Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՝ ԿՈՇՏԱՑՆԵՆՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

Փետրվար 24,2009 00:00

Ասում է «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, որին, ըստ ամենայնի՝ հնարավորություն կտրվի աշխատել մինչեւ աշուն:

\"\"
Սամվել Նիկոյանը կարծում է, որ ՄԻՊ-ը ընդդիմության
ճնշման պատճառով է իրեն քննադատել:

Դեռ անցած տարվա նոյեմբերին էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ կարծիք հայտնել, որ «հանձնաժողովի գործունեության ժամկետը պետք է երկարաձգվի այնքան, մինչեւ փաստահավաք խումբը կավարտի իր աշխատանքները»:

Երեկ ԱԺ-ն քննարկեց այդ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ 2009-ի սեպտեմբերի 15-ը երկարաձգելու հարցը, որի հիմնական դրդապատճառ էր ելույթներում ներկայացվում հենց այն, ինչ ասել էր Համմարբերգը, սակայն առանց նրա անունը տալու:

Երկարաձգման նախաձեռնողներն այս անգամ ոչ թե հանձնաժողովի անդամներն էին, այլ կոալիցիոն ուժերի խմբակցությունների ղեկավարները՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստանի»: «Ինչո՞ւ ենք ստորագրել մենք՝ կոնկրետ ես,- ելույթում իր իսկ առաջադրած հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց:- Սրանով փորձել ենք ասել, որ մենք գնահատում ենք հանձնաժողովի աշխատանքը՝ դրական առումով: Եվ այդ գնահատականը հենց էնպես՝ հանիրավի չէ»:

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ելույթում առավել ճիշտ համարեց, որ երկարաձգման նախագիծը ներկայացնողը հենց հանձնաժողովի անդամները լինեին, որ քննարկման ընթացքում նաեւ հաշվետվություն ներկայացնեին իրենց անցած գործունեության վերաբերյալ: Ի դեպ, հենց այդպես էլ եղել էր երկարաձգման նախորդ՝ հոկտեմբերի քննարկման ընթացքում: Ու թերեւս այս անգամ նպատակ կար նաեւ այդ նախադեպի կրկնությունից խուսափելու, որ հերթական առիթը չտան ընդդիմությանը քննելու հանձնաժողովին:

«Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, որը ելույթ ունեցավ միայն ՀՀԿ խմբակցության անունից՝ այն, որ իրենք ձեռնպահ մնացին երկարաձգման նախաձեռնությունից, այսպես բացատրեց. «Ոչ թե նրա համար, որ խուսափում ենք այստեղ ձեզ հետ հանդիպումից կամ հասարակությունից ինչ-որ բան ունենք թաքցնելու, չենք ուզում ասել՝ դրանի՛ց չէ: Անկեղծորեն ասեմ իմ տպավորությունը կամ այն միտումը, ինչ մենք ուզում էինք դրա տակ դնել՝ այն, որ հանձնաժողովի դրական կամ արդյունավետ աշխատանքի համար պատասխանատու են ոչ միայն այն մարդիկ, ովքեր խմբակցությունների կողմից ընդգրկված են այդտեղ: Սրանով մենք ուզում ենք ասել, որ պատասխանատու եք բոլո՛րդ»: Եվ բացահայտեց, որ իր նախաձեռնությամբ մի քանի հանդիպումներ են եղել կոալիցիոն խմբակցությունների ղեկավարների հետ եւ քննարկել են հանձնաժողովի ունեցած խնդիրները՝ «ակնկալելով նրանց գործուն աջակցությունը»:

Սամվել Նիկոյանը նաեւ խոստովանեց, թե գուցե սեպտեմբերի 15-ին էլ փաստահավաք խումբը՝ ըստ այդմ, նաեւ «Մարտի 1»-ի հանձնաժողովը ավարտած չլինի աշխատանքը, քանի որ չլուծված է մնում զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրման խնդիրը, իսկ այն «մեծապես կախված է նախաքննական մարմնի աշխատանքներից»:

Այս կապակցությամբ անդրադարձավ մարտի 1-ին ժամկետանց «Չերյոմուխա 7»-ի գործածությանը: «Խնդիրն այն է, որ նրանք եթե հնանում են՝ շատ ավելի անվտանգ են դառնում,- ասաց պրն Նիկոյանը:- Ե՛վ իրենց թունավոր, արցունքաբեր գազն արտանետելու իմաստով, ե՛ւ նույնիսկ հեռանետության իմաստով՝ դրանք դառնում են շա՜տ ավելի անվտանգ»: Նրա այս պնդումը, որը հաստատված է նաեւ փորձագետների եզրակացությամբ՝ ուղղակիորեն հակասում է այն հայտարարություններին, որոնք 2008-ի մարտի 20-ի ասուլիսում արել էր Ռոբերտ Քոչարյանը. «Իրադարձությունները ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ունենք՝ բավական հնացած է եւ միշտ չէ, որ անվտանգ է: Ավելի շատ, գիտեք, խորհրդային ժամանակներից ժառանգած հատուկ միջոցներն են: Օրինակ՝ 3 զոհով ավելի քիչ կլիներ 7 զոհված քաղաքացիական մարդկանց թիվը, եթե այդ հատուկ միջոցներն, իսկապես, ավելի անվտանգ լինեին: Հատուկ փորձաքննությունն այսօր տալիս է, որ 3 զոհը հատուկ միջոցների կիրառումից է եղել, ոչ թե մարտական զենքի կիրառումից»: Սակայն խնդիրն այն է, որ այդ հատուկ միջոցները կիրառվել են իբրեւ հենց զենք՝ դիմահար կրակելով մարդկանց վրա: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ «Չերյոմուխայի» փամփուշտները գտնվել են սպանվածներից երկուսի գլխում եւ մեկի ազդրի հատվածում:

«Ամենակարեւորը՝ վերջին փորձագիտական եզրակացությունը, որտեղ պատասխանված է, որ նույնականացումը հնարավոր չէ, կարծում եմ, հանձնաժողովի համար շատ վատ նորություն էր»,- ելույթում այս մեղմ ձեւակերպումն ընտրեց Սամվել Նիկոյանը: Նրա հետ զրույցի ընթացքում «Առավոտը» հիշեցրեց հանձնաժողովի անդամների հրապարակավ արտահայտած տեսակետները, թե հանձնաժողովը պետք է կոշտացնի, խստացնի իր դիրքորոշումները (Գուրգեն Արսենյան), որ հենց Սամվել Նիկոյանը պետք է մի քիչ ավելի կոշտ դիրքորոշում ունենա այս հարցերի վերաբերյալ եւ հայտարարի, թե ինքն էլ չի վստահում անցկացված փորձաքննությանը (Արմեն Հարությունյան): «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահն այս հիշեցմանն ի պատասխան նախընտրեց խոսել միայն Մարդու իրավունքների պաշտպանի մասին. «Համաձայն եմ՝ կոշտացնե՛նք: Բայց հարցին հարցով պատասխանեմ՝ եղե՞լ է առաջարկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ինչ-որ կոնկրետ առաջարկ իրականացնել եւ ես չեմ իրականացրել: Արամ Կարապետյանը հանձնաժողով եկավ բոլորովին վերջերս, եւ վերջին երկու նիստերն, ըստ էության, նրա առաջարկների շուրջ էին՝ ՌԴ-ում փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: Կոնկրետ առաջարկներ եղան, եւ եղան կոնկրետ առաջարկների հետ կապված գործողություններ»: Այս զուգահեռից հետո պրն Նիկոյանը հավելեց. «Մարդու իրավունքների պաշտպանը երբ այդ տեսակետն արտահայտել է՝ երեւի մոռացել է, որ ինքն էլ է հանձնաժողովի անդամ՝ սա մեկ: Եվ երկրորդը՝ կարծում եմ, որ ինքը գտնվում է ճնշման տակ: Երեւի շատ մտահոգված է ընդդիմության այն կոշտ քննադատությունից ու իր նկատմամբ կոշտ վերաբերմունքից, եւ երեւի ուզում է ինձ քննադատելով լուծել այդ խնդիրը»: Ժամանակին Սամվել Նիկոյանը ճիշտ նույն կերպ էր պատճառաբանել նաեւ Թոմաս Համմարբերգի հայտարարությունները, թե նա Հայաստանում ընդդիմադիրների կողմից ենթարկվել է «բարոյական ճնշման եւ տեղի տվեց»:

Վերջում հիշեցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արած պնդումը, թե տվյալ պահին ժամանակավոր հանձնաժողովը քննարկելու համար որոշակի նյութեր չունի, եւ հետաքրքրվեցինք՝ հակասակա՞ն չէ այս պայմաններում աշխատանքը չկասեցնելը եւ մինչեւ աշուն երկարաձգելը: Ի պատասխան պրն Նիկոյանն ասաց. «Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներից երկուսի մասով ամբողջությամբ ունի բավարար փաստեր, որ եզրակացություն տա: Բայց մեկով՝ զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ, արդյունքներ չեն գրանցվել, ցավոք, քանի որ դա հենց այն ոլորտն է, որ նախաքննական մարմնի աշխատանքից շատ բան է կախված: Իհարկե, հանձնաժողովը կարող է անընդհատ որոշումներ կայացնել եւ ուղարկել նրանց, փորձաքննություններ նշանակել եւ այլն: Դա կարող ենք անել եւ պարտավոր ենք, բայց ամեն դեպքում՝ մենք նախաքննական մարմին չենք: Մնացած դեպքերում էլ՝ քայլեր կան, որ անում ես, եւ մի պահ է լինում, որ շարունակելու հնարավորությունը չես տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել