Մանկապարտեզի տնօրեններն իրենց պաշտոնները կտակում են հարսներին ու աղջիկներին
Վերջին տասնամյակում, մասնավորապես՝ Երեւանի Արաբկիր համայնքի մանկապարտեզներում տնօրենների պաշտոնները մենաշնորհ են դարձել ու փոխանցվում են ժառանգաբար՝ մորից աղջկան, սկեսուրից՝ հարսին: Արաբկիրում գործում է շուրջ 13 մանկապարտեզ, որից տասի տնօրեններն իրենց աթոռները փոխանցել են (կամ պատրաստվում են փոխանցել) սերնդեսերունդ: Այսպես, Արաբկիրի թիվ 2 մանկապարտեզում երկար տարիներ տնօրեն աշխատած Լաուրա Հայրապետյանը թոշակի անցնելուց հետո իր պաշտոնը հանձնել է հարսին՝ Նելլի Մայիսեեւային, որը մինչ այդ աշխատում էր այդ մանկապարտեզում: Սակայն տիկին Մայիսեեւան չի հասցրել իր սկեսուրի նման պաշտոնը երկար վայելել. թիվ 2-ը համայնքի լավագույն մանկապարտեզներից է համարվում, եւ շատ մարդիկ աչք ունեն այդ մանկապարտեզի տնօրենի աթոռի վրա, ուստի մոտ 15-20 օր առաջ նոր թաղապետը նրան ազատեց պաշտոնից: Թիվ 4 մանկապարտեզի տնօրենը Ինգա Խաչատուրովան է: Այս մանկապարտեզի տնօրենը նախկինում եղել է նրա սկեսուրը, որն այժմ նույն մանկապարտեզում դաստիարակ է աշխատում: Թիվ 9 մանկապարտեզի տնօրեն Աննա Սալոյանը զբաղեցրել է մոր տեղը եւ վերջինիս իր մանկապարտեզում դաստիարակ է պահում: Թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գեւորգյանը պաշտոնը նույնպես մորից է ժառանգել: Նրա մայրը ներկայումս այդ մանկապարտեզում նույնպես դաստիարակ է:
Թիվ 3, 5, 6, 8, 10 մանկապարտեզներում տնօրենները նույնպես աշխատանքի են ընդունել իրենց աղջիկներին, քույրերին եւ հարսներին, որոնք, հավանաբար, հնարավորություն կունենան շարունակելու իրենց ավագ ազգականների գործը:
Բացի այդ, մեր տեղեկություններով, համայնքի թիվ 9 եւ 12 մանկապարտեզներում գործում են, այսպես ասած, VIP մանկապարտեզներ, որոնց վարձը անհամեմատ բարձր է սովորական մանկապարտեզներից՝ ամսական մոտ 60 հազար դրամ: VIP-ում երեխաներին մատուցվող ծառայություններն ավելի բարձրակարգ են: Սակայն խնդիրն այն է, որ VIP մանկապարտեզները, մեր տեղեկություններով, գործում են հարկայինից ծածուկ: Այսինքն՝ նշյալ մանկապարտեզների տնօրենները VIP-ի գործունեությունը քողարկում են պետական մանկապարտեզի անվան տակ:
Այս փաստը հաստատեցին նաեւ հենց մանկապարտեզների տնօրենները, երբ մենք, որպես ծնող ներկայանալով, զանգեցինք թիվ 12 մանկապարտեզ եւ ասացինք, որ ցանկանում ենք, որպեսզի մեր երեխան հաճախի ոչ թե պետականը, այլ իրենց մանկապարտեզում գործող VIP-ը: Մեզ հետ զրույցում թիվ 12 մանկապարտեզի տնօրեն Մերի Աբգարյանը հաստատեց, որ իրենց մոտ, իսկապես, իր իսկ խոսքերով, մեկ այլ մանկապարտեզ էլ կա, սակայն խուսափեց հեռախոսով մանրամասնել, ասաց, որ հանդիպենք՝ խոսենք:
Թիվ 9 մանկապարտեզի տնօրեն Աննա Սալոյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նույն բանն ասաց, միայն թե նշեց, որ բարձր վարձ գանձվում է միայն խմբակներին մասնակցելու համար, այլ ոչ թե՝ լավ սննդի կամ պայմանների:
Արաբկիրի հարկայինից «Առավոտին» հայտնեցին, որ թիվ 9 եւ 12 մանկապարտեզները պետական են, եւ նրանցից յուրաքանչյուրը հարկայինում ֆիքսված է որպես մեկ մանկապարտեզ: