Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՆՏ՝ ԳԱԶՆ ԱՆՋԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փետրվար 20,2009 00:00

Նախօրեին «ՀայՌուսգազարդի» Եղվարդի գրասենյակի տնօրենը մոտ 20-30 աշխատակիցների ուղեկցությամբ քաղաքով մեկ շրջել է ու գազի զանգվածային անջատումներ է արել: Եղվարդցիների հավաստմամբ, պատճառը եղել է այն, որ բնակիչները գազի գրասենյակին պարտքեր են ունեցել: Անջատվել է անգամ նախորդ ամսվանից 3000-5000 դրամի պարտք ունեցող բնակիչների գազը: Այդ զանգվածային անջատումներից հետո, շուրջ 300 եղվարդցի բողոքի ակցիա է կազմակերպել Եղվարդի ավտոկայանի տարածքում: «Առավոտին» դիմած Եղվարդի մի խումբ բնակիչներ վստահեցրին, որ գազի գրասենյակի աշխատակիցների եւ բնակիչների միջեւ նույնիսկ ընդհարումներ են եղել. գրասենյակի աշխատակիցները շատ կոպիտ են վերաբերվել բնակիչներից մեկին, երբ վերջինս խնդրել է չանջատել իր բնակարանի գազը, քանի որ տանը ծեր հիվանդ է ունեցել. «Ի՞նչ խաբար է: Միշտ մինչեւ ամսվա վերջ ժամանակ ունեինք, իսկ հիմա ամսվա կեսն է, կմուծենք, էլի: Սա հո օլիգարխների քաղաք չէ: Մարդկանց ձեռքը գործ չկա, փող չկա, ամենքը սպասում են մինչեւ ամսվա վերջ՝ մի 2 կոպեկ ձեռքներն ընկնի, որ տանեն կոմունալ վարձերը մուծեն: Իսկ դրանք դուշմանների պես տրուբեքը սվարկեցին գնացին»: Իսկ երբ բնակիչները փորձել են ճշտել, թե ով է վերականգնելու եռակցված խողովակը, որն այլեւս գազ չի մատակարարում, գրասենյակի աշխատակիցները պատասխանել են՝ «Կբերեք 40 հազար դրամ կմուծեք, կգանք կսարքենք»:

Բնակիչների խոսքերով՝ գրասենյակի աշխատակցի, բնակիչների եւ Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի միջեւ գազամատակարարումը վերականգնելու շուրջ բանակցություններ են ընթացել, սակայն երեկ, ժամը 17-ի դրությամբ, բնակիչները «Առավոտին» վստահեցրին, որ դեռեւս գազ չունեն: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերությունից պարզաբանեցին, որ գազամատակարարման դադարեցումը կատարվել է օրենքի սահմաններում. «Ինչպես պայմանագրով նախատեսված էր, անջատումից 3 օր առաջ ծանուցվել է բնակիչներին, որից հետո չվճարելու դեպքում կատարվել են զոդման աշխատանքներ եւ գազն անջատել: Վճարման վերջնաժամկետը ամսի 15-ն է, իսկ բնակիչների պարտքերը ոչ թե 1000-5000 դրամ է, այլ 10 հազարից ավելի: 5000-ի դեպքում անջատում չէր կատարվի, քանի որ զոդման աշխատանքներն ավելի թանկ արժեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել