«Մեր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել: Կային ինչ-որ սպասումներ, հույսեր, որ տեղի կունենան իրադարձություններ, որի արդյունքում Հայաստանի հասարակական կյանքը կբարելավվի կամ մթնոլորտը կփոխվի, բայց, ցավոք, տեղի չունեցավ: Որոշակի հուսախաբություն կա»,- նախագահի ընտրությունից 1 տարի անց իրավիճակը երեկ այսպես գնահատեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Եվ մանրամասնեց. «Հայաստանի կառավարիչների գործունեությունը ճգնաժամի պայմաններում ինձ շատ զարմացնում է: Զարմացնում է նաեւ այն, որ կառավարիչները, չգիտես ինչու, կարծում են, որ ժողովրդի քաղաքական կամ տնտեսական սեգմենտի ներկայացուցիչները մանկամիտ են եւ կարող են կուլ տալ այն ամենը, ինչ իրենք փորձում են ապուրի կամ շիլայի տեղ ներկայացնել: Այդպես չէ: Տեսնում ենք, կառավարիչների մի մասի անճարակությունը, որը փորձում են քողարկել ճոռոմաբանությամբ»: Ըստ Գուրգեն Արսենյանի՝ խախտվում են որոշակի սկզբունքներ. «Նախագահ Քոչարյանի ժամանակ կային հստակ արձանագրված սկզբունքներ, սահմաններ եւ խաղի կանոններ, որոնք չէին խախտվում ոչ մի դեպքում՝ ով ում բարեկամը, ընկերը կամ հարազատն ուզում է լինի: Այսօր ես տեսնում եմ, որ կառավարության գործունեության մեջ կա խաղի կանոնների որոշակի խախտում, որը չի զսպվում ՀՀ նախագահի կողմից»: Մանրամասնելով, թե ինչ խախտումների մասին է խոսքը, ասաց. «Օրինակ՝ կառավարությունը որոշել է 15 տոկոս ներմուծման տուրք սահմանել: Դա նշանակում է, որ կառավարությունը թանկացնում է ՀՀ բնակիչների կյանքը»:
Կարդացեք նաեւ՝