Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԱԾ ԵՆ

Փետրվար 21,2009 00:00

\"\"Այս կարծիքին է Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

«ՀՀ առաջին նախագահի լիազորությունների ժամկետում տեղի ունեցան քաղաքական դատավարություններ Դաշնակցության նկատմամբ, եւ, փաստորեն, քաղաքական գործընթացները նորանկախ մեր պետության մեջ առաջին անգամ այդպես քրեականացվեցին: Նույն պրակտիկան կրկնվեց Քոչարյանի օրոք, երբ 2004-ին շինծու քրեական գործ հարուցվեց «Արդարություն» դաշինքի նկատմամբ, եւ հետագայում այդ գործը կարճվեց, սա նույնպես օրինակ է: Եվ երրորդը՝ գործող նախագահի օրոք դարձյալ քաղաքական գործընթացները, վերջին հաշվով, քրեականացվում են. ես նկատի ունեմ, այսպես կոչված՝ «7»-ի գործը, եւ այս ամենը չափազանց բացասական երեւույթ է նորանկախ Հայաստանի քաղաքական զարգացման եւ քաղաքական համակարգի համար»,- «Առավոտի» հետ զրույցում, գնահատելով իրավիճակն, ասաց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նրա կարծիքով, այս ամենը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով. «Մասնավորապես, 1996-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցան հայտնի դեպքերը՝ բռնություններ եւ ճնշումներ, ի դեպ, հայտնի է, որ մեր ժողովուրդը առավելագույն ակտիվություն է դրսեւորում հենց նախագահական ընտրությունների ընթացքում, եւ այդպես է, քանի որ, մեր ժողովրդի ընկալմամբ, հենց նախագահական ընտրություններն են ի զորու հանգեցնել արմատական փոփոխությունների, այն է՝ իշխանափոխության: 2003-ի նախագահական ընտրություններից հետո, արդեն 2004-ի ապրիլի 12-ին, տեղի ունեցան հայտնի դեպքերը, երբ այդ ժամանակ գործող իշխանությունը խորհրդարանի տարածքը վերածեց «կազարմայի» եւ հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա։ Եվ, վերջապես, 2008-ի նախագահական ընտրություններից հետո եղավ մարտի 1-ի ողբերգությունը, եւ, կարծես թե, նախագահական ընտրությունների հետ կապված՝ դարձյալ քաղաքական գործընթացները քրեականացվեցին, եւ, ցավոք, արդեն վատ ավանդույթ է դառնում այս ամենը»:

Մեր հարցին՝ իսկ ո՞րն է այն հիմնական պատճառը, որը ստեղծեց այսպիսի վատ ավանդույթ, պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում չի ձեւավորվել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու ավանդույթ, ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության պրոցես, որը ցանկացած ժողովրդավարական երկրի համար անհրաժեշտ պայման է: Բացի սրանից, մեզանում բնականոն չեն զարգանում նաեւ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները. իշխանությունը միշտ փորձում է ամեն գնով պահել իշխանությունը՝ իր կատարած հանցագործությունները պարտակելու համար, իսկ ընդդիմությունը փորձում է գալ իշխանության՝ իշխանություններին ոչնչացնելու նպատակով: Ինքնաոչնչացման այս սինդրոմը դարձել է մեր երկրի քաղաքական պատմության բաղկացուցիչ մասերից մեկը»:

Վիկտոր Դալլաքյանը, զուգահեռ անցկացնելով 90-ականներին Դաշնակցության դեմ իրականացվող դատավարության եւ այսօր «7»-ի գործով ընթացող դատավարությունների միջեւ՝ ասաց, որ Դաշնակցության գործիչները դատական պրոցեսն արդյունավետ օգտագործում էին քաղաքական հայտարարություններ անելու եւ գնահատականներ տալու համար, իսկ «7»-ի գործով քաղաքական գործիչներն ընտրել են այլ տակտիկա. «Նրանք, քաղաքականացնելով հանդերձ, փորձում են դատական պրոցեսը տանել դեպի փակուղի: Սա եւս քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից կարող է ընկալելի համարվել»: Պատգամավորի կարծիքով, ստեղծված իրավիճակում կան ելքեր, եւ դեպի այդ ելքերը պետք է գնա գործող իշխանությունը՝ կատարելով մի շարք անհրաժեշտ քայլեր. «Առաջին՝ պատասխանատվության ենթարկել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների կազմակերպիչներին, երկրորդը՝ իրականացնել լայնամասշտաբ համաներում, երրորդը՝ ռեալ քայլեր կատարել Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար, չորրորդը՝ ստեղծել ազատ տնտեսական մրցակցության լայն հնարավորություններ եւ այնպես աշխատել, որ գործող իշխանությունների քաղաքական հայացքներից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող գործարարները չտուժեն եւ հետապնդումների չենթարկվեն այլ հայացքներ ունենալու համար: Եվ, վերջապես՝ գործող իշխանությունները պետք է ազատվեն Քոչարյանի բացասական ժառանգությունից, մասնավորապես՝ ե՛ւ նրա մեթոդներից, ե՛ւ կադրային քաղաքականությունից»:

Մենք նկատեցինք՝ սրանք կմնան լոկ որպես լավագույն ցանկություններ, քանի որ արդեն վաղուց պարզ է, որ այդ «անհրաժեշտ քայլերից» ոչ մեկը իշխանությունը չի անելու: Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ համամիտ էր մասամբ եւ ասաց. «Այսօրվա ընդդիմությունը եւ իշխանությունը ինչ-որ առումով գտնվում են պատային եւ պատանդային իրավիճակում: Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ՝ եվրոպական կառույցներն առաջարկում են կամ համաներում անցկացնել, կամ Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եւ դա տեղի չի ունենում. իշխանությունը սա գնահատում է որպես իր հաղթանակ, իսկ եթե դա տեղի ունենար, ընդդիմությունը համարելու էր, որ ինքն է հաղթել: Հենց այս պատային իրավիճակի պատճառով է, որ իշխանությունը եւ ընդդիմությունը բարդույթավորված են: Նորից եմ կրկնում՝ իշխանությունը պետք է դրսեւորի խելամիտ մոտեցում եւ կշռադատված քայլեր իրականացնի ներքաղաքական լարվածությունը մեղմացնելու: Իշխանությունն այլընտրանք չունի: Հակառակ պարագայում խորքային որոշ պրոցեսներ առավել տեսանելի եւ զգալի են դառնալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել