Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՒՍԱՓԵ՞Լ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻՑ, ԹԵ՞ ՈՉ

Փետրվար 21,2009 00:00

\"\"ՁԻԱՀ-ի մասին մեր քաղաքացիների պատկերացումներն ու տեղեկությունները

Ձեռքբերովի իմունանբավարարության համախտանիշը՝ ՁԻԱՀ-ը, ի հայտ է գալիս տարբեր հիվանդությունների տեսքով ու սովորաբար ավարտվում մահով: ՁԻԱՀ-ի հարուցիչը մարդու իմունանբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը, որն ախտահարում է արյան լեյկոցիտներն ու կտրուկ նվազեցնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակային եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: Ի՞նչ գիտեն մեր քաղաքացիները այս ընդհանուր համաճարակի մասին, որը սկսվել է մոտ 30 տարի առաջ: Թեմայի վերաբերյալ «Առավոտի» կատարած հարցախույզը ցույց տվեց, որ մեր քաղաքացիներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ՁԻԱՀ-ին, ու նույնիսկ թյուր պատկերացում ունեն վերջինիս մասին: Շատ քչերին էր հայտնի, որ վարակվելուց հետո իմուն համակարգը սկսում է արտադրել հակամարմիններ, ջանալով չեզոքացնել վիրուսին, որոնց կարելի է բացահայտել արյան լաբորատոր հետազոտության ժամանակ, ինչն էլ կատարվում է վարակման հավանական պահից առնվազն 3 ամիս անց: Հարցին, գիտե՞ք, արդյոք, ինչպես են վարակվում ՁԻԱՀ-ով, հարցվածների մեծամասնությանը տեղյակ էր միայն այն, որ ՄԻԱՎ-ով ախտահարվում են վարակված մարդուց հիմնականում սեռական ճանապարհով: Բայց պետք է նշել, որ հնարավոր է նաեւ վարակում արյան միջոցով, ներարգանդային ճանապարհով՝ ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրելիս: Երիտասարդների մի մասը կարծում էր, թե իրենք էլ կվարակվեն՝ շփվելով վարակված անձանց հետ, բայց ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սովորական շփման միջոցով: Չեք վարակվի նույնիսկ այն դեպքում, եթե ՁԻԱՀ-ով վարակվածի հետ գտնվեք միեւնույն սենյակում, նրան խնամեք, ձեռք սեղմեք, գրկախառնվեք, օգտվեք հասարակական տրանսպորտից, բաղնիքից, զուգարանից, հիվանդի կենցաղային իրերից, ընտանի կեդանիների հետ շփվելիս եւ արնախում միջատների խայթոցներից:

Հարցին, թե ո՞րն է ՁԻԱՀ-ը կանխելու լավագույն միջոցը, տղամարդկանց մեծամասնությունն ասաց՝ պահպանակի օգտագործումը: Օրինակ, 38-ամյա Գեւորգը համոզված է. «Այն տղամարդիկ, որոնք հաճախ են շփվում մարմնավաճառների հետ, օրական փոխում են իրենց զուգընկերներին, նրանց հաստատ ՁԻԱՀ է սպառնում: Հայ տղամարդիկ կնոջ հարցում մի քիչ չտես են: Հատկապես, երբ դուրս են գալիս Հայաստանից, քնում են ամենավերջին փողոցային կանանց հետ, վարակավում տարբեր տեսակի վեներական հիվանդություններով: Ամենասարսափելին այն է, որ վարակվելու դեպքում չեն դիմում բժշկի, այդպես վերադառնում են Հայաստան, վարակում նաեւ իրենց կանանց: Իսկ այս մարդիկ ապագա հիվանդներ են: Կարծում եմ, ՁԻԱՀ-ի մասին պետք է հաճախ հիշատակել ոչ միայն տպագիր մամուլով, TV-ներով, այլեւ տարբեր ակցիաների, գովազդային վահանակների ու հատուկ միջոցառումների միջոցով: Այդ ամենն էլ պետք է այնքան մատչելի բացատրվի, որ նույնիսկ ամենաանգրագետը կարողանա հասկանալ ու ընկալել իրեն սպառնացող վտանգը»: Ըստ 31-ամյա Կարենի՝ պետք է ոչ միայն խուսափել պատահական սեռական կապերից, այլեւ չօգտվել օգտագործված ներարկիչներից. «ՁԻԱՀ-ի մասին շատ եմ կարդացել: Բոլոր զարգացած երկրներում անընդհատ այդ չարիքի մասին պատմող միջոցառումներ են լինում, իսկ մեզ մոտ այդ հիվանդությանը մի տեսակ լուրջ չեն վերաբերվում, բայց դա սխալ է, որովհետեւ, եթե մարդիկ տեղեկացված չեն՝ ուրեմն չի բացառվում, որ նաեւ վարակված են: Ասում են՝ Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդներ գրեթե չկան, բայց ես համոզված եմ, որ դրանք պաշտոնական տվյալները չեն: Ոչ թե պետք է թաքցնել վարակվածների քանակը կամ քիչ հայտարարել, ընդհակառակը՝ պետք է բացահայտ ասել, որ մյուսները զգուշանան: Կարծում եմ, այստեղ ՁԻԱՀ-ով վարակվելու հիմնական պատճառը մարմնավաճառներն են, որովհետեւ վերջիններիս հետ շփումը շատ անպաշտպան ու հակահիգիենիկ վիճակում է լինում: Իհարկե, կան նաեւ էլիտային սպասարկող էլիտար գներով մարմնավաճառներ, բայց խոսքը ոչ թե դրանց մասին է, այլ այն 4000, 5000 դրամանոցների: Նրանցից յուրաքանչյուրը տեղով վարակ է, ապա՝ պոտենցիալ ՁԻԱՀ: Ի՞նչ են մտածում ոստիկանները, երբ գիշերային այց են կատարում քաղաքի փողոցներում, ինչո՞ւ այդ կանանց չեն չեզոքացնում: Սա էլ իր պատճառներն ունի, այդ մարմնավաճառներին չեն «հավաքում», որովհետեւ իրենք էլ են օգտվում նրանց մատուցած ծառայություններից ու բնականաբար՝ անվճար»:

«Առավոտի» հաջորդ հարցին էլ՝ ընկերություն կանեի՞ք վարակված մարդկանց հետ, երիտասարդների կարծիքները շատ տարբեր էին: «Այո, հնարավոր է: Կարծում եմ, ինչ էլ լինի, եթե տվյալ անձը ընկերդ է, ոչ մի բանի չես նայի: Մյուս կողմից էլ, եթե կա մի բան, ինչը կվնասի ինձ, հնարավոր է ընդհատեմ շփումս նույնիսկ ինձ համար ամենաթանկ մարդու հետ»,- նշեց 23-ամյա Կարինեն: 26-ամյա Հովհաննեսի համոզմամբ էլ, չպետք է հիվանդ մարդկանց առանձնացնել շրջապատից. «Պետք է նրանց կողքին լինել: Եթե հիվանդը հարազատդ է, բնականաբար՝ նրա կողքին ես, իսկ եթե ընկեր է՝ հաստատ շատերը կխուսափեն նրանից, բայց դա սխալ է: Էլ ո՞ւր մնաց ընկերությունը, եթե ճակատագրական պահերին ընկերդ մենակ է: Իսկ եթե սիրածդ էակն է՝ առավել եւս չպետք է նրան մենակ թողնել: Հիմա ես սիրահարված եմ ու եթե, Աստված չանի, հայտնվեմ նման իրավիճակում, իմ սիրելին տառապի այդ հիվանդությամբ, հաստատ նրան չեմ լքի, նույնիսկ ինքս էլ կվարակվեմ, որ նա իրեն մյուսներից առանձնացված չզգա»:

Նշենք, որ ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ. ու մինչեւ 2008 թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք, որից 118-ը՝ հենց 2008թ. ընթացքում: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները: ՄԻԱՎ-ով վարակի 13 դեպք արձանագրվել է երեխաների մոտ: Ընդհանուր առմամբ, վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհն ու ներարկային թմրամիջոցների օգտագործումը, արձանագրվել են նաեւ դեպքեր, ըստ որի՝ վարակումը տեղի է ունեցել մորից երեխային, նաեւ արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով: 2008 թ. ընթացքում ՄԻԱՎ-ով հիվանդներից 74-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Վիճակագրության համաձայն, թմրամիջոցների օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում, նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ հավանաբար ՄԻԱՎ-ով վարակվել են ՌԴ-ում եւ Ուկրաինայում: ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով: Նշենք, որ ՄԻԱՎ վարակի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 301 դեպք, իսկ երկրորդ տեղում Շիրակի մարզն է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ, հաշվարկային տվյալներով, ՀՀ-ում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել