Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատյանը սկսեց աշխատանքը

Փետրվար 21,2009 00:00

\"\"ՀՀ կառավարության որոշմամբ նախարարություններում վերականգնվել են կոլեգիաները, որոնց խնդիրը՝ առաջվա նման, խորհուրդներ տալն է: ՀՀ Սփյուռքի նախարարությունում կոլեգիան վերանվանել են սփյուռքահայերին առավել հասկանալի՝ ատյան: Երեկ ատյանի առաջին նիստն էր: Նիստեր են լինելու ամեն ամիս:

ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանը ունի 36 անդամ, ութը՝ Սփյուռքից: Հրանուշ Հակոբյանի համար խորհուրդներ մշակողների մեջ են ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ՀՀ նախագահի արեւելագետ եղբայր Լեւոն Սարգսյանը: Ստյանում աշխատելու են լրատվական դաշտի երեք ներկայացուցիչ, մեկը՝ թիվ մեկ ազատ եւ պատասխանատու «Հ1»-ից: Ատյանի անդամ է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով, սակայն, առաջին նիստին չէր ներկայացել: Ատյանի՝ դրսում ապրող անդամներն իրենց առաջարկները կներկայացնեն համացանցի միջոցով: Առաջին նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ դրսից առաջարկ չէր եկել:

Լրագրողները մասնակցեցին ատյանի առաջին նիստի առաջին մի քանի րոպեներին եւ տեղեկացան, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է մշակել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգ, հայրենադարձությանը նպաստող օրենսդրական նախագծեր, Սփյուռքի կրթական եւ մշակութային օջախներին աջակցության ձեւեր գտնել, կազմակերպել համահայկական միջոցառումներ եւ նպաստել այլ կառույցների կազմակերպած համահայկական միջոցառումներին, ստեղծել «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթ: Իսկ, ընդհանրապես, ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի նպատակն է «օժանդակել նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպես նաեւ մշակել եւ ներկայացնել նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ, նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը եւ այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության, սփյուռքահայ կազմակերպությունների եւ անհատների մասնակցությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել