Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ներկայացնում ենք նրա ելույթի հիմնական թեզերը:
«Ադրբեջանի այս վերջին ռազմատենչ հայտարարությունները եւ, կարծես, պատերազմի պատրաստվելու մոտեցումը մղեցին փաստորեն Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որպեսզի հրապարակեն միացյալ հայտարարություն, ասելով, որ բացի կարգավորման խաղաղ միջոցներից, այլ ճանապարհ չկա, եւ պետք է այլեւս չփորձել անիմաստ վեճերով շեղել բանակցային գործընթացը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին, դա պրոցես է, որը շարունակվում է: Հիմնականը հիմա կենտրոնացած է Ամերիկայի կողմից ճանաչման վրա, այլ ուղղություններով էլ կան որոշ աշխատանքներ, բայց, միաժամանակ, աշխատանքը տարվում է ոչ թե միայն փաստը ճանաչել տալու, այլ նաեւ Թուրքիայի պատասխանատվությունը շեշտելու, որովհետեւ Ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Իսկ Թուրքիայի պատասխանատվությունը շեշտել՝ կնշանակի, որ Թուրքիան պետք է հասկանա, որ եթե նույնիսկ ինքը Ցեղասպանությունը ճանաչի, դա գործի վերջը չէ, դա սկիզբն է: Ճանաչելուց հետո Թուրքիան ինքը պետք է քայլեր ձեռնարկի նախ ներքնապես, որպեսզի անկեղծ լինի այդ ճանաչելը եւ ներողության հարցը, եւ ոչ թե անի այնպիսի բաներ, որ վերջին շրջանում անում էր, օրինակ՝ դպրոցներին պարտադրի, որ քարոզչական «վավերագրական» կինո նայեն: Թուրքիան ակտիվ ձեւով փորձում է խոչընդոտել Ցեղասպանության ճանաչումը: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու առնվազն հրապարակավ արտահայտած իր տրամադրվածությունը ինչ-որ տեղ միտում է՝ խոչընդոտել Ցեղասպանության միջազգային ճանաչումը, որովհետեւ տարբեր շրջանակներ խորհուրդ են տվել Թուրքիային, որ հատկապես ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման առաջն առնելու լավագույն ձեւը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելն է»: