Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվար 21,2009 00:00

Մերոնք առայժմ ուժերը խնայո՞ւմ են

\"\"Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարում երեկ հանգստի օր էր հայտարարված:

Ուժեղագույնների «A1» խմբում ընդգրկված գրոսմայստերները մինչ այդ խաղացել էին երեք տուր: Հարյուր տոկոսանոց արդյունքով այստեղ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է միայն ռուսաստանցի Իգոր Կուռնոսովը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը: Նա 2,0 միավորով 9-րդն է: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք, սակայն, լրացուցիչ գործակիցներով, համապատասխանաբար, ընթանում են 17-րդ եւ 29-րդ հորիզոնականներում: Մեր մյուս շախմատիստներն ունեն այսպիսի արդյունքներ.

36. Արման Փաշիկյան 1,5 միավոր

40. Ռաֆայել Վահանյան 1,5

64. Արտաշես Մինասյան 1,0

66. Ավետիք Գրիգորյան 1,0

73. Տիգրան Քոթանջյան 0,5

«A2 » խմբում, որտեղ նույնպես խաղացվել է երեք տուր, Լեւոն Բաբուջյանը կորցրել է մեկ միավոր: Նա 13-րդ տեղում է: 2,0-ական միավոր են վաստակել նաեւ Դավիթ Պետրոսյանը՝ 18-րդ հորիզոնական, եւ Դավիթ Քալաշյանը՝ 26-րդ: Գյումրեցի գրոսմայստեր Արա Մինասյանը 1,5 միավորով 84 մասնակիցների մեջ առայժմ 37-րդն է:

Խիտ շարք են կազմել «B» խմբում հանդես եկող մեր շախմատիստները: Այստեղ չորս տուրից հետո 3,0-ական միավորով 11-13-րդ տեղերը բաժանում են Դավիթ Գեւորգյանը, Վահե Բաղդասարյանը եւ Սուրեն Պողոսյանը: Հինգ շախմատիստներ՝ Յուրի Համբարձումյանը, Դմիտրի Հարությունյանը, Վարդան Խոջայանը, Հայկ Վարդանյանը եւ Տիգրան Սիմոնյանը, իրենց հաշվարկում ունեն 2,0-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:

Տոպալով-Կամսկի՝ ոչ-ոքի

\"\"Մեկօրյա հանգստից հետո Սոֆիայում ընթացող աշխարհի թագի համար Վեսելին Տոպալով-Գատա Կամսկի հավակնորդների մրցամարտում գրոսմայստերները երեկ հանդիպեցին երրորդ անգամ: Ամերիկացի Կամսկին երկրորդ տուրում սպիտակներով պարտվել էր բուլղարացի իր մրցակցին, ընդ որում, Տոպալովի առավելությունն այդ պարտիայում ավելի քան բացահայտ էր:

Խաղալով սպիտակներով՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջին համարը՝ Տոպալովը ձգտում էր զարգացնել հաջողությունը եւ հասնել այն բանին, որ վերջին՝ 8-րդ տուրի ավարտից հետո լրացուցիչ մրցամարտեր կազմակերպելու անհրաժեշտություն չլինի, իսկ Կամսկին՝ հակառակը, փորձում էր հնարավորին չափ արագ ետ բերել կորցրածը եւ ամեն ինչ սկսել նորից: Ի վերջո, 37-րդ քայլում խաղն ավարտվեց ոչ-ոքի: Եվ ընդհանուր հաշիվը դարձավ 2:1՝ հօգուտ Տոպալովի:

«Բջնին» կհովանավորի՞ ՀՖՖ-ին

«Բջնիի» նոր սեփականատեր, ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ «Բջնիի» գնման թեմայով հրավիրած մամուլի ասուլիսում նախապես խնդրել էր ֆուտբոլին վերաբերող հարցեր չտալ:

Սակայն լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ «Բջնին» երկու տարի առաջ Հայաստանի հավաքականի հովանավորներից մեկն էր եւ արդյոք կրկին կհովանավորի՞ հավաքականին, Ռ. Հայրապետյանը պատասխանեց, որ շատ հավանական է:

ՀՖՖ նախագահը պատասխանեց լրագրողի նաեւ այն հարցին, թե ի՞նչ կարծիք է կազմել Կիպրոսում կայացած Հայաստան-Լատվիա ընկերական հանդիպման մասին: «Բավականին լավ տպավորություն թողեցին հիմնականում մեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները»,- պատասխանեց նա: Իսկ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականների՝ հերթական անգամ միեւնույն ենթախմբում հայտնվելը, ՀՖՖ նախագահը մեկնաբանեց. «Ի՞նչ անեմ, վիճակահանություն է, երեւի լավ է: Չեմ կարծում, որ ինչ-որ բան այն չէ. իմ կարծիքով՝ պատահական զուգադիպություն է: Ամեն դեպքում վիճակահանությունը բաց ու թափանցիկ է արվել»:

ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ

Ոչ-ոքի՝ դաշտի տերերի հետ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայի Վառնա քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեկնարկային հանդիպումն անցկացրեց դաշտի տերերի հետ: Հաշիվն առաջինը բացեցին բուլղարացիները, սակայն մի քանի րոպե անց Վլադիմիր Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ մինչեւ ընդմիջում Արմեն Դանիելյանն առաջ մղեց մեր թիմին: Հանգստից հետո դաշտի տերերից քիչ ջանքեր չպահանջվեցին պարտությունից խուսափելու համար: Նրանք, ի վերջո, մեկ անգամ էլ կարողացան գրավել հյուրերի դարպասը: Սակայն նրանք ստիպված կլինեին դաշտից գլխիկոր հեռանալ, եթե մեր Գրիգոր Կապուկրանյանն իրացներ 10 մետրանոց տուգանային հարվածը:

Մեր խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը 5:0 խոշոր հաշվով առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ: Երեկ Հայաստանի ֆուտզալի հավաքականն ուժերը պետք է չափեր Լատվիայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել