Դաստիարակները վերապատրաստվեցին
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացավ 2009 թ. փետրվարի 9-20-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Նախնական ուսուցումը որպես հինգ տարեկանների ծրագրված զարգացման արդյունք» նախագծով անցկացված վերապատրաստման ամփոփումը: Վերապատրաստմանը մասնակցել էին Երեւան քաղաքի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն համայնքների նախադպրոցական հաստատությունների մանկավարժներ եւ Ծրագրին դիմած 36 մասնագետներ: Վերապատրաստումն անցկացվել է 2 խմբով, խմբերն աշխատել են կրթահամալիրի Բ/4թ. դպրոց-պարտեզում: Ամփոփումից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:
Պատասխանում է ԳԹԿ-ն
Մեր ընթերցողների խնդրանքով երեկ դիմեցինք ԳԹԿ-ին, հետեւյալ հարցով՝ «Եթե դիմողը ոչ հանրակրթական դպրոցի (ուսումնարան, քոլեջ եւն) շրջանավարտ է, ապա ինչպե՞ս է մասնակցում միասնական քննություններին»: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հայրապետյանը պատասխանեց. «Քոլեջի կամ ուսումնարանի շրջանավարտը դիմում է իր տնօրենին եւ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կարգով լրացնում է դիմում-հայտը, այն վավերացնում է հաստատության ղեկավարը: Շրջանավարտն անձամբ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է ԳԹԿ»:
Բազե-CLUB
Երեկ նորաստեղծ Համահայկական երիտասարդական կենտրոնի մշակութային դահլիճում (Աբովյան 50/5) կայացավ Համահայկական երիտասարդական հիմնադրամի «Բազե» երիտասարդական ակումբի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ակտիվ բազեականներ՝ պաշտոնյաներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ: Ակումբի գործունեության շրջանակը լինելու է ընդգրկուն՝ պետական ու հասարակական դաշտի հետ համագործակցելուց, միջոցառումներ կազմակերպելուց՝ մինչեւ պարբերականների հրատարակում:
Գիրք՝ ընդհատակից
«Շեմ» հրատարակչությունը Երիտասարդ պահպանողականների միության կողմից Հյուսիսային պողոտայում կազմակերպած հանգանակության միջոցներով հրատարակել է Լեոյի «Անցյալից» հուշագրությունը։ Գրքի խմբագրումը, առաջաբանը, ծանոթագրումները, հավելվածներն ու էջադրումը իրականացվել են 2008-ի մարտի 1-ից քաղաքական ընդհատակում գտնվող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի կողմից։
Ըստ հրատարակիչների՝ Լեոյի այս գործը լավագույնս է պատասխանում այն հիմնահարցերին, որոնք այսօր եւս ծառացած են հայության առջեւ: Ինչպես նշում է Մ. Հայրապետեանը. «Պատմությունն իր ողբերգական դրվագներով կրկնվում է այն ժողովուրդների համար, որոնք այն չեն կերտում»: Հրատարակությունը նվիրված է 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Վտանգավոր դպրոց
«Վերանորոգվում են ավելի բարվոք վիճակում գտնվող դպրոցներ, իսկ մեր դպրոցը, որ կիսատ թողած շինաշխատանքների պատճառով լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, չի վերանորոգվում: Մեծ հույսեր ունեմ, ովքեր մեր այս վիճակը տեսել են, մանավանդ, եթե խոսքը երեխաների անվտանգությանն է վերաբերում, մի ելք կգտնեն»,- ասում է Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը: Այս դպրոցն այնպիսի խայտառակ վիճակում է գտնվում, որ յուրաքանչյուր օր կարող է մի սարսափելի աղետ պատահել: Ավելի մանրամասն՝ «Առավոտի» հաջորդ համարում:
Մայրենիի oր
Հայո՛ց լեզու
Հայոց լեզու, դու՝ Մաշտոցիս կրակ անմար,
Դու՝ զմրուխտե անգին գոհար,
Իմ փառապանծ, իմ պերճախոս
Դու հայ լեզու:
Մասիսի պես՝ դու ալեհեր,
Նարեկիս պես՝ դու սրբազան,
Ծիրանիս պես՝ դու քաղցրահամ:
Հայո՛ց լեզու, դու Սեւակիս՝ Զանգակատուն,
Դո՛ւ Շիրազիս՝ Բիբլիական,
Մեր պապերի խոսքն ու բառն ես,
Գուսանների երգն ու տաղն ես
Եվ ապագա սերունդների այրվող ջահն ես:
ԼԻԼԻԹ ՔԵՌՅԱՆ
13 տարեկան, Չեխովի անվան դպրոց