Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փայտահրազենային կռիվ՝ Ալավերդիում

Փետրվար 21,2009 00:00

Ոսկյա երիտասարդությունը կրկին «փայլեց»

Փետրվարի 19-ին, երեկոյան ժամը 19.40-ի սահմաններում, Ալավերդու Սարահարթ թաղամասի 2/29 շենքի մոտ հավաքված էին 20-ից ավելի երիտասարդ տղաներ: Նրանցից 3-ը Ալավերդու քաղաքապետարանի «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի ղեկավար Համլետ Միրզոյանի որդիներն էին, նրանց հետ էին նաեւ Ալավերդիում հանրահայտ քրեական Ղոժի Գագոյի տղան, Վասիկո Շահվերդյանը եւ Ալավերդու «ախպերության» նորաթուխ այլ մանկլավիկներ: Ուշագրավ էր, որ նրանցից մի մասը, մասնավորապես Համլետ Միրզոյանի որդիները, զինված էին մեծ փայտերով: «Արա, ասա, ասա, թող էդ բ..ի տղեն ստեղ գա»,- գոռում էր հավաքվածներից մեկը: Չանցած 5 րոպե, 2/26 շենքի դիմաց գտնվող նախկին կենցաղի տան շենքի բակ մտավ արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայի նման թանկարժեք մի ավտոմեքենա: Հավաքվածներն անմիջապես հարձակվեցին ավտոմեքենայի վրա: Մինչ ավտոմեքենայի մեջ գտնվողները դուրս կգային, փայտով զինվածները սկսեցին անխնա հարվածել մեքենային: Արագորեն մեքենայից դուրս թռան երկու երիտասարդներ, մի պահ սկսվեց հայհոյախառն ձեռնամարտ, ապա լսվեց ատրճանակի կրակոց, որից հետո անմիջապես հարձակվողները ցաքուցրիվ փախան:

Կռիվը կարճ տեւեց, սակայն այդ ընթացքում դանակահարվել է Կարեն Միրզոյանը: Ալավերդու Առողջապահական կենտրոնի փետրվարի 19-ի հերթապահ բժիշկ Սերգո Նազարեթյանից տեղեկացանք, որ Կարեն Միրզոյանին ազդրերի շրջանում դանակահարության ծանր վնասվածքներով ու ծանր արյունահոսությամբ հիվանդանոց են տեղափոխել երեկոյան ժամը 20.15-ին: Հիվանդանոցում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոց:

Ըստ Ալավերդիում շրջանառվող լուրերի, կռվող մյուս կողմը եղել են Ալավերդու Սանահին գյուղական թաղամասում հանրահայտ Չալբո մականունով Ալբերտ Սիմոնյանի որդիները: Կռվից հետո դեպքի վայրում եւ շրջակայքում ամբողջությամբ արյուն էր:

Ալավերդու ոստիկանապետ Արտուշ Բոշյանը, ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնեց, որ դեպքի հետ կապված ձերբակալվածներ առայժմ չկան, հետաքննություն է ընթանում, հետաքննության շահերից ելնելով՝ չի կարող կասկածյալների անուններ հրապարակել: Ոստիկանապետը նաեւ հայտնեց, որ հետաքննությունը նորմալ է ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել