Ծանոթ ձեռագիր
Երեկ «Ռեգնում» գործակալությանը դիմել են Աբխազիայի մի շարք լրագրողներ՝ հետեւյալ հայտարարությամբ. «2009 թվականի փետրվարի 6-ին նախագահի թիկնազորի աշխատակից Դավիթ Բագապշը, Սուխումի քաղաքային ժողովի պատգամավոր Կոնդրատ Սամսոնիան եւ Սուխումի վարչակազմի գովազդային գործակալության ղեկավար Ատգուր Տառբան քաղաքից դուրս են տարել «Չեգեմսկայա պրավդա» թերթի խմբագիր Ինալա Խաշիգին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով լրագրողի խմբագրական հոդվածի հետ եւ զուգահեռներ անցկացնելով Խոլոդովի եւ Պալիտովսկայայի ճակատագրերի հետ: Նրանք պահանջեցին փոխել հետագա հրապարակումների տոնայնությունը: Հասարակայնությունը ցնցված է իշխանությանն անհաճո լրագրողների հետ նման ուժային մեթոդների կիրառումից: Մենք պահանջում ենք, որ Աբխազիայի սահմանադրության երաշխավոր, նախագահ Սերգեյ Բագապշը իրավական գնահատական տա այդ վրդովեցուցիչ միջադեպին, որը խաթարում է մեր պետության ժողովրդավարական հիմքերը: Աբխազիայում սկսվել է նախագահական ընտրարշավը, եւ իշխանությունների քննադատությունը ավելանալու է, ինչպես որ դա միշտ տեղի է ունենում նախընտրական շրջանում: Եթե իշխանությունը պատրաստվում է հետագայում նույնպես քննադատությանը պատասխանել նույն մեթոդներով, դա կարող է երկիրը բերել քաղաքացիական դիմակայության եզրին»,- ասված է Աբխազիայի լրագրողների հայտարարության մեջ:
Սոլանան ժամանել է Մինսկ
Հինգշաբթի օրը Եվրամիության արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան այցելել է Մինսկ եւ հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես հայտնում է gazete.ru-ն, դա եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Բելառուս: Մինչ այդ ԵՄ-ն պայմանավորում էր այդ երկրի հետ հարաբերությունների բարելավումը ժողովրդավարական բարեփոխումների հետ, սակայն անցած տարի Լուկաշենկոն որոշակի քայլեր արեց Արեւմուտքին ընդառաջ, եւ ԵՄ-ն, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպություններ, դրականորեն արձագանքեցին այդ ազդանշաններին: Եվրոպացիներն անուշադրության են մատնել նույնիսկ այն հանգամանքը, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ոչ մի ընդդիմադիր չկարողացավ պատգամավոր դառնալ: Լուկաշենկոյի եւ Սոլանայի բանակցություններն անցել են դրական շեշտադրումներով եւ, ըստ ԵՄ հանձնակատարի, կարող են հիմք ծառայել խորը եւ սերտ հարաբերությունների: Չնայած դրան, Սոլանան Բելառուսի նախագահի հետ բանակցելուց առաջ հանդիպել է նաեւ ընդդիմության առաջնորդների հետ: Վերջիններս պատմեցին վերջերս Բելառուսում կատարվող ռեպրեսիաների, մասնավորապես՝ գործարարների ձերբակալության, ընդդիմության հանրահավաքների դաժան ճնշման եւ խոսքի ազատության հետ կապված խնդիրների մասին: Սակայն ընդդիմադիրները նույնպես նշել են, որ Եվրոպայի հետ բանակցությունները պատմական շանս են Բելառուսի համար: Լուկաշենկոյին ամենեւին դուր չեկավ Սոլանայի հանդիպումը ընդդիմադիրների հետ, եւ նա խնդրեց ԵՄ հանձնակատարին իր հետ երկխոսության մտնել առանց միջնորդների:
«Դանդաղ ենք աշխատում»
Երեկ, ելույթ ունենալով Պետական խորհրդի նախագահության նիստին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ արեց վերակառուցել ռուսաստանյան տնտեսությունը՝ հարմարեցնելով այն գալիք ճգնաժամային իրավիճակներին: Նա սուր քննադատության ենթարկեց պաշտոնյաներին՝ արագ եւ արդյունավետ չաշխատելու համար: «Մենք շատ դանդաղ ենք աշխատում, դա անընդունելի է ճգնաժամի համար»,- նշեց ՌԴ ղեկավարը, տեղեկացնելով, որ երկրի տարբեր ռեգիոններից ծանր լուրեր են գալիս՝ ձեռնարկությունների մեծ մասի համար վարկերը մատչելի չեն, դրույքաչափը պահպանվում է 20% մակարդակով եւ ավելի բարձր: «Ձեռնարկությունների ակտիվները արժեզրկվել են, սակայն բանկերը, բնականաբար, պահանջում են 100%-անոց գրավային ապահովագրում: Այդ խնդիրը մենք քննարկել ենք կառավարության հետ, եւ լուծումներից մեկը պետական աջակցությունն է՝ վարկի մոտ 50%-ի երաշխավորության տեսքով»,- հիշեցրել է Մեդվեդեւը: Ըստ նրա, ճգնաժամի պայմաններում էական է դառնում պետպատվերը, սակայն, մասնավորապես, ռազմարդյունաբերության մեջ այն շատ է ձգձգվում: Պայմանագրերը ստորագրվում են երկրորդ եռամսյակում, ֆինանսավորումը տեղափոխվում է երրորդ եռամսյակ, մինչդեռ չվճարումների համար ռազմարդյունաբերության որոշ ձեռնարկություններում անջատվում է էլեկտրաէներգիան: «Դա մակրոտնտեսական խնդիր չէ, դա համաշխարհային ֆինանսական համակարգում դժվարությունների արդյունք չէ: Սա պարզապես մեր՝ արագ եւ որակյալ աշխատելու անընդունակությունն է»,- ամփոփեց ՌԴ նախագահը: