Ահա թե ինչ է հարկավոր գիտությունը զարգացնելու համար
Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, ի տարբերություն գիտության կիրառական հատվածի, որը բավականին ծանր վիճակում է, հիմնարար գիտությունների ասպարեզում, չնայած ֆինանսական դժվարություններին, Հայաստանն այնքան էլ վատ դրության մեջ չէ: Պարոն Մարտիրոսյանը օրինակ բերեց հատկապես ֆիզիկայի բնագավառը, որում հայ գիտնականներն ավանդաբար ուժեղ եւ մրցունակ են եղել: «Եթե վերցնենք աշխարհի ամենաբարձր վարկանիշով 8-10 ամսագրերում 2000-08թթ.-ին նախկին սովետական հանրապետությունների գիտնականների հրապարակված հոդվածները, ապա ՌԴ գիտնականներն ունեն 8000, ուկրաինացիները՝ 1494, մենք՝ 363 հոդված, իսկ ԱՊՀ մնացած երկրների գիտնականները մեզնից շատ հետ են: Իսկ եթե վերցնենք բնակչության քանակով հաշվենք, մենք կլինենք ոչ թե երրորդ, այլ առաջին տեղում»,- հպարտացավ պարոն Մարտիրոսյանը: 2005-08թթ. ընթացքում հայ գիտնականները մասնակցել են թվով 52 միջազգային դրամաշնորհային ծրագրերի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ $5 միլիոն, իսկ միայն 2008-ին՝ մոտ $1 միլիոն:
Ճիշտ է, ԳԱԱ համակարգի 3700 աշխատողներից (որոնցից 2000-ն են գիտնական) ոչ բոլորն են, պետբյուջեից հատկացվող չնչին աշխատավարձից բացի, ստանում դրամաշնորհային այդ գումարները, սակայն ավելի վատ վիճակում գտնվող երկրներ էլ կան:
Կիրառական գիտությունը, որի կրողները ճյուղային տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներն են, վատ է զարգացած, անկում է ապրում: Որպես վիճակը բարելավելու քայլեր՝ պարոն Մարտիրոսյանը նշեց ֆինանսական հոսքերի տրամադրումը, ինֆրակառուցվածքների թարմացման անհրաժեշտությունը եւ վերջապես՝ որակյալ կադրերի հարցը: Այս պահով Ռ. Մարտիրոսյանը ԵՊՀ-ում իր հաջորդին՝ Արամ Սիմոնյանին մի թեթեւ «կպավ»: Հիշեցնելով, որ իր ժամանակ ԵՊՀ-ում գրեթե ամբողջությամբ վերացել էր հեռակա ուսուցում հասկացությունը, նա ասաց. «Հիմա գրեթե բոլոր ֆակուլտետներում հեռակա ուսուցում կա: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է հեռակա ձեւով քիմիա կամ ֆիզիկա սովորել…»: