Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎԵԼ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ

Փետրվար 24,2009 00:00

\"\"Ողբերգությունից 17 տարի անց էլ շատ հարցեր մնում են անպատասխան

Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994 թ. Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին հարցնում է Խոջալուում տեղի ունեցածի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երեւի գերազանցի Խոջալուի ողբերգությանը: Դա ե՛ւ Սումգայիթն է, ե՛ւ Բաքվի ջարդերը, հայկական 28 գյուղերի հայաթափումը, դա ե՛ւ հայկական Մարաղա գյուղի ողբերգությունն է: Խոջալուն այն գյուղն է, որ հայտնվել էր մարտական գործողությունների կիզակետում, ընդ որում, ինչպես ինձ պատկերանում է, մարտնչող կողմերը պետք է զգուշավորությամբ մոտենան բնակավայրերի՝ ռազմական նպատակներով օգտագործմանը. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Խոջալուում: Բուն բնակավայրում տեղակայված էր չորս հրանոթ եւ «Գրադ» կայանք, որոնցից անդադար ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Եվ եթե ինչ-որ ուժ վերածվում է դիրքի՝ հրետանու, «Գրադի» հարվածի համար, ապա, բնականաբար, այդ կայանքներն իրենց վրա կրակ են հրավիրում: Դրա համար էլ, իսկապես, Խոջալուում ստեղծվեց մի իրավիճակ, ուր ընթանում էին ծանր մարտեր բնակավայրի համար, եւ այդ մարտերի ընթացքում, իսկապես, տուժել է խաղաղ բնակչությունը»:

Իսկ երբ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանին խնդրել է պատմել Խոջալուի մասին, ստացել է այսպիսի պատասխան. «Մենք այդ մասին բարձրաձայն չենք խոսում»: Զոհերի թվի մասով Սարգսյանը պնդել է, որ շատ բան չափազանցվել է, իսկ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել. «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչեւ Խոջալուն, ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կատակ են անում, նրանք կարծում էին, որ հայերը երբեք ձեռք չեն բարձրացնի քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ կատարվեց: Նաեւ պետք է հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, որոնք փախել էին Բաքվից եւ Սումգայիթից»:

Սամվել Բաբայանը բոլորովին այլ տեսակետ ունի: Տողերիս հեղինակի հետ տարիներ առաջ զրույցում նա ասաց. «Խոջալուի գործողության ժամանակ ես պետք է ե՛ւ Աղդամը պահեի, ե՛ւ ապահովեի գետի հոսանքով անվտանգության միջանցք, որ ժողովուրդը կարողանար դուրս գալ, ինչն էլ կատարել եմ: Միջանցքը տրվել էր, բայց մի անհասկանալի բան տեղի ունեցավ: Աղդամի կողմից մեզ վրա հարձակվեցին: Բնակչությունը պետք է մեր դիրքերի արանքով անցներ եւ Աղդամ մտներ: Աղդամի ադրբեջանական ուժերի շրջանում տպավորություն է ստեղծվում, թե հայերն են անցնում: Բռնությունները կատարել են ադրբեջանական ուժերը՝ գիտակցաբա՞ր, թե՞ ոչ, չգիտեմ: Մենք Խոջալուում բնաջնջում չենք իրականացրել: Ընդհանրապես, պատերազմի տարիներին մենք խաղաղ բնակչությանը թույլ ենք տվել, որ հեռանա: Քելբաջարում կարող էինք ճանապարհները փակել եւ 60 հազար մարդու կոտորել, բայց հատուկ մի քանի օր ռազմական գործողությունը հետաձգել, ճանապարհ ենք տվել»:

Պնդումները, որ ղարաբաղյան ուժերը մի քանի օր շարունակ նախազգուշացրել են Խոջալուի խաղաղ բնակչությանը հեռանալ բնակավայրից եւ այդ նպատակով տրամադրել են միջանցք, հաստատում են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Խոջալուի բնակիչներից Սալման Աբասովը բողոքել է. «Այդ ողբերգական իրադարձություններից մի քանի օր առաջ հայերը մեզ մի քանի անգամ ռադիոյով նախազգուշացնում էին, որ գրավելու են քաղաքը եւ պահանջում էին հեռանալ: Երկար ժամանակ Խոջալու էին թռչում ուղղաթիռներ, եւ պարզ չէր՝ որեւէ մեկը մտահոգվա՞ծ էր մեր ճակատագրով, հետաքրքրվո՞ւմ էր մեզանով: Գործնականում որեւէ օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավորություն կար դուրս բերել մեր կանանց, երեխաներին եւ ծերերին, մեզ համոզում էին դա չանել»:

Այն օրերին նախագահ Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային ասել է. «Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ եւ բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերեն: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է՝ հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Այն էլ Աղդամի մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու համար բավականաչափ ուժ կար»:

Պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիեւը հաստատել է, որ փետրվարի 25-ին Աղդամում կար Տ-72 մակնիշի 12 տանկ, նույնքան զրահամեքենա, ԲՄ-21 տիպի 4 «Գրադ» համակարգ, 40 թնդանոթ եւ ազգային բանակի 2500 զինվոր: Այդ ուժերը կարող էին ուղղվել դեպի Խոջալու, բայց օգնություն չի ստացվել: Ղարաբաղյան ուժերը 1992-ի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում գրոհով վերցնում են Խոջալուն՝ չհանդիպելով լուրջ դիմադրության:

Հետագայում եւս, որոշ սրբագրումներով, Մութալիբովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչության հեռանալու համար միջանցք թողել են. «Փետրվարի 25-ի երեկոյան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց առանց մանրամասների: Ներքգործնախարար Թոֆիկ Քերիմովը ասաց, որ մի քանի հարյուր մարդ գնդակահարվել է հենց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախոսը եւ զանգեցի Լեռնային Ղարաբաղի ղեկավար ոմն Արթուր Մկրտչյանի: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրի, թե ինչպե՞ս է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակչի: Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետեւյալը. «Ի՞նչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչեւ Խոջալուն վերցնելը՝ այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, եւ բնակիչները հեռացել էին»:

Ապա Մութալիբովը շարունակել է. «Ես չհավատացի նրան: Հեռախոսի մոտ խնդրեցի Արմեն Իսագուլովին, ով այդ ժամանակ ոստիկանության վարչության պետն էր: Նա էլ հայտնեց, որ մարդկանց միջանցք են տվել… Ի դեպ, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկույցում սեւը սպիտակի վրա գրված է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը»:

Մամեդովը ողբերգությունից մի քանի օր անց խոստովանել է. «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը խաղաղ բնակչության հեռանալու համար էր»: Զարմանալիորեն, եւ ինչպես իր հարցազրույցներում է նշում Մութալիբովը, ողբերգության մասին փետրվարի 25-ի երեկոյան իրեն զեկուցել է ներքգործնախարար Քերիմովը: Խոջալուի լուրը Բաքու էր հասել փետրվարի 25-ի երեկոյան, այսինքն՝ նախքան ղարաբաղյան ուժերը կսկսեին ռազմական գործողությունները: Ո՛չ Քերիմովը, ո՛չ էլ անվտանգության նախարար Հուսեյնովն ի վիճակի չեղան պարզել այդ ապատեղեկատվության աղբյուրը: Եվ փետրվարի 26-ի առավոտյան Մութալիբովը զանգում է Ստեփանակերտ՝ Արթուր Մկրտչյանից եւ Արմեն Իսագուլովից ճշտելու, թե իրականում ինչ է կատարվել Խոջալուում:

Թե որքան ադրբեջանցիներ են սպանվել Խոջալուում եւ շրջակայքում՝ մինչեւ այսօր մնում է վիճելի: Թոմաս դե Վաալն իրականությանն ամենից մոտը համարում է այն թիվը, որը ներկայացրել է Ադրբեջանի խորհրդարանի հետաքննությունը՝ 485: Խորհրդարանական հետաքննություն իրականացնողներից Նամիկ Ալիեւը 1992 թ. ապրիլին «Հելսինկի ուոչ» կազմակերպության ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Աղդամում թաղվել է 213 խոջալուեցի: Մեկ այլ պաշտոնյա՝ Այդին Ռասուլովը, հետազոտողների նույն խմբին ասել է, որ դատական փորձաքննության է ուղարկվել երեք հարյուր դիակ: Աղդամի իմամը 1992 թ. փետրվարի 27-ին ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցին ցույց է տվել 477 զոհվածների ցուցակը: Նույն թվականին ադրբեջանական «Օրդու» թերթը տպագրել է 636 մահացածների ցուցակը:

Ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւն Աղդամի մոտակայքում առաջին անգամ՝ փետրվարի 29-ին, երկրորդ անգամ՝ մարտի 2-ին կատարել է նկարահանումներ, որոնք մի քանի օր անց ցուցադրվել են Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում: Տեղանքը, որտեղ Մուստաֆաեւը նկարահանել է, գտնվում էր Ժողճակատի զինված խմբավորումների վերահսկողության տակ, ինչը պարզ երեւում է կադրերում: Հունիսի 15-ին Մուստաֆաեւը սպանվեց հերթական նկարահանումը կատարելու ընթացքում:

Իսկ մինչ այդ՝ մարտի 3-ին, Գերագույն խորհրդում ընդդիմության ճնշման տակ ցուցադրվել էին Խոջալուի ողբերգության՝ Մուստաֆաեւի նկարահանումները. մի տղամարդ հեկեկալով գրկել է կարմիր բաճկոնով երեխայի դիակը, ցեխի ու հալչող ձյան մեջ ընկած են վառ գլխաշորերով եւ վերարկուներով գյուղացի կանայք: Թոմաս Գոլցը գրում է. «Էկրանին երեւացին ֆիլմի առաջին կադրերը, եւ հաջորդ տասը րոպեները փոխեցին Ադրբեջանի պատմությունը»:

Գերագույն խորհրդի շենքի առաջ հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներ մարտի 5-ին Մութալիբովից պահանջում են հեռանալ: Հաջորդ օրը նա հրաժարական է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել