, մաման փողոցներն էր ավլում ու այգիներում ծաղիկներ խնամում, ես էլ օգնում էի նրան: Հետո հիվանդացավ, դեղերի համար փող չունեինք եւ ստիպված տունը ծախեցինք, բայց մի քանի օրից մաման մահացավ, ու ես անտեր ու անտուն մնացի, չէի մտածում, որ ինձ ոչ ոք չի օգնի: Վաճառված տան փողը մորս բարեկամները վերցրին, ես էլ այսպես մնացի փողոցներում»: Վարդանի պատմելով, տարածքային ոստիկաններն իրեն անընդհատ վռնդում են տվյալ տարածքից. «Ոստիկանները չեն թողնում, որ այգում քնեմ, ասում են՝ մարդկանց հանգիստը խանգարում եմ, լինում են օրեր, երբ շատ տխուր եմ լինում ու սկսում եմ այգիներում երգել, բայց ոչ մեկին չեմ նեղացնում: Մորս եմ հիշում, այն ժամանակ երջանիկ էի, միայնակ չէի, չնայած լավ չէինք ապրում, բայց հիմա ե՛ւ միայնակ եմ, ե՛ւ ավելի վատ եմ ապրում: Այն ժամանակ գոնե ուտելիքը աղբանոցներում չէի փնտրում»:

Վարդանն իր բախտակիցներին թշնամի է համարում, որովհետեւ նրանք հաճախ են իր հայթայթած ուտելիքը գողանում. մի կտոր չոր հացի համար անգամ մեծ կռիվ ու ծեծկռտուք է լինում: «Ով շուտ գտնում է՝ նա էլ տերն է: Շատ է եղել, որ իմ գտածը ուրիշն է գողացել, բայց ես դա չեմ հանդուրժում, պայքարում եմ ու հետ վերցնում, ամենքս էլ մեր սահմանն ունենք ու ոչ ոք իրավունք չունի այն խախտելու: Ձմռանը շատ դժվար է. ե՛ւ ուտելիքն է քիչ, ե՛ւ շատ եմ մրսում, ու շատ ժամանակ գիշերները չեմ կարողանում քնել, հագուստն էլ չի բավականացնում, ստիպված գողանում եմ: Արդեն սովորել եմ այս պայմաններին եւ ինձ համար խորթ են տաք կերակուրն ու փափուկ անկողինը, բայց չեմ ուզում ամբողջ կյանքս «բոբո» լինել ու մի կտոր չոր հացի համար կռիվ տալ»,- ասում է Վարդանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել