Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՄԱՀԱՑԵԼ Է»

Փետրվար 21,2009 00:00

Ավստրալիաբնակ կինոգետ Վիգեն Գալստյանը հայկական կինոյի եւ, մասնավորապես, Ա. Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացի» մասին:

\"\"
Վիգեն Գալստյանը՝ ռուս կինոռեժիսոր Ալլա Կովգանի հետ:

Սփյուռքում ապրող ու ստեղծագործող հայաստանցի երաժիշտներ, գրողներ, նկարիչներ ու քանդակագործներ շատ ունենք: Բայց արվեստի տեսաբաններն ու պատմաբանները քիչ են, հատկապես կինոգետների թիվը Սփյուռքում խիստ աննշան է, նրանց թվում է ավստրալիաբնակ Վիգեն Գալստյանը: Հայաստանում էլ շատ չեն կինոյի տեսությամբ զբաղվողները, պրակտիկ կինոգիտության ու կինոքննադատության ներկայացուցիչները: Եվ, արդյոք, դա՞ չէ պատճառը, որ այսօր չեն ծավալվում ակտիվ խոսակցություններ ազգային կինոյի ու նրա ընթացքի մասին:

2005 թ. Սիդնեյում կինոգետի եւ կինոռեժիսորի կրթություն ստացած նախկին հայաստանցի Վիգեն Գալստյանի զրույցը «Առավոտի» հետ սկսվեց նրա հետեւյալ խոսքերով. «Ավստրալիայում եմ՝ գումար վաստակելու նպատակով, որպեսզի իրականացնեմ հայաստանյան ծրագրերս: Թեեւ կուզեի, որ մեկ-մեկ հակառակն էլ լիներ»: Նշենք, որ երիտասարդ արվեստագետը 2006 թ. հայերեն եւ անգլերեն հրատարակել է «Մոռացված արվեստ. հայկական կինոպաստառ» գիրքը, նույն թվականին Հայաստանում իրականացրել հայկական ֆիլմերի ազդագրերի ցուցահանդես, նկարահանել է վավերագրական լիամետրաժ «Սպիտակ ագռավ» ֆիլմը, որի աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, իսկ հայրենիք այս այցի ժամանակ իրականացրել է երկու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնց անվանումները դեռ ճշտված չեն:

Վ. Գալստյանը ներկայումս աշխատում է Համո Բեկնազարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գրքի վրա (այն հրատարակվելու է միայն անգլերեն), պատրաստում է նաեւ հայկական լուսանկարչությանը նվիրված աշխատություն: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե Ավստրալիայում ճանաչո՞ւմ են հայկական կինոն, ինչպիսի՞ն է հայկական կինոյի այսօրը, ի՞նչ կարծիք ունի նորօրյա կինոգործիչների մասին: Վ. Գալստյանը նախ ասաց, որ Ավստրալիայում հայերիս հիմնականում ճանաչում են որպես ցեղասպանության զոհերի. «Ինչ վերաբերում է հայկական մշակույթին, ոչ մի պատկերացում չունեն, չնայած հայ համայնքը շուրջ 30 հազար է: Միայն վերջին տարիներին մի երկու միջոցառում անցկացվեց՝ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություն, որը կազմակերպել էր Մելբուռնի ֆիլմկենտրոնը, եւ 2007թ. Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը մասնակցեց Սիդնեյի միջազգային փառատոնին: Սա, փաստորեն, հետխորհրդային շրջանում ավստրալիացիների առաջին հանդիպումն էր հայկական կինոյի հետ»: Կինոռեժիսորը հայտնեց, որ վերջին տարիներին Ավստրալիայում ձեռնարկած իր միջոցառումները չեն իրականանում, եւ դրանց մեղավորը բազմակուսակցական հայկական համայնքն է. «Տեղի կուսակցություններին, չգիտես ինչու, թվում է, թե ավստրալիացիներին պարզապես չի հետաքրքրի հայկական մշակույթը, մասնավորապես՝ հայկական կինոն: Սակայն այս տարի, հուսով եմ, որ այնտեղ առաջին անգամ կանցկացվեն հայկական մշակույթի օրեր»:

Հայկական կինոյի մասին էլ Վ. Գալստյանի խոսքը ավելի քան մինորային էր. «Որպես կինոգետ ասեմ, որ ինչ ֆիլմ տեսել եմ՝ պատկերը տխուր է: Հայկական կինոն այսօր ոչ թե անկում է ապրել, այլ մահացել է: Այս օրերին էլ լսեցի, թե Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» կներկայացվի Վենետիկի փառատոնին: Սա մեզ համար կլինի պարզապես խայտառակություն: Բարեբախտաբար, տեսնում եմ երիտասարդ կինոռեժիսորների: Նրանցից կառանձնացնեմ երկուսին՝ Դիանա Խարդումյանին եւ Արամ Շահբազյանին»: Վ. Գալստյանին, այնուամենայնիվ, ուրախացնում է հայաստանյան մշակութային կյանքը. «Հայաստան հյուրախաղերի են գալիս անվանի երաժիշտներ, իսկ թատերական ու կինո փառատոներն էլ մթնոլորտ են ստեղծում, մշակույթը մտնում է մարդկանց կյանք»: Իսկ թե որտե՞ղ են հայաստանյան կինոգետները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չգիտեմ ուր են: Վերջին տարիներին չեմ տեսել լուրջ աշխատություն, հանդիպել եմ միայն կատալոգների: Միակ լուրջ գործը Կարեն Քալանթարի երկհատորյակն է՝ նվիրված հայկական կինոյին: Վերջերս էլ ձեռքս ընկավ մասնագիտական մի ամսագիր (չնշեց անունը), որտեղ կինոյի մասին համարյա ոչինչ չկար, մեծ մասը էրոտիկ լուսանկարներ էին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել