Դավիթ Հարությունյանը խոստացավ այս փուլում հրաժարվել ՔՕ այն վտանգավոր լրացումից, որով պատասխանատվություն է սահմանվում զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների համար:
ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած օրինագիծը: Սրա անհրաժեշտությունը օրինագծի տեղեկանք-հիմնավորման մեջ պայմանավորված է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու եւ քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով»: Այս կապակցությամբ լրագրողներից մեկը տարակուսեց, թե գուցե պետք էր հակառա՞կն անել ու մեր ՔՕ-ն համապատասխանեցնել ՄԻԵԴ չափանիշներին:
Նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նման փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար վկայակոչեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցը: Հիշեցնենք, որ 2008-ի մարտին Հայաստան այցից հետո իր զեկույցում պրն Համմարբերգն անդրադառնալով ՔՕ 225, 300 եւ 316 հոդվածներին՝ նշել էր. «Քրեական դրույթներից մի քանիսը բավականաչափ հստակ չեն եւ կոնկրետ չեն նշում՝ ո՛ր գործողություններն են քրեորեն պատժելի: Ներկա ձեւակերպումները դատախազի հայեցողությանը մեծ տեղ են թողնում: Քրեական օրենսգրքով պետական իշխանությունը զավթելու հանցանքի սահմանումը շատ լայն մեկնաբանություն կարող է ունենալ եւ հստակ ուղենիշներ չի պարունակում՝ ինչպես տարբերակել կարծիքի օրինական արտահայտումը բռնությունների կոչ անելուց»:
Նույն ընթացքում հակադարձ պատվերն էր հրապարակավ տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 20-ի իր ասուլիսում խոսելով մեր օրենսդրությունը խստացնելու անհրաժեշտության մասին. «Պետք է խստացվի պատասխանատվությունը բռնությունը քարոզելու կամ ինչ-ինչ քայլերի համար, որոնք կարող են բերել բռնության կիրառմանը»:
Այժմ հիշեցնենք, որ ՔՕ 301-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ. «Իշխանությունը յուրացնելուն, uահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Նշենք, որ 301 հոդվածի ներկա ձեւակերպումն այսպիսին է. «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը»: Իսկ պատժաչափերը չեն փոխվել՝ ինչպես եւ առաջարկվող այլ փոփոխությունների դեպքում:
Իրոք կատարվել է նաեւ Համմարբերգի հանձնարարականը, եւ այս փոփոխություններով որոշ հստակեցումներ են արվել: Բայց փոխարենը նախատեսվել է մի այնպիսի լրացում, որը միանշանակ խստացում է: Այն է, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում զանգվածային անկարգություններին ընդամենը մասնակցած անձի համար, որը չի կատարել որեւէ արարք: «Ես համարում եմ, որ դա կանխարգելիչ խնդիր է լուծում: Բանն այն է, որ զանգվածային անկարգություններ երեւույթին բնորոշ է ամբոխը, որի ազդեցության ներքո մարդը կարող է կատարել ծանր հանցագործություններ: Մենք ուզեցել ենք, որ ամբոխի ամեն մասնակից գիտակցի իր անձնական պատասխանատվության աստիճանը»,- երեկ ասաց Դավիթ Հարությունյանը: «Ժառանգության» պատգամավորները նկատեցին, թե մարտի 1-ին իրենք էլ են եղել դեպքի վայրում ու չեն հեռացել: «Ես մարտի 1-ի հասարակական ըմբոստության մասնակից եմ եղել: Ես ամբոխ չե՛մ,- ասաց Անահիտ Բախշյանը:- Այս օրենքով ստացվում է, որ եթե ես անհապաղ չեմ հեռացել՝ պիտի պատասխանատվության ենթարկեն ինձ, լրագրողներին, որեւէ բժշկի, որն այդ րոպեին այնտեղ էր»: Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ես չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ անձ գտնվի, որը կասի, թե լրագրողը մասնակցում է զանգվածային անկարգությանը»: Հավելեց. «Կարծում եմ, ցանկացած դատարան կհասկանա, որ բժիշկը, որն այդ պահին մեկին օգնություն է ցույց տալիս, ծնողը, որն այդ պահին որոնում է իր զավակին, լրագրողը, որն այդ պահին իր պարտքն է կատարում, հասարակական կարգ պահպանողը կամ նման անձինք չեն կարող համարվել զանգվածային անկարգության մասնակիցներ»: Սրան անմիջապես արձագանքեց տիկին Բախշյանը. «Մե՞ր դատարանների եւ դատավորների ողջամտության մասին է խոսքը, որոնք մեկ ոստիկանի ցուցմունքով դատապարտում են մարդկանց»:
Իր մտավախությունը հայտնեց նաեւ Սամվել Նիկոյանը, թե այս նոր լրացմամբ կվնասվի «վկայի ինստիտուտը», քանի որ բոլորը պետք է հեռանան ու միակ վկաները կմնան ոստիկանները: Եվ այս մտահոգություններից հետո Դավիթ Հարությունյանն ասաց. «Հավանաբար հեղինակներով կքննարկենք 225-րդ հոդվածի 5-րդ մասն այս փուլում նախագծից հանելու տարբերակը»: Թեեւ նաեւ պնդեց. «Անկարգությունը վտանգավոր է ինքնին զանգվածի պատճառով: Ընդ որում՝ ոչ այնքան նրանց, ովքեր անում են բռնություն, այլ զանգվածի, որը լուռումունջ հետեւում է այդ անձանց: Սրանում է այս արարքի վտանգավորությունը: Ցանկացած ձեւ, որով մենք կկարողանանք պատասխանատվության ենթարկել այն լուռ մասսային, որը մասնակցում է խմբային գործողություններին, թեեւ անձամբ չի կատարում բռնություն՝ մեզ համար ընդունելի է»:
Եվ ամենակարեւոր հարցը տվեց Վիկտոր Դալլաքյանը՝ այս փոփոխությունները տարածվելո՞ւ են մարտի 1-ի դեպքերի առնչությամբ բանտարկվածների վրա: Դավիթ Հարությունյանի պատասխանն էր. «300 հոդվածով տրված սահմանումը հստակեցնելով՝ նեղացվում է հանցակազմը: Դա նշանակում է, որ ինչ-որ հատվածներ դուրս են մնում այդ հոդվածի դիսպոզիցիայից: 225 հոդվածից վերացվում է 3-րդ մասը, որով մեղադրվում են 7 անձինք: Դա նշանակում է, որ դատախազը ստիպված է լինելու վերաորակավորել արարքը: Ինչպե՞ս է վերաորակավորելու՝ ես չեմ կարող ասել»:
225 հոդվածից մասնավորապես դուրս է մնալու «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություն» ձեւակերպումը: Բայց այդ նույն ձեւակերպումը ավելացվելու է ՔՕ 104 հոդվածի 2-րդ մաuում: Ըստ այդմ՝ դատախազն ընդամենը մեղադրանքի մեջ 225 հոդվածի 3-րդ մասի փոխարեն կգրի 104 հոդվածի 2-րդ մաս: Ընդամե՛նը: