Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՂԹԻ ԴԱՌՆ ԷՋԵՐԻՑ

Փետրվար 21,2009 00:00

Լավ կյանքի հույսով Հայաստանից հեռացածները, խնդիրներ ունենալու պարագայում, մտածում են ոչ թե վերադարձի, այլ՝ մեկ ուրիշ երկիր տեղափոխվելու մասին:

«Գաղթում ենք, հասկանո՞ւմ ես, չենք ճանապարհորդում, չենք տեղափոխվում՝ գաղթում ենք»: Այս խոսքերը հայրս է ասել 1993 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում: Մեզ Մոսկվա էր ուղարկում. շրջափակման օրերին դեպի հյուսիս՝ տաքանալու: Մոտ 24 ժամ էր, ինչ թռիչքին էինք սպասում: Ոմանք էլ երկրորդ օրն էր, ինչ սպասում էին: Երբ վերջապես ինքնաթիռ հրավիրեցին՝ դահլիճով մեկ ցրված ամբոխը շարժվեց: Մարդիկ գոռգոռում էին, գրկախառնվում, լաց լինում, ծիծաղում: Երեւի նման մի բան անցած դարի սկզբին Տրապիզոնում էր կատարվում, երբ թրից փրկվածները նավ էին նստում: Բայց հունական նավը բոլորին ընդունում էր, իսկ ինքնաթիռում տեղերը սահմանափակ են: Եթե տոմս ունես՝ կնստես, կապ չունի, վազելո՞վ ես մոտենում տրապին, թե՝ քայլելով: Վազում էին, իրարից առաջ ընկնում: Տրապիզոնում յաթաղանն էր սպառնում, 90-ականների Երեւանում՝ կենցաղի սարսափելի պայմանները: Բայց մի՞թե կհամեմատվեին մահվան վտանգի հետ: Գաղթում ենք:

Երեք ամիս անց, երբ գարունը բացվեց՝ վերադարձանք: Մոսկվայից հետո Երեւանի փողոցները հատկապես դատարկ էին թվում, օդը՝ հատկապես տաք, կտրոններով վաճառվող մատնաքաշը՝ համեղ: Տեսնես ով գիտի, որ այս տարիներին Հայաստանում Կանտ է թարգմանվել, Կանդինսկու օրագրերն են հրատարակվել, Երեւանում Խանջյանի «Վերածնունդն» է ավարտվել, Մասիս քաղաքում կառուցվել է «Կիլիկիա» նավը, Էջմիածնում՝ Եվրոպայում հայտնի դարձած գեղարվեստական նոր ուղղություն ստեղծվել, Գյումրիում՝ արվեստի միջազգային փառատոներ անցկացվել, Կապանում՝ գիտական հետազոտություններ են արվել: Միշտ չէ, որ գաղթում ենք: Իսկ մեր օրերում գաղթո՞ւմ ենք, արդյոք: Անցած տարի հասկացա՝ ոչ: Գաղթն ավարտվել է: Այդ մասին՝ վերջում:

Երկիրը լքելիս, գիտակցության մեջ տպավորվում է այն, ինչ վերջին անգամ ես տեսնում: Եվ, ցավոք, շրջափակման տարիներին Հայաստանից դուրս եկածների աչքերում դեռ երկար տարիներ սարսափելի պատկերներ էին երեւում:

Սարսափելի պատկեր, եւ անվերջ Գաղթի պահանջ: Ի՞նչ է սա: Դրսում ապրող 25-ամյա Դիանայի պատմածները զարմացնում էին ինձ. «Արսենը Անգլիայում է: Ասում է՝ շատ լավ է: Երեւի Անգլիա գնանք»… Հետո պարզվում է, որ երիտասարդը մոտ տասը անգամ ինչ-որ նավերով անօրինական անցել է Լա-Մանշ ջրանցքը: Ինն անգամ ոստիկանները բռնել են, հետ ուղարկել Ֆրանսիա: Տասներորդ անգամ հաջողվել է: Արսենի հետ եղած արաբ երիտասարդներից մի քանիսը, ովքեր եւս փորձում էին առանց թույլտվության երկիր մտնել՝ հավերժ մնացին հյուսիսային սառը ջրերի գրկում: Շատ վտանգավոր տեղ էին թաքնվել, իսկ թե որտեղ՝ Արսենն այդպես էլ չասաց:

Դիանան շատ ոգեւորված է պատմում: Տեսնելով իմ ծռված դեմքը՝ անցնում է մեկ ուրիշ պատմության, այն մասին, թե ինչպես կարելի է Բելգիա գնալ: «Իմ ծանոթը՝ Օֆելյան, այնքան լավ է գնացել: Մտել է երեխայի հետ գնացքի զուգարանը, սահմանն անցել, հետո էլ ուղեկցորդը խղճացել ու օգնել է»: Ես արդեն չեմ դիմանում. «Այ Դիանա ջան, դա շատ վտանգավոր է, երեխադ մեղք է, դեռ շատ փոքր է»:

Էմանուելը արդեն հինգ տարեկան է, Օֆելյայի Վիոլետիկը ընդամենը երկու ամսական՝ «Դիանա, ես քեզ չեմ հասկանում: Հանուն ինչի ես այս կյանքով ապրում: Խանութում ես աշխատում՝ Երեւանում էլ կարող ես նման գործ գտնել, ամուսինդ այնտեղ էլ կարող է ավտոմեքենա նորոգել, տուն ունեք, տեղ ունեք, վարձ չեք տա»: Բայց Դիանան, միեւնույն է, չէր հավատում, որ Հայաստանում կարող է աշխատանք գտնել: Նոր դարի սկզբին իր հիշողության մեջ դեռ քանդված ու մութ Հայաստանն էր: Դիանայից շատ վաղուց ոչ մի լուր չունեմ:

Որն էր մեր երկարատեւ Գաղթի պատճառը: Արդյոք միայն սովետական կենցաղի խղճուկությո՞ւնը: Արդյոք միայն շրջափակո՞ւմը: Երեւի թե ավելի շատ՝ արտասահմանի քիմեռը: Այն գրավիչ էր թվում ԽՍՀՄ նախկին քաղաքացուն, որը պատկերացում չուներ իրեն սպասող դժվարությունների եւ Բելգիայի գնացքների մասին: Եվ, իհարկե, սա բոլորին չի վերաբերում՝ պարզապես գաղթածներից ոմանց: Բայց եթե պատմել Սփյուռքից՝ ապա հարկավոր է բոլոր ձայները հնչեցնել, նույնիսկ տհաճ եւ կոպիտ ձայները՝ թող պատկերը ամբողջական լինի:

Չգիտեմ, թե ինչպես է այդ պատկերացումը մեր օրերում փոխվել, եւ արդյո՞ք փոխվել է: Եվ որտեղ է հիմա Դիանան: Երեւի՝ Բելգիայում: Իսկ միգուցե՝ Հայաստանում, չգիտեմ: Անցած տարի Մոսկվայում հանդիպեցի Երեւանից ժամանած ծանոթներիցս մեկին: Ասաց՝ եկել է մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելու: Ապրեց մոտ կես տարի, աշխատեց մասնագիտությամբ, ինչ-որ ուզում էր՝ սովորեց եւ հետ գնաց:

Այդ օրինակը ինձ համար Մեծ գաղթի ավարտի մասին լուրը բերած առաջին ծիծեռնակն էր: Արդեն այդքան համառ չենք գաղթում՝ ավելի շատ ճանապարհորդում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել