Իբր քիչ էր, որ սկսած 2002 թվականից, մեր՝ հարկատուներիս հաշվին, «բազեների» հավաքներ են կազմակերպվում եւ լավ պապաների տղաներն ու աղջիկները մի լավ հանգստանում են Հայաստանի տարբեր հանգստյան վայրերում, հիմա էլ որոշվել եւ փետրվարի 20-ին հիմնվել է «Բազե» երիտասարդական ակումբը: Ընդհանրապես, «Բազեի» պապան իշխանություններ են, այդ պաշտոնապես է ներկայացվում՝ թե «Բազեն» համահայկական երիտասարդական կենտրոնի նախագիծն է:
Բայց ամենահետաքրքիրն այն ձեւն է, որով ազդարարվեց ակումբի ստեղծման մասին: Համահայկական երիտասարդական հիմնադրամը՝ ՀԵՀ, ակումբի բացման հրավերի մեջ հատուկ նշել է, որ «Քաղաքական ենթատեքստից անմասն «Բազեն» կշարունակի «թռչել» դեպի իր հիմնական նպատակակետը՝ Հայաստանի ու Սփյուռքի համախմբված երիտասարդական ակտիվի ուժերով հայ երիտասարդության առջեւ ծառացած խնդիրների լուծումը»:
Սա պարզապես պատմության սրբագրում է: Հիշեցնեմ 2003 թվականի ընտրությունները, «բազեների» կարմիր, կապույտ, ծիրանագույն ճակատների «ազգանվեր» գործունեությունը: Ես հիշում եմ, որ կարիերիստ ջահելների այս խմբի գործունեության արդյունքում է, որ երիտասարդների շրջանում «բազե» բառը հավասարազոր է մեղադրանքի, հիշում եմ, թե ինչպես փոխնախարար դարձավ բազե Արթուր Պողոսյանը: Ի դեպ, երբ «բազեների» պապաների հրամաններով Երեւանի փողոցներում ծեծում էին «բազեների» հասակակից ակտիվ երիտասարդների, «բազեները» լուռ էին, չէին «ճախրում», բու էին դարձել, որը ցերեկով բան չի տեսնում:
«Բազեներն» էին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ ուսանողության հանդիպումներին հլու-հնազանդ լսող եւ անցանկալի հարցեր չտվող լսարան էին ապահովում:
«Բազեներն» էին, որ վասն Սերժ Սարգսյանի բարձր տրամադրության՝ Ջերմուկում հավաքվեցին ու կրակոտ ջահելներ ձեւացան: Չէր ստացվում, ախր՝ հեչ կրակոտ չեն, պապայի բալա են եւ վերջ: Բայց արեցին: Իսկ ահա, երբ «մարտի 1»-ը եղավ, դրանից առաջ եւ հետո շատ բաներ եղան, ոչ մի երիտասարդ «բազե» անգամ չփորձեց խաղաղության աղավնի դառնալ ու խելացնոր մեծերին հասկացնել, որ իրար միս ուտելով՝ երկիրն ենք կործանում:
«Բազեները» լուռ են անգամ այնժամ, երբ Հայաստանի ռազմավարական գործընկեր հռչակված Ռուսաստանում հայ երիտասարդների են սպանում: Լուռ են, որովհետեւ լուռ են «բազեների» պապաները՝ ՀՀ իշխանությունները:
Եթե «բազեները», ինչպես իրենք են ասում, քաղաքական ենթատեքստից անմասն են, ապա ես Անաստասիա Վոլոչկովան եմ կամ Ջենիֆեր Լոպեսը: