Կամսկին հավասարեցրեց հաշիվը
Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտում, որում ուղեգիրը վիճարկում են բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ամերիկացի Գատա Կամսկին, աշխարհի գավաթակիր Կամսկին չորրորդ տուրում վերականգնեց հավասարակշռությունը: Հաշիվը դարձավ 2:2: Մեկօրյա հանգստից հետո նրանք այսօր խաղատախտակների առջեւ նստելու են հինգերորդ անգամ:
ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Վառնայում անցկացված Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարն ավարտեց երրորդ տեղում: Մեր ընտրանին ոչ-ոքի՝ 2:2 խաղաց դաշտի տերերի՝ Բուլղարիայի հետ, այնուհետեւ 0:7 խոշոր հաշվով զիջեց Լատվիային եւ եզրափակիչ խաղում 8:5 հաշվով առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ: Վաստակելով չորս միավոր (նույնքան, որքան Բուլղարիան)՝ մեր թիմը խմբային մրցաշարն ավարտեց երրորդ տեղում: Իսկ խմբի հաղթող դարձավ Լատվիան, որը առավելության հասավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ՝ ՈՉ-ՈՔԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը», որը Թուրքմենիայում ընթացող այդ երկրի նախագահ Թուրքմենբաշիի գավաթի ավանդական խաղարկությունում ներկայացնում է Հայաստանը, մեկնարկային հանդիպումն անցկացրել է Տաջիկստանի փոխչեմպիոն «Պարվոզի» հետ: Այդ հանդիպման ժամանակ դարպասների գրավում չի արձանագրվել:
Երեկ մարզիչ Սամվել Պետրոսյանի կոլեկտիվն ուժերը չափելու էր Բահրեյնի երիտասարդական հավաքականի հետ: Այդ հանդիպման արդյունքի մասին երեկ երեկոյան տեղեկատվություն չկար:
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Աշխարհի ութ ուժեղագույն հավաքականների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի, մասնակցությամբ Ֆրանսիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթը նվաճեց Ռուսաստանը, որը վճռորոշ մրցամարտում պարտության մատնեց գորգի տերերին:
Հայաստանի ըմբիշները «A» խմբի նախնական փուլում 6:1 հաշվով առավելության հասան Հունգարիայի նկատմամբ, այնուհետեւ սկզբունքային պայքարում հաղթեցին Ադրբեջանին՝ 4:3 եւ զիջեցին միայն ապագա գավաթակրին՝ 2:5: Այսպես կոչված, «ոսկե 3-րդ տեղի» համար Լեւոն Ջուլֆալակյանի տղաները թիմային 5:2 հաշվով պարտության մատնեցին Կուբայի ուժեղ ընտրանուն: