Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008 թ. սոցիալ-տնտեսական գործունեության եւ 2009 թ. քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանն առաջին հերթին խոսել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքից: Նշելով, որ օրենքի ընդունումից հետո շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը երեք ամսում, փոխվելու են մայրաքաղաքի կառավարման տրամաբանությունը, սկզբունքներն ու մեթոդները, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ ընթացքում ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ այսօր գործող թաղապետարանների գործունեության հանդեպ իր պահանջները կրկնապատկվելու են: «Մենք եւ դուք միասին պետք է կարողանանք հավուր պատշաճի իրականացնել մեր գործառույթները, միեւնույն ժամանակ՝ սահուն անցում ապահովելով կառավարման նոր ձեւին»: Ըստ նախագահի, սա, ակնհայտորեն, հավելյալ ջանքեր է պահանջում, քանի որ այս ընթացքում Երեւանի բնականոն գործունեությունը մեկ վայրկյան անգամ չպետք է խաթարվի: «Մի կողմից անհրաժեշտ է լինելու ապահովել քաղաքի բնականոն գործունեությունը, մյուս կողմից՝ աշխատանքներ տանել շարունակականության ապահովման համար,- ընդգծել է նա եւ հավելել,- ես արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պետական կառույցներն ու պաշտոնյաները պարտավոր են օժանդակել գործարարներին, աջակցել ցանկացած գործարար նախաձեռնության: Աջակցել ասելով՝ ես հասկանում եմ մի կողմից՝ օժանդակել, եւ, ինչու չէ, նաեւ՝ չխոչընդոտել, որ գուցե ամենակարեւորն է, մյուս կողմից՝ հետեւել տրված պարտավորությունների կատարմանը: Այս առումով, հաշվի առնելով քաղաքապետարանի եւ թաղապետարանների առանձնահատկությունները, ճիշտ կլինի ուշադրությունը սեւեռել պետական գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատողների կողմից իրականացվող ծրագրերին եւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սա շատ էական հանգամանք է»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Խորհրդակցությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նախագահը դրական է գնահատել քաղաքապետարանի ոչ միայն 2008 թվականի, այլ նաեւ նախկին տարիների կատարած աշխատանքները: Նախագահը նաեւ համայնքների, քաղաքային իշխանությունների, պատկան նախարարությունների ուշադրությունը հրավիրել է մայրաքաղաքի համար կարեւորագույն խնդիրների վրա, տրվել են հանձնարարականներ: «Դա ճանապարհաշինական ծրագրերի շարունակական բնույթն է՝ հաշվի առնելով Երեւանում տրանսպորտային երթեւեկության վիճակը: Հարց դրվեց նաեւ բնապահպանական խնդիրների մասով, մասնավորաբար՝ Երեւանում կանաչ տարածքների պահպանման եւ դրանց ծավալների մեծացման: Նախագահին տեղեկացրինք, որ 2009-ին նախատեսվում է եւս 125 հեկտար ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացում: Հատուկ անդրադարձ է կատարվել սանմաքրման եւ աղբահանության հարցերին: Ըստ նախնական համաձայնության, հուլիսին նախատեսված է վերամշակող գործարան կառուցող կազմակերպության համար մրցույթ: Օգոստոսին արդեն պարզ կլինի աղբահանությամբ եւ վերամշակմամբ զբաղվող կազմակերպության անունը: Հանձնարարականներ են տրվել նաեւ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման եւ շահագործման մասով՝ տանիքների, շքամուտքերի, ջրատարների, կոյուղագծերի, էլեկտրական հաղորդագծերի վերանորոգման: Քանի որ այդ շենքերը հանրային սեփականություն են, պետությունը մասնակի մասնակցություն կունենա այս գործում: Մանրամասն ծրագրերը կմշակվեն առաջիկայում»,- տեղեկացրեց Երվանդ Զախարյանը:
Նախագահին ներկայացնելով 2008-ին կատարված աշխատանքները, քաղաքապետը մասնավորաբար նշել է, որ ընդհանուր առմամբ կատարվել է 172, 1 միլիարդ դրամի աշխատանք: Կատարված բոլոր ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջությամբ: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհաշինության բնագավառում, ոռոգման, լուսավորության համակարգերի վերականգնման, 2 նոր շենք է հանձնվել շահագործման՝ 4-րդ կարգի վթարայինների բնակիչներին ապահովելու համար, 3-րդ կարգի վթարային 10 շենքերի ամրացման աշխատանքներ են իրականացվել, 202 դպրոցներից 156-ում վերականգնվել են ջեռուցման համակարգերը, 169 մանկապարտեզներից 40-ն ապահովվել է սեփական ջեռուցման համակարգով, վերականգնվել է վերելակային տնտեսության 50 տոկոսից ավելին՝ 2464-ը, ներկրվել է 115 ավտոբուս եւ 18 տրոլեյբուս, մոտ երկու միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվել Մետրոպոլիտենում: Ի դեպ, երեկվանից Մետրոպոլիտենում արդեն գործում էր ուղեվարձի գանձման ավտոմատ համակարգը: Շարունակվելու են նաեւ երեւանցիների սեփականության իրավունքների վերականգնման աշխատանքները: Ներկայումս վերականգնված է 2990 ընտանիքների իրավունքը՝ օգտագործվող գույքի եւ հողատարածքի նկատմամբ: Նախագահը հանձնարարել է առաջիկա երկու տարիների ընթացքում այս ոլորտում աշխատանքներն ավարտին հասցնել: Ըստ գրանցված տվյալների, նման ընտանիքները շուրջ 12 հազար են, սակայն, ըստ քաղաքապետի, իրականում նրանց թիվը հասնում է 20 հազարի: