Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անաչառ լրատվություն չեն ուզում

Փետրվար 24,2009 00:00

Փետրվարի 21-22-ին կայացավ «Հակամարտությունների լուսաբանման սկզբունքներն ու չափանիշները» թեմայով քննարկում, որի շրջանակում 2 օր անընդմեջ մասնակից լրագրողները նաեւ թեմային առնչվող ֆիլմեր դիտեցին: 2008 թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը անցկացվել է մոնիտորինգ, որի նախնական արդյունքները հրապարակեց ԵՄԱ փորձագետ Էլինա Պողոսբեկյանը: «Հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանումը Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ներում» մոնիտորինգն անցկացվել է մամուլի եւ հեռուստատեսության շրջանակներում: Հայկական լրատվամիջոցներից մոնիտորինգի են ենթարկվել «Հ1», «ԱԼՄ», «Հ2», «Շանթ» հեռուստաընկերությունները, «ՀՀ», «Առավոտ», «Ազգ», «Գոլոս Արմենիի» թերթերը: Ադրբեջանական ԶԼՄ-ներից ընտրվել են «ITV», «AZTV», «ANS», «Լիդեր», թերթերից՝ «Ադրբեջանը», «Ենի Մուսավաթը», «Զերկալոն», «525»-ը:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ թեպետ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում զգալի թվով լրատվամիջոցներ են գործում, սակայն ԶԼՄ-ներում տարաբնույթ քաղաքական տեսակետներ չեն ներկայացվում. «ՀՀ-ում լրագրողներն ինքնագրաքննություն են կիրառում՝ իշխանությունների հետ բարդություններից խուսափելու նպատակով: Ադրբեջանում վիճակը նույնն է՝ մեկ բացառությամբ. այստեղ գործում են փոքրաթիվ, բայց հնչեղ տպագիր լրատվամիջոցներ, որոնք փորձում են այլընտրանքային տեղեկատվություն մատուցել, չնայած, որ կառավարությանը հակադրվող կամ ընդդիմադիր տեսակետներ ներկայացնող այլակարծիք լրագրողները հաճախ հետապնդվում են իշխանությունների կողմից»:

Վերլուծության մեջ նշվում է նաեւ, որ «2 երկրներում էլ անհանգստացած են, որ լրատվության մեջ ԼՂ-ն բավարար չափով չի ներկայացվում ու դժգոհում են այնտեղ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունից: Անհանգստության պատճառները տարբեր են: ՀՀ-ում մտահոգված են ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ աճող տարբաժանմամբ, մինչդեռ Ադրբեջանում պահանջ կա ավելի շուտ հակահայկական քարոզչության, քան անաչառ լրատվության, նրանք համարում են, որ երիտասարդ սերնդի հիշողության մեջ հակամարտության եւ ՀՀ-ի կողմից գրավված տարածքների մասին հիշողությունը վառ պահելով պետք է հայերի հանդեպ թշնամանք դաստիարակել նրանց մեջ»: Քննարկման մասնակիցները համակարծիք են, որ լրատվամիջոցի փակումը խնդրից խուսափելու հարմար տարբերակ չէ եւ հյուրերին հիշեցրին, թե ինչպիսին էր լրատվական դաշտը Հայաստանում 2008 թվականի մարտի 1-20-ը, երբ տեղեկատվության աղբյուր էր դարձել ադրբեջանական Day.Az-ը: Մոնիտորինգի վերջնական արդյունքները պարզ կլինեն մարտին, երբ կներկայացվի նաեւ ադրբեջանական կողմի ստացած պատկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել