Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի հանձնաժողովը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը

Փետրվար 21,2009 00:00

Երեկ հայտարարեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը Մամուլի ազգային ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազդարարեց հանձնաժողովի վերջին նիստից հետո իր մտահոգությունների մասին. «Մեզ զեկուցվեց, թե հնարավոր չէ նույնականացումը, թե որ կարաբինից արձակված կրակոցի հետեւանքով է քաղաքացին ստացել մահացու վնասվածք»: Եվ կրկնեց այն, ինչ արդեն ասել էր հանձնաժողովի նիստում. «Կարողացանք ժամանակակից քրեագիտության մեջ նոր էջ բացել՝ ունենք 3 սպանված մարդ, 4 կարաբին, 4 կրակող եւ չենք կարողանում նույնականացնել, թե ո՛ր կրակոցից վրա հասավ մարդու մահ: Դա ինձ համար անընդունելի փաստ է»: Հիմնավորեց իր դիրքորոշումը. «Եթե իշխանությունը զոհված քաղաքացիների նկատմամբ ունի վերաբերմունք որպես խռովարարի, որի մահը իրենց քիչ է հետաքրքրում, եւ այդպիսի վերաբերմունքով է առաջ շարժվում, ապա համարում եմ դա անընդունելի: Երկրորդ մոտեցումը՝ ենթադրենք, թե 3 մահն էլ վրա են հասել 1 կարաբինից արձակված կրակոցների հետեւանքով. այդ դեպքում մենք ունենք ոստիկանությունում ծառայող մոլագար, որը հաճույք է ստանում իր քաղաքացիներին սպանելով»: Եվ որպեսզի հնարավոր լինի ժխտել այդ երկու տարբերակները՝ Գուրգեն Արսենյանը պարտադիր համարեց, որ ցանկացա՛ծ միջոցի օգտագործմամբ՝ «տեխնիկական, վերլուծական, փորձագիտական»՝ պարզվեն այս զոհերի պատասխանատուները: Ըստ նրա՝ իրավապահների տված բացատրությունից հետո հանձնաժողովը չպետք է կանգ առնի ու հուսախաբ կամ թեւաթափ լինի. «Եթե մենք չկարողանանք պարզել այդ իրականության մասնակիցներին, թե ով ինչ դերակատարում է ունեցել, ապա «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի գործունեություն» ձեւակերպումը կդառնա անիմաստ, քանի որ ԱԺ որոշման ամենակարեւոր թեզերից մեկն էլ մահվան հանգամանքների պարզաբանումն է»:

Գուրգեն Արսենյանը հայտարարեց. «Որպես «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամ՝ գտնում եմ, որ հանձնաժողովը նաեւ պետք է կոշտացնի, խստացնի իր դիրքորոշումները, որովհետեւ մասնագիտական մարմինների կողմից մեզ ներկայացված այդ տեսակետը, թեզը, ինձ՝ որպես հանձնաժողովի անդամի, ՀՀ քաղաքացու ու քաղաքական կառույցի ղեկավարի՝ չի բավարարում»: «Առավոտի» խնդրանքով որոշակիացնելով, թե ինչ գործողություններ է ենթադրում՝ դիրքորոշման խստացման մասին ասելով, ՄԱԿ ղեկավարն ասաց. «Առաջին հերթին, գտնում եմ, որ ժամանակն է, որպեսզի հանձնաժողով հրավիրվեն ժամանակին ոստիկանապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցնող անձնավորությունները, որոնք պետք է բացատրություններ տան այդ օրվա իրադարձությունների հետ կապված: Երկրորդ՝ գտնում եմ, որ «Մարտի 1»-ի հանձնաժողովը պետք է ավելի մանրամասն եւ առավել պահանջկոտությամբ դիմի այն պետական մարմիններին, որոնք իրենց գործառույթների շրջանակում պատասխանատու են որոշակի գործողություններ իրականացնելու համար»:

Նաեւ նշեց, թե հանձնաժողովի աշխատանքը նման է մի բուրգ բարձրանալու, որի ճանապարհին կա «խուլ ու շա՛տ համառ դիմադրություն»: Սակայն հրաժարվեց որոշակիացնել, թե ինչպես է դա դրսեւորվում. «Քանի որ չեմ բացառում, թե վաղը կարողանանք մեր համառության կամ դիրքորոշումների կոշտացման հետեւանքով հաղթահարել այն դիմադրությունը, որն այսօր կա»:

Հ. Գ. Այս ասուլիսում էլ Գուրգեն Արսենյանը հերթական անգամ իր բացասական գնահատականը հնչեցրեց «Բջնի» գործարանի շուրջ ողջ գործընթացի վերաբերյալ: Սակայն մեր հարցին, թե քանի որ Վարչական դատարանում 8 գործ կա «Բջնիի» վերաբերյալ՝ հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում գնորդի իրավունքների վիճարկման խնդիր առաջանա, պրն Արսենյանը պատասխանեց. «Դա վաճառողի՛, վաճառքն իրականացնողի՛ խնդիրն է լինելու: Եթե վաճառքն իրականացվել է Հայաստանի Հանրապետության անունից, ապա պետությունն էլ այդ վաճառքն իրականացնելու համար հետագայում պետք է պատասխան տա՝ իր օրինաչափ կամ ոչ օրինաչափ գործողությունների համար: Դա գնորդի խնդիրը չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել