Օրերս WBC/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի մարզիչ Ջեկ Լեւը հայտարարել էր, թե IBF-ի գոտու տիրակալ Արթուր Աբրահամն ու նրա պրոումոթեր Ուիլֆրիդ Զաուերլանդը չեն արձագանքում բռնցքամարտիկների միջեւ մրցամարտ կազմակերպելու իրենց առաջարկին:
Այս հայտարարությանը զարմանքով է անդրադարձել Աբրահամի թիմը: «Մենք զարմացած ենք Լեւի հնչեցրած խոսքերի վրա,- պատասխանել է Զաուերլանդը:- Մենք դեռ անցած գարնանը զուգահեռաբար բանակցություններ էինք վարում նրանց, HBO եւ «Showtime» հեռուստաալիքների հետ: Սակայն վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, թե «Top Rank»-ը կորցրել է այդ մարտի նկատմամբ հետաքրքրությունը: Բոբ Արումը բազմիցս է հայտարարել, թե մարզական տեսանկյունով Պավլիկի մենամարտն Աբրահամի հետ ավելի կարեւոր է, սակայն գործնականում ստացվում է, որ Կելլին մտածում է միայն ֆինանսականի մասին: Մենք Պավլիկի հետ մենամարտ անցկացնել պատրաստ ենք ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Գերմանիայում: Եվ միայն սպասում ենք այս մարտը կազմակերպելու «Top Rank»-ի համաձայնությանը»:
29-ամյա Աբրահամն իր հերթին հայտարարել է. «Միակ պատճառը, որ մինչեւ հիմա մնացել եմ միջին քաշային կարգում, Կելլի Պավլիկն է: Ինձ պետք են նրա չեմպիոնական գոտիները, որովհետեւ ցանկանում եմ գերչեմպիոն դառնալ»: