«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դիմորդների համար նախատեսված գրականությանը, եւ ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի հորդորները՝ օգտվել հատկապես ԳԹԿ-ի հրատարակած կամ երաշխավորած թեստերի ժողովածուներից: Այսօր գրախանութները ողողված են տարբեր թեստերի ժողովածուներով: Սակայն ինչպե՞ս պարզել՝ դրանցից ո՞րն է ճիշտ ընտրելը: Կա՞ն արդեն ԳԹԿ-ի երաշխավորած ձեռնարկները: Այս հարցերով դիմեցինք Գնահատման եւ թեստավորման կենտրոն: Մեր հարցին պատասխանեց ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը: Նա տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են օտար լեզվի լրացուցիչ ձեռնարկները. «Արդեն հրատարակվել են «Անգլերեն 5 թեստ», «Ֆրանսերեն 5 թեստ» թեստերի ժողովածուները: Նշեմ, որ շուտով այդ վերնագրով եւս նոր ժողովածուներ լույս կտեսնեն: Դրանք կարելի է ձեռք բերել գրախանութներից, ցանկության դեպքում դպրոցները կարող են դիմել նաեւ ԳԹԿ»: