Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվար 21,2009 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ քսաներեքերորդ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏՈՆԵՐ

Եվ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մայոյի ականջը կանչի», եւ ես հարցրի՝ «Մայոյին հեչ տենում ե՞ս», եւ Կարոն տխուր ժպտալով ասաց՝ «իրան ո՞նց կարամ տենամ. ինքը՝ բերդում, ես՝ դուսը», եւ ես հարցրի՝ «նստած ա՞», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «կարող ա կայնած ա. ինքը ո՞նց կարա տեղը հանգիստ նստի», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ համար են բռնել», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «տոմսերի գործը որ փակվավ՝ մի բանով պիտի զբաղվեր», եւ ես հարցրի՝ «երբվանի՞ց ա նստած», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարուց ավել կըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու բանաստեղծ դառել ու սաղիցս կտրվել ես, բայց մոռանում ես, որ մենք էլ մե՛ր կյանքն ունենք. մենք է՛լ Մայոյի դարդերով առանձնապես չենք ապրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «խե՜ղճ Մայո», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու քեզ տես. ասում են՝ բերդում ինքը աղի պես ա ապրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բերդը մնում ա բերդ», եւ Կարոն ասաց՝ «ինքը հըլը գող չի, բայց, ասում են, համարյա գողին հավասար ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընենց որ, ինքը իրա ուզածին համարյա հասել ա», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ իրա ուզածը բերդ նստելն էր», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ամեն տեղ էլ իրան լավ ա զգում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հաստատ չես կարա ասես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ մի բան կարամ հաստատ ասեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «որ Մայոյին ստիպելով ասեն՝ բանաստեղծություն պիտի գրես կամ տնտեսագիտությունից քննություն պիտի հանձնես, հաստատ ինքնասպանություն կգործի», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ մեկը ճիշտ ես ասում», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ մյուս բաները սխալ ե՞մ ասել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մյուս բաներ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «բանաստեղծության ու պարզության մասին», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ո՞նց կարաս սխալ բան ասես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ամեն մեկին իրա կյանքն ա տված» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկն իրա կյանքով ա ապրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես ու դու Մայոյի ապրած կյանքով կարող ա մի ամիս էլ չկարենայինք ապրենք», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ էլ ես ճիշտ ասում», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, ինձ մանրից ճիշտ ես հանում», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ կարայիր զակոննի գող դառնայիր», եւ Կարոն միանգամայն լուրջ ասաց՝ «ես ու դու արդեն գող դառնալու վարիանտ չունենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ չունենք», եւ Կարոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «գողը բանակ ծառայելու իրավունք չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինստիտուտ սովորելու իրավունք էլ չունի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փողով թվանշան ստանալու իրավունք էլ չունեն», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «էդ մեկը չեմ պարզել» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս՝ իսկական գողերը նույնիսկ գողություն անելու իրավունք չունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրանց փոխարեն ուրիշները պիտի գողություն անեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իրանց փոխարեն ուրիշները պիտի փողով թվանշան ստանան», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «իրանց փոխարեն ուրիշները պիտի բանաստեղծություն գրեն» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, իրանց փոխարեն ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «սրանից հետո հաշվի կառնեմ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «պիտի հաշվի առնես ու մի քիչ պարզացնես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «թե չէ՝ որ իրանց փոխարեն էդքան բարդ գրես, կարող ա կարդան ու նեղանան», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո հաշվի կառնեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու գյուտ անելու պես ասաց՝ «փաստորեն, իսկական բանաստեղծներն ուրիշների փոխարեն են գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «գողերի փոխարեն են գրում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «իսկական բանաստեղծներն ու գրողները գողերի ու սաղ մարդկության փոխարեն են գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «որ սաղի փոխարեն գրես՝ ստիպված պարզ ու հասկանալի կգրես», եւ ես ժպտալով ասացի՝ «կփորձեմ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «փորձը փորձանք չի», եւ ես, հիշում եմ, ինչ-որ բան ասացի, եւ, հիշում եմ, Կարոն էլ ինչ-որ բան ասաց, բայց ավելին հիշել չեմ կարող՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ էդ օրվանից արդեն ավելի քան երեսուն ու ավելի տարիներ են անցել, եւ չնայած երեսուն ու ավելի տարիներ են անցել, շատ լավ հիշում եմ, որ էդ օրն իմ ու Կարոյի տրամադրությունը շատ բարձր էր, որովհետեւ Կարոն էդ օրը չափազանց կարեւոր քննությունից էր պրծել, իսկ ես՝ բժշկական ու ուսանողական ժուռնալիստիկայից, եւ որ աշխատանքից ազատման էդ օրն էսքան երկար ու էսքան մանրամասն հիշեցի ու նկարագրեցի, էդ էլ է նշանակում, որ էդ օրն ինձ համար իսկական տոն էր, եւ հիմա էդ օրն էսքան երկար ու մանրամասն հիշելուց ու նկարագրելուց հետո արդեն սկսում եմ հասկանալ, որ մեր երկար ու ձիգ կյանքում տոներն էնքան էլ շատ չեն՝ որպեսզի մոռանանք ու չհիշենք, ու հեչ պատահական չէ, որ ես մեկ «Ապագա բժիշկ» ընդունվելուս օրն եմ էսքան երկար ու մանրամասն հիշել ու նկարագրել, մեկ էլ, ահա, էդ նույն «Ապագա բժշկից» ազատվելս եմ էսքան մանրամասն հիշում ու նկարագրում, որովհետեւ էդ երկու օրերն էլ հավասարապես տոներ էին. ընդունվելուս օրը՝ յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթն իսկական տոն էր ինձ համար, որովհետեւ, էդ օրվա ու էդ պահի դրությամբ, ես արդեն մի տարի բանակից վերադարձել ու դեռեւս ծնողներիս հույսին էի, եւ չնայած հայրս անտրտունջ շարունակում էր առավոտները բարձիս տակ երեքանոցներ ու անհաջող օրերին մանեթանոցներ դնել, էդ երեքանոցներն ու մանեթանոցներն արդեն նվաստացուցիչ էին, որովհետեւ, էդ պահի դրությամբ, հասակակիցներիցս շատերը, էդ թվում Կարոն, ոչ միայն աշխատում էին, այլեւ՝ ընտանիք էին պահում, մինչդեռ ինձնից ընդամենը պահանջվում էր ինքս ինձ պահել ու տիրություն անել, ու հատկապես էդ առումով էր «Ապագա բժիշկ» ընդունվելս կարեւոր, ու հատկապես էդ առումով էր յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթն ինձ համար տոն, եւ հենց էդ պատճառով եմ շարունակաբար հիշում ու անդրադառնում ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտին, որովհետեւ Աշոտն էն մարդն ու անձնավորությունն է, ում շնորհիվ օրացույցի էդ հերթական օրն ինձ համար իսկական տոնի վերածվեց, եւ նույն պատճառով էլ Տաթեւիկին եմ շարունակաբար հիշում ու անդրադառնում, քանի որ Տաթեւիկի շնորհիվ էլ յոթանասունյոթի օգոստոսի քսանութը տոնի վերածվեց, որովհետեւ ծնողներիցս որոշակիորեն ու ֆինանսապես անկախանալով՝ շարունակաբար բուհական ու բժշկական ժուռնալիստիկայի վտանգի տակ էի, եւ եթե յոթանասունվեցի օգոստոսին Աշոտի շնորհիվ էի ծնողներիցս ֆինանսապես զգալիորեն անկախացել, յոթանասունյոթի օգոստոսին էլ Տաթեւիկի շնորհիվ բուհական ու բժշկական ժուռնալիստիկայի էդ մոտալուտ վտանգից վնասազերծվեցի, եւ Աստծուց էր, որ վնասազերծվելով՝ անատոմիկի մատույցներում իմ մանկության ու պատանեկության ընկեր Կարոյին հանդիպեցի, եւ Աստծուց էր, որ Կարոն էլ էդ օրն իր կարեւորագույն քննությունն էր փողով ստացել, ու Աստծով մենք գավաթ գավաթի հետեւից դատարկում ու իրարից չէինք նեղանում, ու ահագին ժամանակ, հիշում եմ, չէինք հարբում, որովհետեւ բավական ժամանակ իրար չէինք տեսել ու իրար ահագին ասելիք ունեինք, եւ չնայած մեր ասելիքը կատակից էն կողմ չէր անցնում, երկուսս էլ հոգեպես բավարարված էինք, քանի որ դույն թվականի օգոստոսի քսանութը երկուսիս համար էլ օրացույցի մյուս օրերից էականորեն էր տարբերվում, եւ, որ ամենակարեւորն էր, երկուսս էլ հավասարապես գիտակցում էինք, որ դույն թվականի օգոստոսի քսանութի շնորհիվ՝ նաեւ մեր մոտալուտ ու հետագա օրերն էին իրենց նախորդներից էապես տարբերվելու, եւ չնայած երկուսս էլ մեր հետագա օրերից բացարձակապես բեխաբար էինք, երկուսս էլ զգում ու հասկանում էինք, որ մեր հետագա օրերն էականորեն են տարբերվելու նախորդներից. իմոնք տարբերվելու էին, որովհետեւ հետ այդու պրոֆեսիոնալ բանաստեղծ էի դառնալու, եւ Կարոյինն էլ էին տարբերվելու, որովհետեւ էդ ամենադժվարին քննությունը հանձնելով՝ Կարոն արդեն լիարժեք տնտեսագետ էր համարվելու, եւ մենք Աբոյի գարեջրատանն էդ օրն իբրեւ կայացած մարդիկ էինք խոսում ու խմում, եւ երկուսս էլ ընդհանուր առմամբ գոհ էինք մեր կյանքից, եւ չնայած Կարոն արդեն մինչեւ կոկորդը խրված էր ընտանեկան ու սոցիալական հոգսերի մեջ, ինքն էլ էր կյանքից գոհ, ու էդ էր պատճառը, որ էդ օրը մինչեւ ուշ գիշեր կատակում էինք ու իրարից չէինք նեղանում, ու հիմա էդ օրը հիշելով ու էս ամենը գրելով՝ զուգահեռաբար նաեւ սկսում եմ հասկանալ, որ եթե մարդ արարածն ընդհանուր առմամբ գոհ է լինում կյանքից, ոչնչից չի սրտնեղում ու ոչ մեկից չի նեղանում, եւ, ընդհակառակը, եթե մարդ արարածն ընդհանուր առմամբ դժգոհ է լինում կյանքից, ամեն ինչից սրտնեղում եւ ամեն մեկի խոսքից նեղանում ու վիրավորվում է, եւ եթե մարդ արարածը կոչումով ու պարտավորություններով նաեւ գրող ու արձակագիր է, հիմնականում իր կյանքի էդ հատուկենտ տոներն է հակված մանրամասնորեն հիշել ու արձակի վերածել, ու էդ է պատճառը, որ ես էդքան երկար-բարակ հիշեցի նախ «Ապագա բժիշկ» ընդունվելուս օրը, իսկ այնուհետեւ՝ էդ նույն «Ապագա բժշկից», բուհական ու բժշկական ժուռնալիստիկայից ազատվելուս օրը, մինչդեռ էդ երկու տոների միջեւ ընկած շուրջ երեք հարյուր յոթանասուն օրերին բացարձակապես չանդրադարձա՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ շուրջ երեք հարյուր յոթանասուն օրերը չափազանց նման էին իրար, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ էդ երեք հարյուր յոթանասուն օրերից որեւէ էական իրադարձություն եւ նույնիսկ իրողություն չեմ հիշում ու էս կապակցությամբ վերստին բանաստեղծի ասածն ու գրածն եմ հիշում՝ «Եթե նման են օրերդ բոլոր, / Կնշանակի՝ ապրել ես մի օր», եւ բանաստեղծի ասածն ու գրածը հիշելով ու ձեզ հիշեցնելով՝ ուզում եմ հիշելով նաեւ ասել, որ չնայած «Ծիծեռնակի» օրերն էլ առանձնապես շատ չէին տարբերվում իրարից, այդուհանդերձ, «Ծիծեռնակում» անցկացրած իմ չորս ու հինգ տարիներին հնարավորինս հանգամանալից եմ անդրադառնալու, որովհետեւ էդ օրերից ահագին բան եմ հիշում, ընդ որում՝ ոչ թե հիշողությունս առանձնակի լարելով եմ հիշում, այլ՝ հիմնականում անկախ ինձանից, որովհետեւ մեր հիշողությունը հիմնականում անկախ մեզանից է գոյանում ու իրականանում, եւ շատ հաճախ մեր կյանքից հիշում ենք էնպիսի բաներ՝ որ հեչ էլ չէինք ցանկանա հիշել, եւ, ընդհակառակը, մեր կյանքից էնպիսի դրվագներ ու իրադարձություններ ենք մոռանում՝ որ շատ էլ ցանկալի կլիներ հիշել, ընդ որում՝ հենց մեր իսկ անձնական շահերի առումով ցանկալի կլիներ, բայց ցանկալին մի բան է, իրականությունն ու գեղարվեստական գրականությունը՝ միանգամայն այլ, եւ շատ հաճախ գրողներս մեր կյանքից հիշում ու առանձնացնում ենք ոչ թե էն բաները՝ որ մեզ համար են ցանկալի, հետաքրքիր ու հիշարժան, այլ հիմնականում էն բաները՝ որ մեր կարծիքով ուրիշներին ու հատկապես մեր հատուկենտ ընթերցողներին կհետաքրքրի, եւ չնայած շատ հաճախ մեր ընթերցողների ճաշակի հետ կապված որոշ վրիպումներ ենք ունենում, դրանք բավարար հիմք չեն, որպեսզի մեր հատուկենտ ընթերցողների ճաշակն ու նախասիրությունը մի կողմ թողած՝ միայն մեր անձնական ճաշակով ու նախասիրությամբ ուղղորդվենք ու առաջնորդվենք, որովհետեւ ինչքան էլ գրողներս ձեւեր անենք ու երեւակայենք, թե ինքներս մեզ համար ենք գրում, միեւնույն է, ենթագիտակցաբար ու շարունակաբար նաեւ մեր ընթերցողների ընթերցանությունն ենք կարեւորում ու հաշվի առնում, եւ ինչքան էլ գրողական զանազան ձեւերով երեւակայենք, թե մեր ընթերցողները գալիք սերունդներն են, այդուհանդերձ, մեր իսկ գրողական զգայարաններով ենթագիտակցաբար ու շարունակաբար զգում ու գիտակցում ենք, որ նաղդ ու ժիվոյ ընթերցողից լավը չկա, եւ չնայած հոնորարների իմաստով առայժմ բախտս որոշակիորեն բերում է, այդուհանդերձ, գրողական զգայարաններիցս մեկով ենթագիտակցաբար ու շարունակաբար զգում ու գիտակցում եմ, որ, այնուամենայնիվ, հոնորարից բացի, գրողի համար ուրիշ կարեւոր հանգամանքներ էլ գոյություն ունեն, ու էդ կարեւորներից մեկն էլ փառքի ու փառասիրության հանգամանքն է, ավելի հասկանալի ասած՝ հաջողության ու հաջողակության հանգամանքը, եւ չնայած փառքն ու փառասիրությունը ավելի վերացական՝ քան թանձրացական հասկացություններ են, այնուամենայնիվ, մեր կյանքում էնքան շոշափելիորեն կան, որ գրողներից շատերը գրող դառնալու ու գրականությանը տրվելու ճանապարհին հաճախակի գայթում ու գինեմոլությանն են տրվում, եւ ասածս էս գինեմոլությունը միանգամայն հարաբերական է, որովհետեւ հայերս, չգիտես ինչու, սկզբունքորեն ու բացառապես օղի խմողներին էլ ենք գինեմոլ անվանում, մինչդեռ ռուսներն ավելի համընդհանուր բառ ունեն՝ ալկոհոլիկ, որովհետեւ ռուսներն, ի տարբերություն մեզ, տարատեսակ խմիչքների մեջ բացարձակապես խտրականություն չեն դնում, եւ չնայած մենք հարբեցող բառն էլ ունենք, եւ չնայած գինեմոլի փոխարեն հենց հարբեցող բառը կարող էի օգտագործել, բայց հարբելն ու հարբածը մեզանում համեմատաբար ընդգրկուն բովանդակություն ու գործածություն ունեն. օրինակ, լսած կլինեք, որ մեզանից որոշներն ասում կամ գրում են՝ «ես արբած եմ այս գարնան բույրերով», եւ արական սեռի ներկայացուցիչներիցս ոմանք էլ իգական սեռի ներկայացուցիչներից ոմանց ասում են՝ «ես արբած եմ քեզնով», ու էդպես շարունակաբար հարբածի հ-ն սղելով՝ էդ բառին փորձում ենք զարմանազան նրբություններ հաղորդել, բայց, չնայած մեր էս լեզվական ջանադրությանը, գրողներից շատերը գրող դառնալու ճանապարհին գինեմոլ ու հարբեցող են դառնում, եւ չնայած նրանցից ոմանք հարբեցող դառնալու ճանապարհին գրականությանն ու գրական փառքին ահագին մոտեցած են լինում, այդուհանդերձ, էդ ճանապարհի կեսերին վերջնականապես ու հիմնավորապես մղվում են հարբեցողության խորխորատները, որովհետեւ փառքի որոշ հատիկներ կտցահարելուց հետո անմիջապես հասկանում են, որ եթե փառքը փողով ու առնվազն մինիմալ բարեկեցությամբ չի ուղեկցվում, էդ ոչ թե փառք է, այլ՝ կատարյալ տանջանք ու տաժանակրություն, եւ չնայած իրենք էս դեպքերում հատկապես ու սովորաբար տառապանք բառն են գերադասում, այդուհանդերձ, իրենց դեպքում տանջանքն ու տաժանակրությունն առավել ճշգրիտ են բնորոշում ու ներկայացնում սրանց վիճակներն ու հոգեվիճակները, եւ չնայած Ջավախյանը գրողներիցս միակն է, որ բացեիբաց խոստովանում ու հայտարարում է, որ ինքը հանուն փառքի է գրում ու գրականությամբ զբաղվում, կարող եք համոզված լինել, որ Ջավախյանը երբեւէ ոչ գինեմոլ կդառնա եւ ոչ էլ՝ հարբեցող, որովհետեւ արծաթավաճառությունը Ջավախյանին մշտապես մինիմալ բարեկեցություն է շնորհում ու ապահովում, եւ քանի դեռ էս գրածներիս համար որոշակի հոնորար եմ ստանում, ինքս էլ եմ առայժմ գինեմոլությունից ու հարբեցողությունից ապահովագրված, բայց սրանով գրական խնդիրները ոչ թե ավարտվում, այլ նոր-նոր սկսվում են, ու էդ պահից սկսած՝ ոչ միայն փառքի ու բարեկեցության մասին ես մտածում, այլեւ՝ հատուկենտ ընթերցողներիդ ճաշակի ու նախասիրության, ու հիմնականում էդ է պատճառը, որ չնայած իմ կյանքն եմ էսքան երկար-բարակ հիշում ու նկարագրում, այդուհանդերձ, ընթերցողներիս էլ եմ հաճախակի անդրադառնում, եւ իմ դեպքում էս անդրադարձներս միանգամայն շահավետ են, որովհետեւ իմ ընթերցողներն ու իմ հերոսները հիմնականում նույն մարդիկ են, եւ իրենց բոլորին հիմնականում մի բան է հետաքրքրում՝ կյանքը, եւ անձամբ իրենց կյանքը՝ առաջին հերթին, եւ առաջին հերթին՝ ապագան, հետո նոր միայն՝ ներկան ու անցյալը, եւ չնայած որոշ գրողներ ժամանակ առ ժամանակ մարգարեացել ու մարգարեանում են, այդուհանդերձ, գրողներիս ուսումնասիրության հիմնական ոլորտներն անցյալն ու ներկան են, եւ առաջին հերթին՝ անցյալը, եւ հիմնականում՝ անցյալը, որովհետեւ ասել եմ ու էլի եմ ասում, որ ներկան ընդամենը ակնթարթ է եւ անմիջապես ու ակնթարթորեն անցյալ է դառնում, եւ այդ է պատճառը, որ մահկանացուներիս ուղեղներն ու հոգիները հիմնականում անցյալով ու ապագայով են լեցուն, եւ քանի որ գրողներս հիմնականում անտեղյակ ենք ապագայից, շարունակաբար ճգնում ենք ապագայի սաղմերն անցյալի մեջ փնտրել ու գտնել, եւ չնայած ներկան ընդամենը ակնթարթ է, էդ ակնթարթի մեջ էլ ենք հասցնում ապագայի սաղմեր փնտրել ու բացահայտել, եւ քանի որ հարատեւ անցյալի ու հպանցիկ ներկայի մեջ անվերջ ու անդադար ապագայի սաղմերն ու նշաններն ենք փնտրում, ճգնում ենք նաեւ ապացուցել, որ մեր հարատեւ անցյալի ու կարճատեւ ներկայի ընթացքում որեւէ պատահական բան տեղի չի ունեցել, եւ իմ դեպքում հաճելին ու կարեւորն էն է, որ ես ոչ միայն հատուկենտ ընթերցողներիս եմ ճգնում համոզել, որ մեր կյանքում որեւէ պատահական բան տեղի չի ունեցել ու տեղի չի ունենալու, այլեւ ինքս էլ եմ էդպես համոզված, եւ որ էս հերթական կենսափիլիսոփայությանս պահերին վերստին Ջավախյանին հիշեցի, էդ էլ պատահական չէր, որովհետեւ, մինչ էսպես խոսում ու փիլիսոփայում էի, ինձ իր բջջայինով զանգեց Ջավախյանն ու հարցրեց՝ «ՀՀՇ-ն էսօր քեզ հրավիրել ա՞ իրանց միջոցառմանը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ որպեսզի ձեզ համար պարզ լինի՝ ինչ միջոցառման մասին է խոսքը, ասեմ, որ էսօր երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկն է, ու էդ առթիվ ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն «Արմենիա» հյուրանոցում ընդունելություն են կազմակերպել, եւ Ջավախյանն իր բջջայինով ինձ հարցրեց՝ «գնալո՞ւ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ ինքը հարցրեց՝ «խի՞ չես ուզում գնաս», եւ ես ասացի՝ «ոչ մի անգամ ըտենց տեղ չեմ գնացել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ուրիշ անգամ էլ ե՞ն քեզ հրավիրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ ինքն ասաց՝ «որ դու չես գնում՝ երեւի ես էլ չեմ գնա», եւ ես զարմացած հարցրի՝ «քեզ էլ ե՞ն հրավիրել», եւ ինքն ասաց՝ «Նիկոլն ա աղջկաս միջոցով էդ հրավիրատոմսն ուղարկել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ քեզ հրավիրել են, ուրեմն՝ իրանց գործերն էնքան էլ լավ չեն», եւ Ջավախյանն ասաց՝ «Նիկոլն ասում ա, որ Լեւոնի շանսերը շատ մեծ են», եւ ես ասացի՝ «Նիկոլը որ ասում ա՝ երեւի մի բան գիտի», եւ Ջավախյանն ասաց՝ «ասում ա, որ Լեւոնի շանսերն իննսունինը տոկոս են», եւ ես ասացի՝ «դժվարն էդ մի տոկոսն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու որ չես գնում՝ երեւի ես էլ էլ չգնամ», եւ ես հարցրի՝ «իմ չգնալը քո գնալու հետ ի՞նչ կապ ունի», եւ ինքը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «ես ՀՀՇ-ի հետ ի՞նչ կապ ունեմ», եւ ես ասացի՝ «Լեւոնն էլ ՀՀՇ-ի հետ կապ չունի. ինքը լրիվ նոր թիմով ա գալու», եւ Ջավախյանն ասաց՝ «ես իրա նոր թիմի հետ էլ ոչ մի կապ չունեմ», եւ ես նորից հարցրի՝ «էդ հրավիրատոմսն ո՞վ ա քեզ տվել», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «ասեցի՝ Նիկոլը», եւ ես ասացի՝ «Լեւոնի նոր թիմը հենց Նիկոլն ա, ա՛յ խելոք», եւ ինքը հարցրեց՝ «բա քո հրավիրատո՞մսն ով ա տվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հին թիմը», եւ ինքը հարցրեց՝ «հին թիմը ՀՀՇ-ն չի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ ինքը հարցրեց՝ «հրավիրատոմսդ տուն ե՞ն ուղարկել, թե՝ խմբագրություն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «իմ հրավիրատոմսը հրապարակի «Եվրոֆուտբոլ» էին ուղարկել», եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «հանաք ես անում», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ ինքը հարցրեց՝ «բայց խի՞ են «Եվրոֆուտբոլ» ուղարկել», եւ ես ասացի՝ «երեւի գիտեն, որ առավոտից իրիկուն էնտեղ եմ», եւ Ջավախյանը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «դու որ չես գնում, երեւի ես էլ չգնամ», եւ ես ասացի՝ «իմ չգնալը քո գնալու հետ ի՞նչ կապ ունի», եւ ինքը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «դու որ չես գնում՝ երեւի մի բան գիտես», եւ ես ասացի՝ «ոչ մի բան էլ չգիտեմ», եւ ինքն ասաց՝ «Նիկոլի ասելով՝ Լեւոնի շանսերը շատ մեծ են», եւ ես ասացի՝ «ավելի լավ», եւ Ջավախյանը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «երեւի չգնամ», եւ ես ասացի՝ «մենակ թե՝ հետո իրանց չասես, թե իմ պատճառով չես գնացել», եւ ինքը վրդովված ասաց՝ «ինձ ո՞ւմ տեղն ես դրել», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «քո», եւ Ջավախյանը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «ախպերս կգնա կգա՝ լրիվ կպատմի», եւ ես հարցրի՝ «ո՞ւր կգնա», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էդ «Արմենիայի» հավաքույթին», եւ ես զարմացած հարցրի՝ «ախպորդ էլ ե՞ն հրավիրել», եւ ինքն ասաց՝ «իրան պաշտոնապես հրավիրատոմս չեն տվել, բայց իրա ներկայությունը պարտադիր ա», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «խի՞ ա պարտադիր», եւ ինքն ասաց՝ «Ռաֆոն վախտին Ալավերդու ՀՀՇ-ի նախագահն էր», եւ ես ապշահար հարցրի՝ «ե՞րբ», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էն գլխից», եւ ես հարցրի՝ «բա խի՞ մինչեւ հիմի չէիր ասում», եւ Ջավախյանը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «երեւի առիթ չի էղել, որ ասեմ» եւ մի քիչ էլ դադար տվեց ու ավելացրեց՝ «երեւի ասել եմ՝ մոռացել ես», եւ ես ասացի՝ «որ ասած ըլնեիր՝ դժվար թե մոռանայի», եւ Ջավախյանը մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «որ իրանց իշխանության օրոք մի հատ պստիկ պաշտոն ձեռ քցած ըլներ՝ լավ էլ կհիշեիր» եւ մի քիչ էլ դադար տվեց ու անսպասելի գոռաց՝ «իրիկունը վեց անց կես հրապարակի մետրոյի դեմի կաֆեում սպասում եմ» եւ մի քիչ էլ դադար տվեց ու գոռալով ավելացրեց՝ «մեր համար կնստենք կոֆե կխմենք, հետո Ռաֆոն կգա՝ կպատմի», եւ ես հարցրի՝ «հիմի որտեղի՞ց ես զանգում», եւ ինքը գոռալով պատասխանեց ու ասաց՝ «վերնիսաժից», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ես գոռում», եւ ինքը ցածրաձայն ասաց՝ «Վարոյի հեռախոսով եմ զանգում. ինքը գնացել ա զուգարան», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ձենդ ցածրացրիր», եւ ինքը ցածրաձայն ասաց՝ «որովհետեւ Վարոյի քաչալն էրեւաց» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «ուրեմն՝ վեց անց կես»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել