Ոսկեվան գյուղի տարածքում գտնվող՝ խորհրդային ժամանակներում կառուցված այս ավտոկանգառը Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու:
1990-ականների առաջին կեսին այստեղ մարտական ակտիվ գործողություններ են տեղի ունեցել: Սակայն ավտոկանգառն ամենեւին ադրբեջանական ռումբերից չի վնասվել: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին 2007թ. ամռանը բեռնատարով մեծ արագությամբ խոյահարել է շինությունը: Կամ մեքենայի արգելակները չեն գործել, կամ էլ վարորդը չի տիրապետել մեքենա վարելու տարրական կանոններին: Այս վերջին վարկածն ավելի հավանական է թվում, որովհետեւ, հավաստի տեղեկությունների համաձայն, նույն վարորդը, այդ դեպքից քիչ անց, Սեւանի խճուղում՝ այս անգամ անձնական օգտագործման մեքենայով, վթարի է ենթարկվել: Ինչեւիցե, դեպքից տարիուկես է անցել, սակայն շինությունն այդպես էլ ավերակ է: Ոսկեվան, հարեւան Բաղանիս, Կոթի, Բարեկամավան գյուղերի բնակիչները ձմռան քամուց, ամռան արեւից ու աշնան անձրեւից պատսպարվում էին այս ավտոկանգառի հարկի ներքո: Հիմա որտե՞ղ պատսպարվեն…
Երբ երեխան դպրոցում գնդակ խաղալով՝ անզգուշորեն կոտրում է պատուհանի ապակին, նրա ծնողը վերականգնում է վնասը: Այս դեպքում հասարակական նշանակության օբյեկտ են քանդել, մեղավորն էլ ամենեւին անչափահաս չէ…