Ընդդիմությունը մարտի 1-ին հանդարտության կոչ էր անում
Երեկ հայրենի օրենսդիրները ԱԺ-ում, ի թիվս այլ գործերի, զբաղված են եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300՝ համապատասխանաբար «զանգվածային անկարգություններ» եւ «պետական իշխանության յուրացում», հոդվածների բարեփոխմամբ: Կազդե՞ն այդ փոփոխությունները «Մարտի 1»-ի գործի շրջանակներում այս հոդվածներով դատապարտված կամ դեռ «Յոթի» գործով դատվող անձանց վերագրված մեղադրանքները վերանայելու համար: Կարծիքները միանշանակ չեն: Գոնե ընդդիմության եւ քաղկալանավորների պաշտպանների համոզմամբ, այդ փոփոխություններն էական նշանակություն չունեին ի սկզբանե, որովհետեւ հիշյալ հոդվածների «տակ ընկածները» ո՛չ գործող, ո՛չ էլ բարեփոխվելիք օրենսդրությամբ նախատեսված արարքներ չեն կատարել:
ՀՀ իշխանություններն ու «Մարտի 1»-ի գործը քննած «հատուկ քննչականը», իսկ այսօր արդեն Գլխավոր դատախազության մեղադրողները պնդում են, որ, մասնավորապես, «Յոթի» գործով անցնող անձինք «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ են կազմակերպել»՝ նպատակ հետապնդելով յուրացնել պետական իշխանությունը, գրավել կառավարական ամառանոցները, ԱԺ-ն եւ այլն: Փաստն այն է, սակայն, որ մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում իրավապահների հարձակումներից, նրանց հետապնդումներից մազապուրծ եղած շուրջօրյա բողոքի ցույցի մասնակիցները տարերայնորեն էին հավաքվել Գրիգոր Լուսավորչի փողոցի վրա գտնվող Ֆրանսիայի դեսպանատան, ապա՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Եվ միայն այն պահին, երբ այդ տարածքում եւս ուժայինները սկսեցին հարձակվել անզեն մարդկանց վրա, նաեւ նրանց դեմ դուրս բերվեց ծանր զրահատեխնիկա, մարդիկ սկսեցին մտածել սեփական պաշտպանության մասին: Հանրահավաքի մասնակիցները ինքնապաշտպանական բնազդով տրոլեյբուսներն ու «իկարուսները» օգտագործեցին իբրեւ բարիկադ: Այդ պահին դեռ ոչ ոք չէր էլ կարող կասկածել, որ հետո իրենց դեմ կիրառվելու էր մարտական զենք: ՀՔԾ-ն պարզապես չի կարող կոնկրետ փաստեր ներկայացնել «Յոթի» գործով անցնող որեւէ մեկին, նաեւ հիշյալ երկու հոդվածներով մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին կամ Խաչատուր Սուքիասյանին, որոնք կարող են ապացուցել վերջիններիս կողմից «պետական իշխանությունը յուրացնելը» կամ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Թե ինչպես էին ընդդիմության ներկայացուցիչներն «իշխանություն յուրացնում»՝ վկայում են այդ օրվա վերաբերյալ մեր արխիվում պահված ձայնագրությունները: Այն պահից սկսած, երբ Մյասնիկյանի արձանի մոտ հայտնվեցին Շարժման առաջնորդները, որոնք սկսեցին համակարգել բազմահազարանոց խաղաղ հանրահավաքը, պարբերաբար շեշտում էին, որ այդ հրապարակ տանող բոլոր փողոցները պետք է բարիկադավորել՝ հնարավոր հարձակումներից ինքնապաշտպանվելու համար: Ելույթ ունեցողներից նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր հայտարարել, որ ոչ ոք իր տեղից՝ Մյասնիկյանի արձանի մոտից ոչ մի քայլ չպետք է անի, որ բոլորը պետք է սպասեն այդ պահին տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանի գալուն կամ նրա հրահանգներին: Հավաքված մարդիկ անվերապահորեն ենթարկվեցին այդ հորդորին, փորձեցին կանխել ընթացքում եղած սադրանքները, մինչեւ որ տեղեկություններ ստացվեցին, որ ուժայինները աստիճանաբար մոտենում են հրապարակին, մինչեւ լսվեցին լուսաձայնային եւ գազային նռնակների առաջին համազարկերն ու օդում ժայթքեցին լուսարձակող փամփուշտները:
Ամենաշատը այդ օրը խոսեց հենց Նիկոլ Փաշինյանը: Նա այդ ընթացքում մի քանի անգամ հավաքվածներին հորդորեց՝ հրապարակը չլքել, «որովհետեւ էս տեղանքում մենք որոշակի ինքնապաշտպանական դիրքեր ունենք եւ խոցելի չենք», որ «հիմա ամենաապահով տեղն այս հրապարակն է»: Նա ավելի ուշ էլ, դիմելով հավաքվածներին, ասաց. «Իշխանությունը հիմա վերջին ճիգերն է անում իշխանությունը պահելու համար: Եվ եթե մենք ուզում ենք թույլ չտալ դա, պետք է մի քանի պայման բավարարենք. առաջինը, համախմբված մնանք հրապարակում, չջլատենք մեր ուժերը՝ մի մասը գնա էս կողմ, մյուս մասը՝ էն կողմ: Երկրորդը, էլի խնդրում եմ՝ մի՛ օգտագործեք ալկոհոլային խմիչք: Եթե հարգում եք այս շարժումը, այս շարժման ղեկավարներին՝ խնդրում եմ, անսացեք մեր հորդորին: Երրորդը, մենք բոլորս մի տեսակ լարված ենք, պրկված ենք, հարկավոր է հանգստանալ, թուլանալ, իրար նկատմամբ լինել խիստ հարգալից»:
Ելույթ ունեցողներից մեկն էլ Հրանտ Բագրատյանն էր, որը հավաքվածներին տեղեկացրեց, որ արեւմտյան շատ հեռուստաընկերություններ, այդ թվում՝ CNN-ը եւ «Եվրանյուսը», այդ պահին ուղիղ ռեպորտաժ են հեռարձակում Երեւանից: «Աշխարհը այսօր նայում է ձեզ, եւ մենք աշխարհին ցույց ենք տալիս ժողովրդավարության, կարգուկանոնի, պարկեշտության օրինակ: Աշխարհը առանց ընդհատումների հետեւում է ձեզ՝ հայ ժողովրդին: Անշուշտ, հայկական հեռուստաալիքները լռում են, բայց նրանք այլեւս մեզ պետք չեն: Այսօր աշխարհի աչքի առաջ հաղթած ժողովուրդ է կանգնել՝ դուք»:
Ն. Փաշինյանն էլի մի անգամ էլ էր դիմել հավաքվածներին. «Հաղթանակի հասնելու համար մեզ անհրաժեշտ են մտածված քայլեր: Ես գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը վճռական է, ձեզնից յուրաքանչյուրը դուխով է եւ պատրաստ է ամեն քայլի: Բայց էլի եմ ասում, ես պարտավոր եմ ասել՝ մենք առայժմ պետք է գործենք կանխարգելիչ քայլերի տրամաբանությամբ: Ուրեմն, նախագահի (Լ. Տեր-Պետրոսյանի- Ն. Մ.) խնդրանքը, հորդորն է՝ մնալ այստեղ, այստեղից որեւէ տեղ չհեռանալ: Մենք կապվելու ենք մեր նախագահի հետ եւ սպասելու ենք հետագա քայլերի: Մինչ այս էլի եմ ասում, խնդրում եմ՝ ոչ ոք թող չհեռանա: Եթե դուրս եք գալիս ինչ-որ բան բերելու, սնունդ եւ այլն, ձեւավորեք առնվազն 100-150 հոգանոց խմբեր, մենակ ոչ մի տեղ մի գնացեք եւ զբաղվեք, մանավանդ այս կողմում, պաշտպանական դիրքերի ամրացմամբ»:
Մարտիմեկյան ելույթներից մեկն էլ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանինն էր: Նա փոխանցեց, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների եւ միջազգային կառույցների առաջին դեմքերը 15 րոպեի ընթացքում հավաքվել են եւ փորձել բանակցություններ վարել ինչպես իշխանությունների, այնպես էլ Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Ա. Մանուկյանը հավաքվածներին փոխանցեց դիվանագետների մտահոգությունը՝ «ավելի լուրջ էսկալացիայի, ավելի լուրջ ընդհարումների առնչությամբ», եւ հավելեց. «Նրանք կոչ են անում երկու կողմերին էլ: Մեր ժողովրդին խնդրում են պահել իրեն այնպես, ինչպես, փաստորեն, պահում է: Այսինքն՝ խաղաղ, հանգիստ, առանց որեւէ այլ քայլերի: Նրանք նույնն էլ անում, դիմում են իշխանություններին եւ փորձում են վստահություն, երաշխիք ստանալ, որ որեւէ զինված միջամտություն չի լինելու ժողովրդի խաղաղ ցույցի նկատմամբ: Ես վստահ եմ, որ սա կիրականանա: Հալալ ա ձեզ, հալալ ա մեզ: Մեզ մնում է մեր հաղթանակի միջոցը՝ մեր ասելիքի վստահությունը, մեր հանդարտությունը, համառությունը: Հաղթանակը մեր կողմն է, ժողովուրդ ջան: Բոլորդ ապրեք»:
Այս ելույթների մեջբերումներով ասել կուզենք, որ 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված խաղաղ ցույցի մասնակիցներից ու ընդդիմության առաջնորդներից յուրաքանչյուրը, հակառակ իշխանությունների պնդումներին, ոչ թե սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ է կազմակերպել եւ առավել եւս՝ այդ ճանապարհով պետական իշխանություն յուրացնելու նպատակ է ունեցել, այլ փորձել է պաշտպանել իրեն եւ իր կողքին կանգնած, իր իրավունքները պաշտպանող համաքաղաքացուն: