ՀՀ նախագահի հրամանագրով արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը:
Աշոտ Մարտիրոսյանը՝ արդարադատության նախարարի հետ:
Աշխատանքից ազատվեց ԱՆ ՔԿՀ նախկին պետը՝ Աշոտ Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանին, որը կարճ՝ 1,5 տարի ժամանակահատված, գլխավորեց ՔԿՀ պետի պաշտոնը, դաժան փորձություններ բաժին ընկան: «Մարտի 1»-ի գործով տասնյակ կալանավորվածներ տեղափոխվեցին ազատազրկման վայրեր: Ըստ էության, դրսի աշխարհի հետ լուրջ սահմանափակումներ, միջադեպեր չեղան, բաց էին անգամ ծառայողական քննությունները, նամակագրությունն ու դիմումների հոսքը՝ լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ: Ա. Մարտիրոսյանի օրոք բազմաթիվ էին բաց սպորտային միջոցառումները, մասնավորապես՝ ֆուտբոլի եւ շախմատի դատապարտյալների առաջնությունները ստադիոններում, Շախմատի տանը: Նրա օրոք բացվեց եկեղեցի Կոշի ազատազրկման վայրում: Նա մտադիր էր Հայաստանի ազատազրկման վայրերի պատմության թանգարան հիմնադրել:
Գիզիրյանի նշանակումով վերջ դրվեց ՔԿՀ-ի ապառազմականացմանը, քաղաքացիական հիմնարկ լինելուն: Ոստիկանության «վարույթում» տարիներ առաջ գտնվող այս կառույցում հիմնական կադրերը ոստիկանության համակարգում վարկաբեկված անձինք էին եւ վտանգ կար, որ ոստիկաններով կհամալրվի արդարադատության նախարարության այս հիմնարկը, վերջ կդրվի ձեռք բերված թեկուզ փոքրիկ, ինչ-որ առումով խոցելի թափանցիկությանը:
Ոստիկանությունն, ըստ էության, եկավ իշխանության: Քաղաքացիական հասարակության արժեքները դավանող որեւէ երկրում ոստիկանը հանցագործ բռնողից բացի՝ հանցագործի նկատմամբ գործ հարուցող չէ, նախաքննություն իրականացնող չէ, ցուցմունք արձանագրող չէ, էլ չենք խոսում՝ իր ձեռքի տակ անցածին… պահող չէ:
Քանի դեռ կալանավայրերը գտնվում էին ՆԳ համակարգի ենթակայության տակ, աչքի էին ընկնում նրանով, որ ոստիկանությունում չէին արձանագրում կապտուկներով, վնասվածքներով խոշտանգվածների ընդունում-հանձնումը:
ՀՀ գլխավոր դատախազության վերջին կոլեգիայի նիստի ժամանակ արդարադատության նախարարության այդպիսի մեկ դեպք օրինակ չբերվեց: Փոխարենը՝ բազմաթիվ էին ոստիկանության կողմից չհաշվառված, թաքցրած դեպքերը:
Ա. Գիզիրյանին բաժին է հասել 13 ՔԿՀ՝ 3965 ազատազրկվածներով: Նրանցից 164-ը կին է, որից 23-ը՝ սպանության, 34-ը՝ խարդախության, 14-ը՝ կավատության, 13-ը՝ գողության, 14-ը՝ թմրամիջոց իրացնելու, 2-ը՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար է դատապարտվել: Կան նաեւ 57 ազատազրկված անչափահասներ:
Այս նշանակման հետ կապված մեր կասկածները կփարատվեն միայն այն ժամանակ, երբ ոստիկանական գործելաոճը չի ներմուծվի քրեակատարողական հիմնարկներ, որոնք փորձում էին դրանից ձերբազատվել:
Հ. Գ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ներկայացրեց այդ ծառայության նորանշանակ ղեկավար Աշոտ Գիզիրյանին:
«Պաշտպանելու եմ համակարգը եւ համակարգի ծառայողներին՝ մերկապարանոց ու սոսկ քաղաքական շահարկումներով պայմանավորված զանազան միջամտության փորձերից եւ, միաժամանակ, անհանդուրժող եմ լինելու հիրավի իրավախախտների նկատմամբ»,- ասել է նախարարը: