Աշոցքի շրջանի Հարթաշեն գյուղի անասունները հերթով վարակվում են այդ հիվանդությամբ, իսկ պետությունը փոխհատուցում չի նախատեսում:
Արդեն 1 ամիս է՝ վարակը թափանցել է լեռնային այս հեռավոր գյուղը: Գյուղացիների մոտավոր հաշվարկներով, 140 գլուխ անասուն արդեն վարակվել է, որից 100-ին արդեն ոչնչացրել են: Հարթաշենցիների պնդմամբ, վարակն իրենց այնպիսի նյութական վնասներ է պատճառել, որ շատ ընտանիքներ կորցնելով ապրուստի միակ միջոցը՝ հավաքվել ու որոշել են գյուղից արտագաղթել: Մեր՝ Հարթաշենում գտնվելու պահին դպրոցում սովից ուշաթափվել էր բրուցելոզից ամենաշատը տուժած ընտանիքի՝ Կարապետյանների երեխան: Նրանց 20 գլուխ անասունից 12-ը վարակվել է, որից 10-ին ոչնչացրել են: Կարապետյանների ընտանիքը բաղկացած է 12 անդամից, նրանք ոչ թոշակ են ստանում, ոչ էլ այլ եկամուտ ունեն: «Միսը համարյա ձրի մեզանից եկան տարան՝ պետք է վաճառեինք 1000-1200 դրամով, վաճառել ենք 700-ով, ոչ մի փոխհատուցում չկա պետության կողմից, անասունով ենք ապրում, մեր կրած վնասը մոտավորապես 2 միլիոն դրամ է».- դժգոհեց Կարապետ Կարապետյանը:
Դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիքյանն էլ, գյուղամիջում տեսնելով գյուղապետին, հորդորեց չմեղմացնել գույները ու հանդես եկավ ամբողջ գյուղի անունից. «Ինչպե՞ս հասկանանք փոխհատուցում չտալը, ձմեռվա կեսին մենք էնքան խոտ ենք կերցրել անասունին, արդեն 2 ամիս հետո անասունը արոտ պետք է ելնի, էդ անասունից մենք պետք է օգուտ ստանանք, ու օգուտը չենք տեսնում, եթե գաք տեսնեք իմ աշխատանքը՝ կխղճաք, որ 2 ինստիտուտ ավարտած էս մարդը 2 տուկ խոտի համար ընկել է դաշտերը, հիմա էլ 11 բարձրակիթ կովեր դուրս են եկել շարքից: Ես չգիտեմ՝ բրուցելոզ են կովերը, թե տուբերկուլյոզ, վերջին կովիս մի քանի օր առաջ սպանդի ենթարկեցին: Բայց ես լաց չեմ լինում, ես աշխատավարձ ունեմ, փառք Աստծո, բա հասարակ գյուղացի՞ն ինչ անի: Օրերս 3 ծնող եկել էին, թե էրեխեքիս թղթերը տվեք, քաղաք ենք տեղափոխվում, ասում են՝ անասուն չունենք, մնանք էս գյուղում՝ ի՞նչ անենք: Փոխհատուցման համար դիմել ենք գյուղապետարան, մարզպետարան, սակայն ճար չկա, հեռուստատեսությամբ հայտնել են, որ փոխհատուցում բառը մտքներիցդ հանեք: Ասում են, եթե ձեր անասունը շարքից դուրս է եկել, սպանդի ենթարկեք: Եթե բարեհաճեին դեկտեմբերին բոլոր հիվանդ անասուններին հավաքեին, էսպիսի բռնկում չէր ստացվի, մեր գոմում մի քանի անորակ մոզի է մնացել: Ես չգիտեմ ի՞նչ են մտածում գյուղատնտեսության նախարարությունում, հլը նախարարին մարդ հարցնի՝ Աշոցքի տարածաշրջանի տեղը գիտի՞, գյուղապետն ու մարզպետարանի գյուղվարչության պետն ի՞նչ անեն, անկարող մարդիկ են, ամբողջ գյուղը հրի ու սրի է մատնված»: Գյուղացիներից մեկի՝ Բաբկեն Մացակյանի խոսքերով էլ, գյուղի հողերն այնքան անջրդի են ու անպիտան, որ անասնապահությունից բացի՝ այլ զբաղմունքի մասին մտածելն անիմաստ է. «Եթե անասունը գոմից պիտի վերացնենք, գոմի դուռն էլ փակենք, էլ ստեղ մնալներս քանի՞ կոպեկ արժի: Մեզ մոտ կարկուտն էլ էնքան շատ է, որ չես կարող մտածել հացահատիկ ցանելու մասին, չորային տեղ է՝ անձրեւ չկա: Գյուղը նաեւ տեխնիկա չունի, մերը սաղ գնովի է, ալյուրից սկսած՝ քաղաքից ենք գնում»:
Նշենք, որ այս պահին գյուղում հատուկ հսկողություն է իրականացվում, գրեթե բոլոր պատասխանատու կառույցների՝ սանէպիդի, սննդի անվտանգության տեսչության, անասնաբուժական ծառայության եւ այլ ներկայացուցիչներ օրումեջ Հարթաշեն են շտապում: Գյուղում իրավիճակն այնքան լուրջ է, որ սկսել են արյան անալիզ վերցնել նաեւ անասունների հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մարդկանցից՝ պարզելու՝ վարակվա՞ծ են, թե՝ ոչ: Հարթաշենի բուժկենտրոնի բուժքույր Հասմիկ Ավետիսյանը վստահեցրեց, որ ստուգման ենթարկված 50 անձանցից մինչ այժմ ոչ մի վարակված չեն հայտնաբերել, ստուգման են տանելու եւս 51-ի արյունը: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Ալեքսան Հարությունյանն էլ որոշ չափով մեղադրում է գյուղացիներին՝ անասնագոմերում հիգիենիկ պայմաններ չստեղծելու համար. «Եթե այդ գոմում պիտի պահվի 5 անասուն, ապա պահում են 10-15-ը, խիտ է, դուք էլ, ոչ մասնագետներն էլ գիտեն, որ ինչքան շատ եղավ, էնքան վարակը արագ կտարածվի, ուրիշ հիվանդություններ կարող են գլուխ բարձրացնել: Վարակի աղբյուրը չես կարող ասել, դա անհնարին է, որովհետեւ ամբողջ հանրապետության մի ծերից մյուս ծերը անասունը շարժվում է: Ամբողջ տարածաշրջանում միակ տեղն է, որտեղ կա բրուցելոզ: Անասունների մեջ կան եւ կասկածելիներ, եւ խիստ վտանգավորներ, բայց մենք ամեն ինչ անում ենք լավացման համար, տները, գոմերն ենք ախտահանում, համապատասխան ցուցում է տրված, որ մինչեւ ամսվա վերջ հիվանդ անասուններին դուրս բերենք, կատարենք համապատասխան միջոցառումներ»: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են անում հիվանդ անասունների միսը, շուկայո՞ւմ են վաճառում: «Մենք հիմնականում ուղարկում ենք մսի կոմբինատներ, Երեւանում, Գյումրիում ունենք կետ, ջերմային վերամշակումից հետո միսն օգտագործելի է, վնաս չի բերում»,- հանգստացրեց մասնագետը: Գյուղապետ Գրիշա Գալստյանը փաստեց, որ տուժել է 26 տնտեսություն, իսկ թե ինչքան է նյութական վնասի չափը՝ գյուղապետը հաշվարկ չի արել՝ ասելով, որ դա իր գործը չէ: