Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ»

Փետրվար 24,2009 00:00

\"\"Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը՝ գրականության «գաիշնիկների» ու բարոյախոս մտավորականների մասին

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում գրողների այն տրտունջներին, թե ընթերցանության ճգնաժամ է, եւ դրանում մեղավորը գրողնե՞րն են, թե՞ ընթերցողները:

«Ճիշտ չէ անմիջապես մեղավոր փնտրելը, պետք է պատճառները վերլուծել, փորձել հասկանալ: Ի՞նչ է պատահել, նոր տեսակի մա՞րդ է հայտնվել, որը, ի տարբերություն նախորդ տեսակի, դադարել է կարդալ… Մեզանում դեռ իշխում է սովետական ընթերցողի միֆը, ինչը արդյունք էր մի բանի՝ իշխանությունը միջնորդ դեր էր տալիս որոշ գրողների, որպեսզի նրանք հատկապես կուսակցության պատգամները հասցնեին մասսաներին: Այդ տարիներին գրողների գրքերը մեծ տիրաժներ ունեին, հեղինակները գնում էին շրջաններ, Ռուսաստանի ստադիոններում բանաստեղծները կարդում էին իրենց ստեղծագործությունները եւ այլն… Իսկ հիմա կարող ենք ռեալ պատկերացնել՝ ով է ընթերցողը: Եթե քո գրածը չեն կարդում, ուրեմն ընթերցող չկա՞: Ես էլ եմ ընթերցող, ու ընթերցողները տարբեր են լինում: Ընթերցող կա՝ գրողից ավելի հաճախ է մտնում ինտերնետ, կա, որ միայն հայ դասականներին է կարդում ու միայն՝ թղթի վրա: ԽՍՀՄ-ի ժամանակ կար արգելված գրականություն, որն ընթերցող ուներ հենց արգելված լինելու պատճառով, եւ կար զանազան թեմաներով հանրամատչելի գրականություն, օրինակ՝ պատմության, եգիպտական բուրգերի, կենդանիների, բույսերի մասին: Այսօր այլ են ժամանակները, հիմա հրաշալի CD-ներ, DVD-ներ կան ու ֆիլմեր, որոնց շնորհիվ կես ժամվա ընթացքում կարող ես մի քանի գրքի ինֆորմացիա քաղել: Այդ առումով ընթերցողները կարող էին պակասել, եւ դա նորմալ է»,- ասում է մեր զրուցակիցը:

Նա համոզված է, որ չնայած բազմազան զվարճանքներին, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կնախընտրեն գիրքը. «Քանի որ շատերի համար թղթի վրա կարդալը ավելի հարմար է, քան էկրանին»: Մյուս կողմից էլ, ըստ Վիոլետի, սխալ է այն ընկալումը, թե ցանկացած տպագրված գիրք ուղղված է բոլորին. «Բազմաթիվ հրատարակչություններ կարող են տպագրել տարբեր տիպի գրքեր, ու դրանցից ամեն մեկը կարող է իր ընթերցողն ունենալ: Ընթերցողը վաղուց «տրոհվել» է, միատարր չէ, դարձել է ընթերցողներ: Թե չէ, հիմա այնպես են ասում՝ ընթերցող, ոնց որ ասեն ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՄԱ՛ՐԴ, չգիտեմ ինչ…»:

«Գիրք նվիրելու օր» հայտարարելուն Վ. Գրիգորյանը դրական է վերաբերվում. «Վատ չի լինի, եթե նաեւ լուսանկարչական ապարատ, սիրուն շորիկ, DVD ու գարեջուր նվիրելու օրեր լինեն: Դուք էլ այս ցանկում ավելացրեք ձեր ուզած նվերի օրը»:

«Առավոտի» դիտարկմանը, որ Հայաստանի գրողների միությունը տպագրել է արդի հայ քնարերգության անթոլոգիա, որտեղ բացակայում են Ռազմիկ Դավոյանի, իր, Մարինե Պետրոսյանի, Արմեն Շեկոյանի անունները, ընդ որում՝ Ռ. Դավոյանի պարագան ինչ-որ տեղ հասկանալի է (նրա ու Լ. Անանյանի «ջրերը» մի առվով չեն հոսում), Վ. Գրիգորյանը պատասխանեց. «Ես գաղափար չունեմ, թե ինչ անթոլոգիա է տպվել եւ ով է կազմողը: Շատ լավ կլիներ, որ հարցն ուղղեիք անթոլոգիա կազմողներին: Իսկ Գրողների միության վերնախավում կան մարդիկ, որոնք, վստահ եմ, տասնյակ պատճառներ կարող են ունենալ անթոլոգիաներում իմ գործերը չդնելու համար: Գրողների միությունում կա գորշ կարդինալների մի խումբ, որը գրականության իր պատկերացումները ուզում է պարտադրել ուրիշներին: Նրանք շատ կուզեին լծակներ ունենալ, որ արգելեին այն գրողների գործունեությունը, ովքեր իրենց պարտադրանքին ենթակա չեն: Հենց այդ վերնախավի համար ես անընդունելի բանաստեղծ եմ, եւ այդ վերնախավը մի քանի անգամ իմ դեմ խոչընդոտներ ստեղծել է: Վրդովվում են, որ իմ գրածները կարդում են, ու իրենց թվում է, թե իրենց գրածը կարդալու հաշվին են իմը կարդում: Բայց հո չե՞ն խոստովանի, դրա համար էլ բարոյականության դիրքերից են մերժում իմ պոեզիան: Ահա այսպես բարոյականությունը մի գործիք է՝ անձնական հաշիվները մաքրելու համար: Բառացի ասում են, թե գրական մայրուղին գրավել են: Չեն կարողանում ազատվել ամբողջատիրացնող գաղափարից, որ գրականությունը մի ընդհանուր մայրուղու մեջ կարող է չլինել: Փաստորեն, իրենք գաիշնիկների պես՝ փայտիկը ձեռքներին որոշել են կարգավորել գրական տրասան: Սա էլիտիզմի դրսեւորում է, որն առկա է ոչ միայն գրական աշխարհում, այլեւ մեր մտավորականության մեջ: Այդ էլիտիզմը բարձր արվեստը սահմանելու անունից իրականում ոգեկոչում է սովետական ցենզուրան: Էլիտիզմի ձգտում է ողջ մտավորականությունը, դա նաեւ քաղքենության ապաստարանն է: Իսկ, ընդհանրապես, ինձ չի հետաքրքրում, թե Գրողների միության անթոլոգիայում իմ գործերը դնում են, թե ոչ: Յուրաքանչյուրը, բնականաբար, իր ճաշակով է անթոլոգիա կազմում եւ ում ուզում՝ դնում է մեջը: Փառք Աստծո, սովետական ամբողջատիրական ժամանակն անցել է, ու մեր գործերի տպագրությունը գրական վերնախավից կախված չէ: Մենք էլ ստեղծել ենք մեր կազմակերպությունը, մեր «մայրուղին», ավելի շուտ՝ մեր ուրիշ ճանապարհը՝ «Ինքնագիր» գրական ակումբը, «Ինքնագիր» գրական հանդեսը, մեր ինտերնետային կայքը, ու անցյալ տարի տպագրել ենք «Շեղվածք. ժամանակակից հայ գրականության անթոլոգիա» (“Deviation. Anthology of contemporary Armenianl itaerature”), որտեղ ե՛ւ ես կամ, ե՛ւ Պետրոսյան Մարինեն, ե՛ւ որտեղ չկա Գրողների միության անթոլոգիայի հեղինակներից ոչ մեկը: Ինչ վերաբերում է Արմեն Շեկոյանին, եթե տրամադրեր իր գործերը, հաճույքով կտպագրեինք»:

ՀԳՄ անդամ Վիոլետ Գրիգորյանը գտնում է, որ թեեւ ՀԳՄ-ն ստալինյան ժամանակների կառույց է, բայց կարող է բարեփոխվել, «եթե չունենա պետական աջակցության ու հովանավորության մենաշնորհ, եւ լինի սովորական մի կազմակերպություն՝ ազատ մրցակցության մեջ հայտնվելով այլ կազմակերպությունների հետ: Այդ ժամանակ ստիպված կլինի նոր ծրագրեր ստեղծել ու նոր նախագծեր իրականացնել: Այսօր ես ուղղակի չեմ հետաքրքրվում Գրողների միության ներկա վիճակով, թեեւ անդամ եմ: Ինձ վաղուց չի հետաքրքրում գրական այն մթնոլորտը, որ այնտեղ է իշխում: Հասկանում եմ, որ ստեղծագործական միության շուրջ բնական է աժիոտաժը, աթոռներ գրավելու ցանկությունը, գրողներն էլ կարող են իրար հայհոյել, որովհետեւ ռեալ շահեր կան: Գրողների իրական շահը՝ իրենց ստեղծագործությունը հրապարակելու եւ դրա շնորհիվ մի քիչ ֆինանսական ապահովություն ստանալու, միշտ շահարկվում է՝ Գրողների միության նյութական ռեսուրսներին տիրանալու համար»:

Գրողներից շատերի կարծիքով՝ ոչ բոլոր բառերը պետք է տեղ ունենան գրականության մեջ, իսկ մեր զրուցակիցն այն մարդկանց թվում է, որոնք ստեղծագործելիս բառային խտրականություն չեն դնում: Այս մասին էլ Վիոլետն ասում է. «Մասնավոր տիրույթներում հնարավոր է սահմանել սեփական ցանկություններն ու գեղագիտական պատկերացումները: Կարող ես ստեղծել քո՝ սիգար ծխողների ակումբը եւ արգելել այնտեղ նարգիլե ծխողների մուտքը, կամ խաշ ուտողների ակումբը, որտեղ արգելվի պիցցա ուտել: Բայց որեւէ մեկը չի կարող ընդհանրապես արգելել նարգիլե ծխելու եւ պիցցա ուտելու իրավունքը: Նույն կերպ մեկը կարող է անթոլոգիա կազմել ու մեջը մի սկզբունքով, օրինակ, ծաղիկների անուններ չդնել, կամ, այսպես կոչված, ոչ ցենզուրային բառեր, իսկ մի ուրիշն էլ հակառակը, անթոլոգիա կազմի ու մեջը լցնի ամեն տիպի լեզվական շերտեր: Բայց գրականությունը ոչ մեկի դուքանը, ոչ մեկի «անթոլոգիան» չի, որ որոշեն, թե ուրիշ գրող ինչ բառեր պիտի օգտագործի: Ստեղծագործական ազատությանը սպառնացողների «պոեզդն ուշոլ», մենք Եվրոպայի մաս ենք կազմում ու ստորագրել ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչքան էլ գրական ցենզորները դրանից տրաքեն»,- պատասխանեց բանաստեղծուհին:

Այսօր մտավորական հասկացությունն ամենաչարչրկվածն ու արժեզրկվածն է, ոմանք այս բառը հաճախ ռ-ով են արտասանում՝ նկատի ունենալով մտավորականների իներտությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների հանդեպ եւ նրանց՝ իշխող ուժի ստվերում պատսպարվելը: Վ. Գրիգորյանին էլ խնդրեցինք մեկնաբանել՝ ինչ է հասկանում մտավորական ասելով: «Ովքեր, որ «մտավորական» բառը ինչ-որ մեկի դեպքում «ռ»-ով են արտասանում, նշանակում է, որ իրենք իրենց «ր»-ով մտավորական են հռչակում ու դրանով ցույց տալիս, թե իրենք են որոշում՝ ով է մտավորականը: Այդպես իրենց իշխանությունն են փորձում հաստատել: Եթե մտավորականը մասնագետն է, ապա նա փաստարկներով է խոսում եւ ոչ թե հայհոյանքներով: Սակայն մեզանում մտավորականին պատկերացնում են որպես ազգի խիղճ, քանի որ խիղճը միշտ թելադրող է լինում, այսինքն՝ իշխում է մասսաների վրա, հետեւաբար մտավորականները կռիվ են տալիս այդ խղճի տեղը գրավելու համար: Հաճախ ասում են՝ ո՞ւր են մտավորականները, չկան… Ես հակառակը՝ տեղ եմ ման գալիս, որտեղ մտավորականներ չլինեն, որովհետեւ նրանք, այդ բարոյականության քրմերը, ամենուրեք են: Ու եթե նրանք այս կամ այն քաղաքական ուժի գործիքն են դառնում, ընդամենը՝ անձնական «քյարով», եւ ոչ թե ստեղծագործող ու մտավոր աշխատանքով զբաղվող շերտի շահը պաշտպանելու համար: Նրանք չեն էլ կարողանում ձեւակերպել այդ շահը, քանի որ ոչ թե մասնագիտական դիրքերից են հանդես գալիս, այլ բարոյականության, որի տակ քողարկվում է նեղ անձնական շահը»:

«Առավոտի» հաջորդ հարցին էլ՝ հեռուստանախագծերից մեկում ընդգրկվելը նպաստե՞լ է իր ընթերցողների թվի աճին, Վ. Գրիգորյանը պատասխանեց. «Իմ ընթերցողների թիվն աճել է, թե ոչ՝ չգիտեմ: Բայց որ փողոցում հանգիստ չեմ կարողանում քայլել, դա փաստ է, բոլորը դեմքով ճանաչում են ինձ: Դարձել եմ հեռուստաաստղ, բայց «չմո» աստղ, որովհետեւ երթուղայինով եմ երթեւեկում: Ի դեպ, նաեւ հաճախ են հարցնում՝ թե շոուին մասնակցելու պատճառով չե՞մ հրաժարվել ստեղծագործելուց: Ո՛չ, պատրաստ գիրք ունեմ, մնում է տպագրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել