Առողջ սնունդն այն կարեւորագույն գործոններից է, որն ազդում է մարդու առողջության, աշխատունակության եւ կյանքի տեւողության վրա:
Ճիշտ սնվելով՝ մենք ապահովում ենք պլաստիկ, էներգետիկ նյութերի մուտքը մեր օրգանիզմ, ինչն անհրաժեշտ է նրա նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար: Պլաստիկ նյութերն անհրաժեշտ են օրգանիզմում նոր բջիջների եւ հյուսվածքների ստեղծման եւ հնի վերափոխման համար: Դրանց շարքին են դասվում սպիտակուցները, մասամբ՝ ճարպերը եւ որոշ հանքային նյութեր, ինչպիսիք են կալցիումը եւ ֆոսֆորը: Էներգետիկ սննդանյութեր են հանդիսանում ածխաջրերը, ճարպերը եւ մի քիչ էլ սպիտակուցները: Գոյություն ունեն նաեւ կարգավորող նյութեր, որոնցից են միկրոէլեմենտներն ու վիտամինները: Վերջիններս մասնակցում են նյութափոխանակությանը եւ կարեւոր դեր ունեն օրգանիզմում տարբեր ֆունկցիաների իրականացման տեսանկյունից:
Առողջ սնվելու հարցում մեծ նշանակություն ունի սննդամթերքի ընտրությունը, ընդունման ձեւը եւ սննդակարգի պահպանումը: Մեզնից շատերը քաջ գիտակցելով այդ դրույթների կարեւորությունը, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը: Լիարժեք սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ եւ հեղուկներ: Այդ է պատճառը, որ անհրաժեշտ է ամենօրյա մեր սննդակարգում ընդգրկել այս բոլոր խմբերը պարունակող մթերքներ:
Լիարժեք սննդի հիմքը սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի համապատասխանաբար՝ 1:1:4 հարաբերակցությունն է, այսինքն՝ սննդի հիմնական մասը պետք է կազմեն ածխաջրերը: Որպեսզի սնուցումը գործնականում ճիշտ կազմակերպվի, այն անպայման պետք է ներառի մսեղեն, ձկնեղեն, կաթնամթերք, ինչպես նաեւ՝ միրգ եւ բանջարեղեն:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել ժամանակացույց, իսկ սնվել պետք է օրվա ընթացքում 3-4 անգամ՝ քիչ քանակությունով: Կանոնակարգված սնվելը նպաստում է մարսողական համակարգի նորմալ գործունեությանը եւ կանխում բազմաթիվ հիվանդությունների առաջացումը: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հիշել՝ երեկոյան, ուշ ժամերին չի կարելի ծանրաբեռնել ստամոքսաաղիքային համակարգը, որովհետեւ այդ ժամերին մեր օրգանիզմը սկսում է ավելի դանդաղ գործել: Այդ է պատճառը, որ նրանք, ովքեր սիրում են ընթրել շատ ուշ՝ ավելի հաճախ են բախվում ստամոքսաաղիքային, սրտանոթային համակարգերի եւ մի շարք այլ հիվանդությունների հետ: