Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարմնավաճառները ջահելների գլխին սարքում են

Փետրվար 25,2009 00:00

Պարեկային ոստիկանության աշխատակիցները «քաղմաս» են տանում ոչ թե մարմնավաճառներին, այլ նրանց ծառայություններից օգտվող երիտասարդներին:

Մայրաքաղաքի «Ռոսիա» տոնավաճառի հարեւանությամբ, Ագաթանգեղոսի փողոցում, որտեղ սովորաբար մարմնավաճառներ են հավաքվում, նախօրեի երեկոյան իրարանցում էր: Բանն այն է, որ մայրաքաղաքի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները տեղում բռնացրել էին 18-20 տարեկան մի քանի երիտասարդների, որոնք մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար եկել էին այդտեղ: Մոտ կես ժամ ոստիկանները երիտասարդների հետ զրուցում էին, թերեւս նրանց օրենքի տեսանկյունից բացատրելով, թե ինչ վատ բան է մարմնավաճառների բիզնեսին նպաստելը: Բացատրական աշխատանքներից հետո, «հանցանքի» վայրում բռնված 2 երիտասարդների, այնուամենայնիվ, չհաջողվեց արդարանալ, ասենք՝ պնդել, որ իրենք պատահաբար էին անցնում մարմնավաճառների կողքով, կամ որ դուրս էին եկել զբոսնելու եւ զուտ հետաքրքրության համար որոշել են մոտենալ կանանց: Գործի հանգամանքներն ավելի լավ պարզելու համար, պարեկային ոստիկանության աշխատակիցները, թերեւս «քաղմաս» տանելու համար, նրանց նստեցրին իրենց մեքենաները: Երբ մենք փորձում էինք լուսանկարել միջադեպը, մեզ մոտեցան հարակից խանութների տերերը եւ տեղեկանալով, որ «Առավոտ» թերթից ենք, պատմեցին, որ այն, ինչին մենք ականատես ենք, կրկնվում է գրեթե ամեն օր: Նրանց խոսքերով, ամեն օր երեկոյան ժամը 9-ից հետո այդ վայրում հավաքվում են մոտ 10-15 մարմնավաճառներ եւ սկսում են առաջարկվող բազմաբնույթ ծառայությունների եւ դրանց գների վերաբերյալ բարձրաձայն սակարկել իրենց «ցանցն» ընկած տղամարդկանց հետ: Խանութներից մեկի աշխատակցի ներկայացմամբ, մարմնավաճառները պայքարում են յուրաքանչյուր տղամարդու համար. «Եթե մեկը համաձայնում է, ասենք, 20 դոլարով, մեկ ուրիշն անմիջապես մեջ է ընկնում ու ավելի ցածր գին առաջարկում»: Սակայն պարզվում է, սա դեռ ամենը չէ, մարմնավաճառը, որի գինը գցելով՝ գործը ձեռքից խլել են, այնպիսի «սկանդալ» է սարքում, որ այն անպայման վերջանում է ծեծկռտուքով:

Խանութի աշխատակիցներից մեկի պատմելով էլ. «Չգիտես ինչպես է ստացվում, որ ամեն անգամ, երբ ոստիկանությունը գալիս է, մարմնավաճառները հասցնում են փախչել ու 17-18 տարեկան խեղճ տղերքը ընկնում են կրակի մեջ: Էդ երեխեքին բաժին տանելու փոխարեն՝ թող մարմնավաճառների հարցը լուծեն: Ես մտածում եմ, որ աղջիկները միլիցիաներին գործ են տալիս: Թե չէ ամեն անգամ ո՞նց են հասցնում վայրկենական փախչել ու էնպես թաքնվել, որ ոչ մեկին չեն գտնում: Թող պայքարեն մարմնավաճառների, ոչ թե նրանց մոտ գնացողների դեմ»: Ագաթանգեղոսի փողոցում գտնվող կրպակատերերից մեկն էլ մեզ դժգոհեց, որ երեկոյան ժամերին որեւէ մի տղամարդ իրեն թույլ չի տա կնոջ կամ սիրած աղջկա հետ անցնել այդ փողոցով, քանի որ մարմնավաճառները այնպիսի բառերով են միմյանց հետ խոսում, որ ինքը, տղամարդ լինելով, ամոթից կարմրում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել