Անգամ տաքսիներում լսած լուրերը երբեմն իրոք ավելի արժանահավատ են, քան այն, ինչ մարտի 1-ից հետո հաղորդում էին իրավապահ մարմինները:
Սայաթ Շիրինյանն էլ էր պնդում, թե մարտի 1-ին զենք չի կիրառվել
2008-ի մարտի 5-ի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հարց էր ուղղվել. «Պարոն նախագահ, կարծում եմ՝ ձեզ զեկուցել են, որ այս օրերին տարատեսակ, անգամ անհավանական լուրեր են տարածվում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց»: Եվ նա համոզմունք էր հայտնել, թե այդ լուրերը պատահական չեն. «Տարածում են, թե իբր զոհերի քանակն այլ է, կորած մարդիկ կան: Բացարձակապես սուտ է»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ պնդել էր, թե գիտեն այդ լուրերի տարածման ձեւը. «Հատուկ մարդիկ են նստեցնում տաքսիները, երթուղային տաքսիները, որպեսզի սուտ լուրեր տարածեն»:
Չենք փորձի գուշակություններ անել, թե իրոք ընդդիմադիրները հատուկ մարդի՞կ են նստեցրել երթուղայիններ: Խոսենք այն մասին, թե արդյոք որեւէ անձ, որը հակված չէ հավատալ տաքսիներում լսածներին եւ վստահում է զուտ պաշտոնական տեղեկատվությանը՝ այդպիսով ստանո՞ւմ էր հավաստի լուրեր: Տվյալ դեպքում մեջբերելու ենք անցած տարվա մարտի 1-ից հետո դատախազության եւ ոստիկանության տարածած լուրերից, որոնք բոլորը քաղել ենք այդ մարմինների պաշտոնական կայքէջերից:
Սկզբի համար՝ մի քանի ծեծված հարցեր: Արժանահավա՞տ էր արդյոք ՀՀ ոստիկանության մարտի 1-ի հաղորդագրությունը Ազատության հրապարակում առավոտյան տեղի ունեցածի վերաբերյալ, եթե մինչ այժմ էլ չի ներկայացվել դրա հետեւյալ պնդումները հաստատող տեսագրությունը. «Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Այս կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա»:
Իրականությանը չհամապատասխանո՞ղ չէին արդյոք իշխանությունների բազմաթիվ պնդումները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի «ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված չէ, «տնային կալանք» ինստիտուտ օրենսդրությամբ նախատեսված չէ»: Երբ մարտի 1-ից նրա առանձնատունը հսկում էին զինված ոստիկանները՝ 2-3 տեղում: Նաեւ խուզարկում էին նրա տուն մտնողներին՝ անգամ արտասահմանյան դիվանագետներին:
Արդյոք ճշմարտությո՞ւնն էր ասում ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, երբ մարտի 3-ի իր հեռուստաելույթում պնդում էր, թե «հայ զինվորի, հայկական բանակի զինվորի վրա… հրազենային կրակ արձակվեց: Լինելով հայոց բանակի սպա՝ անկարող էի պատկերացնել, որ հայը կկրակի հայ զինվորի վրա»: Այս անգամ վերստին չենք հիշեցնի, որ մինչեւ հիմա էլ ընդդիմադիրներից որեւէ մեկի մեղադրանք առաջադրված չէ զենք գործածելու համար: Ուղղակի կմեջբերենք մայիսի 26-ին գլխավոր դատախազության ներկայացրած առարկություններից՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի կապակցությամբ: Վերջինիս այն հարցադրմանը, որ եթե առավոտյան Ազատության հրապարակում իրոք հայտնաբերվել էին նռնակներ ու ատրճանակներ, «ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով եւ դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ», դատախազությունը պատասխան հարց էր առաջադրել. «Ի՞նչ պարտադիր պայման է զենք կրողի կողմից դրա օգտագործումը, այն էլ՝ քողարկված «խաղաղ հավաք» անցկացնելու պայմաններում»:
Հավաստի՞ էին արդյոք մարտի 1-ից հետո իրավապահ մարմինների խոսնակների պնդումները, թե ցուցարարների ուղղությամբ իրավապահները չեն կրակել: Այս կապակցությամբ միշտ հիշատակվում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի մարտի 5-ի ճեպազրույցում արած պնդումը. «Այսօրվա դրությամբ նախաքննության ունեցած տվյալներով կարող եմ հայտարարել, որ իրավապահ մարմինների կողմից ցուցարարների ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակվել անգամ զանգվածային անկարգությունների ժամանակ»: Սակայն օրեր անց նաեւ ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանն էր ասուլիսում նշել. «Ես ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում օրենքը թույլ էր տալիս, որպեսզի ոստիկանները զենք կիրառեին, բայց պաշտոնապես հայտնում եմ, որ ոստիկանության ծառայողների եւ ոստիկանության զորքերի կողմից զենք չի կիրառվել»:
Ի դեպ, մարտի 5-ի ասուլիսում Սոնա Տռուզյանը խոսելով խանութների կողոպուտի մասին՝ նշել էր. «Պետք է ասեմ, որ հրահրված զանգվածային անկարգություններից օգտվել են նաեւ հանցավոր տարրերը»: Սա իրոք նախաքննությամբ հաստատված փաստ է: Եվ այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք այլոց ճշմարտախոսության դասեր տվող Ռոբերտ Քոչարյանն իրականությո՞ւնն էր ասում, երբ մարտի 1-ի ասուլիսում հայտարարում էր. «Բոլորին հայտնի է նաեւ, թե ինչով են զբաղված ցուցարարները՝ մեքենաներ են հափշտակում, խանութներ են թալանում»:
Արդյոք հավաստի՞ էր այն հաղորդագրությունը, որը ապրիլի 2-ին տարածեց դատախազությունը՝ ոստիկանության ավտոմեքենայի կողմից ցուցարարների վրաերթի ենթարկելու մասին լուրերի կապակցությամբ պնդելով, թե նախաքննությամբ այդ լուրերը չեն հաստատվել: Մինչդեռ նախաքննության նյութերից պարզվեց, որ այդ հաղորդագրությունից մի քանի օր անց՝ ապրիլի 7-ին հարցաքննվել է Պարոնյան փողոցում ոստիկանության զորքերի փշալարեր տեղափոխող մեքենայի կողմից վրաերթի ենթարկված Գեւորգ Թեւանյանը:
Եվս մի հարց՝ ո՞ւմ պիտի հավատա պաշտոնական մարմինների տեղեկատվությանը վստահող քաղաքացին, եթե դատախազության մարտի 2-ի հաղորդագրության մեջ պնդում կա, թե վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը մահացել է հրազենային վնասվածքից, իսկ հետո ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մարտի 12-ի ասուլիսում պնդեց. «Մեր սպան զոհվել է իրեն մարտական նռնակի վրա գցելով՝ իր ենթակաների կյանքը փրկելու նպատակով, այդ փաստն ապացույցի կարիք չունի»: Եվ ի վերջո՝ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ամիսներ անց հայտարարեց. «Համլետ Թադեւոսյանը զոհվել է ոչ թե նռնակի պայթյունից, այլ նռնակի պայթեցուցիչից»:
Եվս մի մեջբերում ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի մարտի 12-ի ասուլիսից, որը նա տվել էր ՀՀ ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանի հետ միասին: Լրագրողի հարցին՝ «Իմ գործընկերները եւ ես ականատես ենք եղել, որ մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կային հրազենային վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ, մինչդեռ դուք պնդում եք, որ վնասվածքները հասցրել է հակառակ կողմը»՝ Գեղամ Պետրոսյանը պատասխանել էր. «Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ ոստիկանության զորքերի ծառայողների եւ զինծառայողների մոտ այդ օրը մարտական զենք չի եղել»: Ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել էր. «Լուրեր են պտտվում, որ այդ օրը շենքերի տանիքներից սնայպերական զենքերից են կրակել», եւ Սայաթ Շիրինյանը պատասխանել էր. «Լավ նշեցիք, որ դրանք սոսկ լուրեր են: Նման կարգի լուրերը մարդկանց մոլորեցնելու համար են»: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովին հյուրընկալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ դիպուկահարն ամբողջ ընթացքում գտնվել է իր կողքին՝ Լեոյի փողոցի վրա, եւ միայն այն պահին, երբ տեսել է, թե ինչպես է ցուցարարը կրակում զինծառայող Տիգրան Աբգարյանի վրա՝ հրահանգել է վնասազերծել կրակողին:
Թերեւս այլեւս չարժե մեկնաբանություններ անել եւ անգամ հարց տալ, թե ուրեմն ո՞վ էր ում մոլորեցնում: