Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 20,2009 00:00

Ոստիկաններն ու Շեքսպիրը

Լոնդոնի «Գլոբուս» շեքսպիրյան թատրոնը որոշել է ներկայացումների անվճար դիտումներ կազմակերպել շուրջ 10 000 դպրոցականների համար: Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները, սակայն, համոզված են, որ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը» բացասաբար կարող է անդրադառնալ միմյանց հետ կոնֆլիկտ ունեցող երիտասարդ խմբավորումների վրա: Ոստիկանները կարծում են, որ 16-րդ դարում ստեղծված շեքսպիրյան ստեղծագործությունը՝ Մոնտեկիների ու Կապուլետիների կլանների միջեւ պայքարի մասին, քարոզում է սառը զենքի կիրառումն ու դաժանությունները: Օրենքի բրիտանացի պաշտպաններին դուր չի եկել հատկապես այն տեսարանը, որտեղ Ջուլիետն ինքնասպան է լինում Ռոմեոյի դաշույնով: «Գլոբուսի» ռեժիսոր Բիլ Բակհերստը ստիպված պարբերաբար քննարկումներ է կազմակերպում ոստիկանության սպաների հետ՝ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, որպեսզի կարողանա փրկել իրենց ակցիան ձախողումից, տեղեկանում ենք BBC.com-ից:

Դիմակները գտան տերերին

\"\"Օրերս կայացել է Կինոյի եւ հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) հերթական մրցանակաբաշխությունը, որը «Օսկարի» բրիտանական տարբերակն է: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Դենի Բոյլի «Հետնախորշերի միլիոնատերը»: Նույն ռեժիսորի «Ոչ խոր գերեզման» աշխատանքն էլ 1995-ին BAFTA-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն բրիտանական ֆիլմ: 2008-ի լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեյթ Ուինսլետը, լավագույն դերասան՝ Միկի Ռուրկը: Հիշեցնենք, որ Քեյթը բառացիորեն վերջերս նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել: Իսկ նոր ծագող աստղ անվանակարգի հաղթողը, ըստ BAFTA-ի, պարզվում է՝ Նոել Կլարկն է:

Հավելենք, որ BAFTA-ի մրցանակները դիմակներ են:

Թմրամոլ փոքրիկը

Մատու Գրոսու բրազիլական նահանգում մեկ տարեկան երեխային տեղափոխել են հիվանդանոց՝ թմրադեղերի մեծ չափաբաժին ընդունելու համար։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Newsru. com-ը։ Ըստ հետաքննության վարկածի՝ 15 ամսական տղան պատահաբար կերել է կոկաինի չափաբաժինը, որը գտել է 18-ամյա թմրամոլ մոր անկողնում։

Բժիշկները երեխայի ստամոքսի լվացում են արել, որպեսզի փոքրիկի մարմնից հեռացնեն թմրանյութերի մնացորդները։ Տղան այժմ հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժնում։ Բժիշկները երեխայի իրավիճակը կայուն են գնահատում։ Երեխայի մայրը ձերբակալված է։ Ըստ ոստիկանության տվյալների՝ նա մեծ փորձ ունեցող թմրամոլ է։ Կինը զրկվելու է ծնողական իրավունքներից։

Կոելիոն՝ ռեկորդակիր

\"\"Բրազիլացի ճանաչված գրող Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոս» վեպը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես 2008-ի ամենաշատ թարգմանված գիրք: «Ալքիմիկոսը» թարգմանվել է 68 լեզվով եւ տարածվել ամբողջ աշխարհում՝ 100 մլն տպաքանակով: Մարտին էլ ռուսերեն լույս կտեսնի Կոելիոյի 12-րդ՝ «Մեկն է մնում հաղթող» վեպը: Նշենք, որ հարցազրույցներից մեկում, պատասխանելով այն հարցին՝ չի՞ վախենում ծերությունից, Կոելիոն ասել է. «Պատճառ չկա դրանից վախենալու: Կարեւորն այն է, որ մարդ միշտ խնամված պահի իր ներքին այգին՝ հոգին… Տարիքը մարդու վրա անդրադառնում է այնպես, ինչպես գինու վրա՝ ավելի է ազնվացնում: Ինձ համար հաճելի է, երբ հանդիպում եմ տարեց մարդկանց, որոնցից հանգստություն եւ հեղինակություն է «արձակվում»:

Չինացիներն ակտիվացել են

Փետրվարի 15-ին ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է միջսեռային հարաբերություններում բազմաթիվ տաբուների դեմ պայքարի մեկնարկի մասին։ Ազգային ընկերությունը, որը կոչվում է «Արեւային լույս գենդերային խնդիրների վրա», կոչված է հանել սեռական խնդիրների քննարկումներում առկա արգելքները։ Քանի որ չինացիները քիչ են իրազեկված միջսեռային հարաբերությունների մասին, երկրի առողջապահության ոլորտում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2008թ. 20%-ով աճել են սիֆիլիսով վարակվածության դեպքերը, իսկ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 700 հազարի։ Եվ զարմանալի չէ, քանի որ կանանց ընդամենը 7% եւ տղամարդկանց 8%-ն են պատրաստ դիմել բժշկի, երբ սեռական խնդիրներ ծագեն։ tert.am-ը նշում է, որ նման քարոզարշավի շրջանակներում Չինաստանի քաղաքներում առողջապահական թեմաներով վահանակներ են փակցվելու, իսկ Պեկինում տեղի կունենա սեքսուալ խաղալիքների համաշխարհային ցուցահանդես-վաճառք։ Նշենք, որ նաեւ անցկացվելու են միջսեռային հարաբերությունների թեմայի շուրջ մրցույթներ, օրինակ՝ լավագույն համբույր, որն արդեն տեղի է ունեցել Խեֆեում՝ փետրվարի 15-ին։ Այս մասին հաղորդում է Turist.rbc.ru-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել