Դրա հերթական ապացույցը դարձան «Ակցիզային հարկի մասին» օրենքում իրարամերժ փոփոխությունները:
Ազգային ժողովը երեկ 74 կողմ, 6 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի առաջարկած փոփոխությունները, որոնցով մեղմացվում է հիմնականում ալկոհոլ ու ծխախոտ ներմուծողների եւ տեղական արտադրողների ակցիզային հարկերի այն կտրուկ տարբերությունը, որն ԱԺ-ն սահմանել էր 2008-ի դեկտեմբերի 26-ին: Այն ժամանակ օրենքն ընդունվել էր 93 կողմ ձայներով եւ դեմ էր միայն Կարեն Ճշմարիտյանը: Նաեւ միայն նա էր դեմ ելույթ ունեցել՝ առաջարկելով այլ մեթոդներով օգնել մեր հայրենական արտադրողներին. «Բայց ո՛չ երբեք ուրիշ սուբյեկտների, միջազգային պարտավորությունների կամ այլ մեր պարտավորությունների հաշվին, ո՛չ երբեք մեր տնտեսական քաղաքականության փոփոխության, ո՛չ երբեք ազատ մրցակցության սահմանափակման հաշվին»:
Իհարկե, այդ օրինագիծը լոբբինգի հետեւանք էր՝ նախաձեռնության հեղինակները մեծ մասամբ հենց այն պատգամավորներն էին, որոնց բիզնեսը շահելու էր այս փոփոխությունից: Սակայն դեկտեմբերին ընդունված այդ օրենքի հեղինակներից 2-ը՝ Արշակ Մխիթարյանը եւ Ալեքսան Պետրոսյանը, երեկ կողմ քվեարկեցին իրենց նախաձեռնությունը փաստորեն չեզոքացնող նոր օրինագծին: Մինչդեռ նույն Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ ընկերության սեփականատերը), որը դեկտեմբերի 26-ին ելույթ էր ունենում որպես հարակից զեկուցող՝ բացականչում էր. «Լավ են անում, թող ներմուծեն, բայց վերջիվերջո արդարություն կա։ Մենք, էն ինչը որ առնում են մեր հայրենակիցները, էդ փողը մնա հայ գյուղացո՞ւն, թե՞ գնա դրսի գյուղացուն։ Եվ, վերջիվերջո, մենք էն երկիրը չենք, որ պիտի աշխատենք՝ դրսի գյուղացիներն իրանց լավ զգան»:
Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի նախաձեռնությանը կողմ քվեարկեց նաեւ Վարդան Բոստանջյանը, որը դեկտեմբերի 26-ին ջերմեռանդորեն պաշտպանում էր լոբբիստ պատգամավորների նախաձեռնությունը՝ պնդելով. «Ժողովրդի ներկայացուցիչները՝ լիազորները, ուզում են առաջին անգամ հայրենական արտադրողին փոքր-ինչ աջակցած լինեն։ Եվ ես համոզված եմ, որ սա շարունակվելու է հորդառատ գետի պես, մենք, այո՛, բոլոր հնարավոր ճյուղերը մտցնելու ենք էստեղ։ Ուրեմն, արտադրեք, դուք էլ դա սպառեք, ոչ թե գնացեք ուրիշի արտադրածը բերեք ու էստեղից փողը տարեք տվեք էնտեղ։ Ես ասում եմ, որ սա մենք պետք է ընդունենք, ով համաձայն չի այս իրավիճակին, նշանակում է նա մեր հայրենիքի դավաճանն է»:
Նույն խի՜ստ «սկզբունքայնությունը» դրսեւորեցին նաեւ ԲՀԿ-ի այլ պատգամավորները, նաեւ ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի այն ներկայացուցիչները, որոնք բոլորը կողմ էին դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքին, իսկ երեկ էլ կողմ քվեարկեցին դրա մեղմացմանը: Ամենաուշագրավն այն է, որ այս օրինագծի հեղինակներ Գալուստ Սահակյանը եւ Արմեն Աշոտյանը եւս դեկտեմբերի 26-ին քվեարկել էին կողմ:
Դեմքը փրկելու փորձ արեց ծխախոտի եւ ալկոհոլի արտադրությամբ զբաղվող գործարարներով համալրված ՀՅԴ խմբակցությունը, որը դեկտեմբերին իր շահագրգռությունը սքողում էր տեղական արտադրությունը խթանելու մտահոգությամբ: Իսկ երեկ քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Մենք այս հարցի վերաբերյալ ելույթներ չունեցանք՝ անիմաստ գտնելով: Սակայն պետք է ասեմ, որ այնուամենայնիվ՝ մեր խմբակցությունը բացարձակապե՛ս համոզված չէ այս օրինագծի անհրաժեշտության մեջ»: Եվ չմասնակցեցին քվեարկությանը:
«Ժառանգությունը» դեկտեմբերին կողմ էր քվեարկել այս օրինագծին, իսկ երեկ քվեարկեց դեմ: Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը քվեարկությունից առաջ հարց ուղղեց ԱԺ մեծամասնությանը. «Ընդամենը 2 ամիս հետո կողմ եք քվեարկելու այդ օրինագծի «հետողորմյան»՝ հակառակ տեսակետը: Ինչպիսի՞ պատասխանատվություն եք ձեր վրա զգում նման գործելաոճով: Արդյոք մենք չե՞նք շարունակում իրավիճակային լուծումների մեր քաղաքականությունը: Քամին որ կողմից փչեց՝ էդ կո՞ղմը կշարժվեք, ի՞նչ է: Որտե՞ղ է մեր սկզբունքայնությունը»: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես դեկտեմբերի 26-ին կողմ քվեարկածներից է՝ հակադարձեց նրան. «Ի՞նչ սկզբունքայնության մասին է խոսքը, ի՞նչ հետողորմյայի մասին է խոսքը: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի արտահայտություններ են եւ նաեւ՝ վիրավորական»: