Պարզաբանում -1
Մեր թերթի (20.02.2009թ.) «Ո՞ւր են տանում ճանապարհները այս» հոդվածում գրել էինք, որ Ճամբարակի ճանապարհները անմխիթար վիճակում են եւ քաղաքային իշխանություններն էլ չգիտեն, թե երբ կնորոգվեն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը այս առթիվ տեղեկացնում է, որ այս տարի ՀՀ պետբյուջեի, «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվելու է ավտոճանապարհների հիմնանորոգմանն ուղղված երեք ծրագիր:
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կնորոգվի մեր հոդվածում հիշատակված Դրախտիկ-Ճամբարակ 3,6 կմ ճանապարհահատվածը:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով կնորոգվի հանրապետական նշանակության՝ Դպրաբակ-Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր-Ճամբարակ-Աղբերք 33,56 կմ ճանապարհահատվածը:
«Ասիական զարգացման բանկի» ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում հիմնանորոգել շուրջ 227 կմ ճանապարհահատված: Սրանք միայն գյուղական նշանակության ճանապարհներ են:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացնում է նաեւ, որ, բացի վերոնշյալ երեք ծրագրերից, այս տարի նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինական եւս մեկ կարեւոր ծրագիր՝ Համաշխարհային բանկի հետ: Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի $25 մլն, եւս $5 մլն կհատկացնի Հայաստանի կառավարությունը եւ արդյունքում կվերանորոգվեն 100 կմ ընդհանուր երկարության տեղական նշանակության ճանապարհներ: Ծրագրում ընդգրկված ճանապարհները գտնվում են 7 մարզերում, որոնք կապահովեն ճանապարհային կապը 39 համայնքների 71 հազար բնակչության համար:
Պարզաբանում -2
Մեր թերթի փետրվարի 20-ի համարում «Նոր բարքեր Սիսիանում» հրապարակման մեջ նշել էինք, որ 2008 թվականի նոյեմբերի 2-ին Սիսիանի նոր քաղաքապետի ընտրությունից մեկ ամիս անց՝ դեկտեմբերից առայսօր արձակուրդ է գնացել տեղական «Որոտանի ղողանջներ» հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանը այս առիթվ մեզ տեղեկացրեց, որ իրականում արձակուրդ է գնացել ոչ թե ողջ հեռուստաընկերությունը, այլ՝ լրատվական ծառայությունը, հեռուստաընկերությունը աշխատել է եւ աշխատում է: Իսկ այս տարվա մարտի 1-ից իր աշխատանքները կվերսկսի նաեւ լրատվականը: