Կամ քննարկում՝ առանց Հայ առաքելական եկեղեցու ներկայության
Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը, որին մասնակցում էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներից մեկը ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն է:
Ս. Դանիելյանը նշեց, որ օրինագծում առկա են որոշ հակասահմանադրական դրույթներ ու ներկայացրեց իր մեկնաբանությունները՝ այն բացթողումների վերաբերյալ, որոնց նախագիծը չի անդրադարձել: «Ցանկացած կետի վերաբերյալ կարելի է բազմաթիվ առարկություններ բերել: Մասնավորապես՝ ինչպես կարելի է տարբերել «նյութական խրախուսանքը» բարեգործությունից կամ «ձեւավորվում է անվստահություն կամ ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ» կետը տարածվո՞ւմ է, արդյոք, գիտական ուսումնասիրությունների, գեղարվեստական գրականության եւ հրապարակախոսական հոդվածների վրա: Եվ հետո, ինչպես տարբերել կրոնի նկատմամբ վիրավորանքները՝ կոնկրետ հոգեւորականի վարքի քննադատությունից եւ այլն: Նման տարածական նկարագրություններն անընդունելի են, առավել եւս, երբ դա վերաբերում է այնպիսի նուրբ խնդրի, ինչպիսին կրոնն է: Հոգեորսության այս ձեւակերպման հիման վրա առաջարկվում է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի մեջ, որը խիստ ռեպրեսիվ բնույթ ունի եւ կարող է տարածվել ցանկացած կրոնական գործունեության վրա, գիտական ուսումնասիրությունների, գեղարվեստական գրականության, մամուլի հրապարակումների եւ այլնի վրա: Այս ձեւակերպումը հակասում է Սահմանադրության այն հոդվածներին, որոնք վերաբերում են խոսքի ազատությանը, կարծիքն ազատ արտահայտելուն, համոզմունքները տարածելուն եւ այլն: Պարզ չէ, օրինակ՝ քրիստոնեական սրբերի, պատկերների, անվանումների ապրանքային եւ սպասարկման նիշերում, ֆիրմային անվանումներում օգտագործման դեպքում կոնկրետ ո՞ր քրիստոնեական կազմակերպությունից պետք է համաձայնություն ստանալ, եթե դրանք վերաբերում են բոլոր քրիստոնեական կազմակերպություններին: Չի բացառվում, որ հղում անելով Սահմանադրությանը, որտեղ ասվում է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի հոգեւոր կյանքում ունի բացառիկ առաքելություն, պրակտիկայում նման մենաշնորհը տրվի Հայաստանյայց առաքելական եկեղեցուն: Կրոնական կազմակերպությունների գործունեությունը չի կարող հարկադրաբար դադարեցվել: Օրինակ՝ եթե որեւէ կազմակերպություն ունի օրենքով նախատեսված 1000 անդամի փոխարեն 600 անդամ, ըստ միջազգային եւ եվրոպական կոնվենցիաների՝ նրանք շարունակում են ազատ գործել, սակայն չեն ունենում իրավաբանական կարգավիճակ: Կրոնական կազմակերպության գործունեության դադարեցման պահանջը (եթե նրա գործունեությունը չի սպառնում հասարակական անվտանգությանը եւ այլն) հակասահմանադրական է եւ հակասում է խղճի ազատության իրավունքին»,- ասաց Ս. Դանիելյանը: Աստվածաբան Վարդան Խաչատրյանն էլ նշեց. «Հայաստանում կան կրոնական կազմակերպություններ, որոնց ձեռնտու է այս քրեական հալածանքի ալիքը, կան կազմակերպություններ, որոնք ունեն միջազգային ֆինանսավորում եւ իրենց համար կարող է ձեռնտու լինել աղմուկը սեփական կառույցի շուրջ: Մյուս կողմից էլ, նման տեսքով օրենքի կիրառման դեպքում կունենանք տասնյակ հազարավոր կալանավորներ, ունե՞նք 30 000-50 000 տեղերով բանտ»: Վ. Խաչատրյանը հիշեցնում է իշխանություններին, որ հայերը թեոկրատական քայլեր անելու ավանդույթ չունեն, քրիստոնեական պետությունները թեոկրատական չեն եղել, այլ՝ երկփեղկված են եղել հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության: Հրանուշ Խառատյանն էլ ասում է, որ թեեւ օրենքը վերանայման կարիք ունի. «Սակայն փորձել հայ ժողովրդի ինքնության մեխը դարձնել Հայ առաքելական եկեղեցին՝ ճիշտ չէ: Եկեղեցին ինքը պետք է դեմ լինի, որ հայ ինքնության առանցքը լինի: Այսօր հայոց բանակի սուրբ գործը հավատի պատերազմը չէ, այլ հայրենիքի, պետականության պաշտպանության գործը»:
Քննարկումը թեժ եղավ, հարցերն էլ բավականին շատ՝ տրված բազմաթիվ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, սակայն լրագրողներին զարմացրեց, թե ինչու քննարկմանը չմասնակցեցին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: