Երեկ տեղի ունեցավ «Էքսպերտների միավորում» կազմակերպության հրավիրած ասուլիս-քննարկումը՝ «Տհաճ եթեր» թեմայով: Քննարկումը վարում էր կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանը: Հրավիրված էին լրագրողներ, մշակույթի եւ գիտության գործիչներ, պետական այրեր, առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, խնդրով մտահոգ անհատներ: «Առաջին հայացքից թվում է, որ խնդրում կա ընդամենը երկու շահագրգիռ կողմ՝ հեռուստադիտողը եւ հեռուստաընկերությունները, սակայն իրականում հեռուստաընկերությունների գործունեությունը, ինչպես ցանկացած այլ գործունեություն, կարգավորվում է օրենքով: ԱԺ-ն ընդունում է հեռուստատեսությունների գործունեությունը կարգավորող օրենք, նախագահը հաստատում է, հեռուստաընկերությունն իր գործունեությունը ծավալում է այդ օրենքով, իսկ գործադիր մարմինը հետեւում է, որ այդ օրենքը կիրառվի»,- ներկայացնում է Ն. Մալյանը ու նեղսրտում, որ եթերը ողողված է «հակաեթերայնությամբ»: Հայորդաց տների պատասխանատու Կոմիտաս վարդապետն էլ ասում է, որ սկզբնական շրջանում բախտավորություն էր՝ դիտել «Արթուր Բախտամյանի «Ճեպընթացը», իսկ այժմ պարզապես խայտառակություն է տիրում Հանրային հեռուստատեսության եթերում, քանի որ այնտեղ ոչ մի լավ ու դաստիարակիչ բան չկա. տգետ հաղորդավարներ, խայտառակ թարգմանությամբ ֆիլմեր, անբարոյական սերիալներ, պոռնոգրաֆիա, բռնություն եւ այս ամենին գումարած՝ հայոց լեզվի սպանդ: Ես կարծում եմ, որ Մաշտոցը եթե հնարավորություն ունենար լսել այն բառերը, որոնք բարբաջվում են եթերից, ինֆարկտից նորից կմահանար»: ՀԳՄ նախագահ Լ. Անանյանն ամբողջովին համակարծիք էր Կոմիտաս վարդապետի հետ: Նա այն կարծիքին է, թե հարցի քննարկումը նույնիսկ շատ է ուշացել: Քննարկման մասնակիցների մեծամասնությունը քննադատում էր սերիալները: «Նոր Դար» ընկերության նախագահ Աբգար Արփինյանը կարծում է, որ պետք է խոսել ոչ թե զուտ սերիալների, այլ դրանց բովանդակության ու անգրագետ սցենարների մասին: Իսկ արձակագիր Վահրամ Սահակյանն էլ զայրացավ. «Ինչի՞ համար է ՀՌԱՀ-ը, եթե ոչինչ չի անում, ինչո՞ւ Գրիգոր Ամալյանին չեք ասում՝ վեր կաց ու սիրահոժար կերպով գնա»: Չնայած ՀՌԱՀ-ին քննարկմանը մասնակցելու հրավիրատոմս էր ուղարկվել, սակայն ոչ մի ներկայացուցիչ քննարկմանը չէր ժամանել: Եվ, ինչպես նկատեց Ն. Մալյանը, նրանց միակ գործը «Ա1+»-ը փակելն էր: