Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքները ձեւական բնույթի են եղել

Փետրվար 25,2009 00:00

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մնում է այդ կարծիքին

«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը եւս մասնակցում էր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Քրեական օրենսգրքի 225 եւ 330 հոդվածներում որոշակի փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված խմբի աշխատանքներին, սակայն հանձնաժողովի որեւէ առաջարկ չի ներառվել աշխատանքային խմբի ներկայացրած նախագծում: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը աշխատանքային խմբի կատարած աշխատանքն ավելի վաղ որակել էր որպես «ձեւական»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է հիմք տվել պատգամավորին՝ նման խիստ գնահատական տալու խմբի աշխատանքներին: Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում չհրաժարվեց իր գնահատականից. «Ես դա ասել եմ աշխատանքային խմբի փակ նիստի ժամանակ, ես ելել եմ այն հիմնական դիտարկումներից, որ ինչպես ես, այնպես էլ «Մարտի 1»-ի հանձնաժողովի այլ անդամներ, ներկայացնում էինք առաջարկություններ, բայց անընդհատ հանդիպում էինք պատային իրավիճակի: Այսինքն՝ ներկայացվում է մի ձեւակերպում, իսկ խմբի ղեկավարը եւ անդամները պատրաստ չեն վերանայել իրենց ձեւակերպումները: Վստահ եմ, որ ժողովրդավարական հասարակարգ ձեւավորելու առումով պետք է այնպիսի ձեւակերպումներ տալ, որ հնարավոր լինի թե՛ մարդկանց ազատ կարծիքն արտահայտելու եւ թե՛ հասարակական-պետական անվտանգության պաշտպանության մեխանիզմներ հավասարակշռելու եւ արդյունավետ լուծումներ տալու»:

Մեր հարցին՝ ստացվում է, որ, ըստ պատգամավորի՝ աշխատանքային խմբի կողմից առաջարկված փոփոխությունները դրան չե՞ն տանելու, Արծվիկ Մինասյանը այսպես պատասխանեց. «Իմ մտահոգությունն այն է, որ իրավական անորոշությունը շարունակում է մնալ չափազանց բարձր աստիճանի, առկա է հանցավորության դեմ պայքարի ոչ համարժեք պատժաչափերի մեխանիզմ»: Որպես օրինակ, պատգամավորը նշեց հետեւյալը. «Իշխանության զավթում» կամ «Իշխանության պահպանում» երկու հոդվածներում էլ ունենք 10-15 տարվա ազատազրկման պատժաչափեր, մինչդեռ քրեական իրավունքում ամրագրված է կարեւոր սկզբունք, այն է՝ սովորական քաղաքացիները, որոնք չունեն իշխանական լիազորություններ, պետք է ավելի նվազ պատասխանատվության ենթարկվեն, քան իշխանության լիազորություններով օժտված անձինք, այսինքն՝ պաշտոնատար անձինք: Սրանք ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն: Նախ, աշխատանքային խմբի ձեւակերպումներից բացարձակապես չի երեւում, որ այդ տարբերակումը դրված է: Երկրորդ, կա անհամարժեքություն նոր ներկայացված պատժաչափերի եւ օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված պատժաչափերի միջեւ: Մեկ օրինակ բերեմ. եթե ահաբեկչության համար անձը դատապարտվում է, եթե չեմ սխալվում՝ 8-15 տարի ժամկետով, իշխանության զավթում հոդվածով, թեկուզ այն ահաբեկչական տարրեր չի պարունակում իր մեջ, պատժվում է 10-15 տարվա ազատազրկման: Ստացվում է, որ անձը, եթե իր գործողությունը եւ նպատակը չի ուղեկցել ահաբեկչությամբ, դիվերսիայով, վնասարարությամբ կամ այլ հանրային անվտանգության վտանգավորություն ներառնող հանցագործություններով, նույն չափով է պատասխանատվություն կրում, ինչ՝ նման վարքագիծ դրսեւորող անձը: Իսկ քրեական իրավունքի կարեւոր մոտեցումներից մեկն այն է, որ անձին միշտ պետք է հնարավորություն տաս, նույնիսկ եթե նա նպատակ ունի հանցագործություն կատարել, ընտրի փոքրագույնը, իր համար, նաեւ պատասխանատվության առումով՝ ամենամեղմը: Ի վերջո, հնարավոր է դա բերի հանցագործությունից հրաժարվելու գիտակցության կամ հանցագործությունից տարբեր՝ այլ տարբերակի որոնման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել