Վստահեցնում է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահության անդամ Դերենիկ Գաբրիելյանը, որը եղել է աշխարհի բոլոր ռինգերում:
– ՄՀՀ-ում անցկացված բռնցքամարտի պատանեկան հավաքականների ընկերական մրցաշարը կազմակերպական առումով ինչպե՞ս անցավ:
– Լավ կլիներ, եթե այդ հարցին հյուրերը պատասխանեին: Բայց քանի որ նրանք արդեն մեկնել են, ասեմ, որ պատվիրակություններն այնքան էին ոգեւորված, որ մտադիր են նամակով դիմել սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա՝ 2011 թվականի աշխարհի մեծահասակների առաջնությունը Հայաստանում անցկացնելու առաջարկով: Սա ոգեւորում է մեզ եւ հատկապես ֆեդերացիայի նորընտիր նախագահին ու ղեկավար կազմին, որը, փաստորեն, հաջող անցավ առաջին քննությունը:
– Ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը խոստացել եւ ապացուցում է, որ մարզաձեւի զարգացման համար ոչինչ չի խնայում: Բայց աշխարհի պատանեկան առաջնությունը Հայաստանում անցկացնելն այնքան էլ դյուրին չի լինելու՝ հենց թեկուզ ֆինանսական ներդրումների առումով:
– Համաձայն եմ: Բայց ֆեդերացիայի նախագահը իր խոսքի տեր մարդ է ու կանի հնարավոր ամեն բան: Բացի դա, մեր ֆեդերացիան հույս ունի եւ հիմա էլ աշխատում է համաշխարհային նշանակության այդ մրցումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով հովանավորներ եւ գործընկերներ գտնելու, ներգրավելու ուղղությամբ: Համոզված եմ, որ մեզ առաջինը ձեռք մեկնողներից մեկը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է լինելու, որի նախաձեռնությամբ էլ աշխարհի պատանեկան առաջնությունը նշանակվել է Հայաստանում:
– Մարզահամերգային համալիրում հանդես գալը յուրաքանչյուր մարզիկի համար ոչ միայն հաճելի է, այլեւ պատվաբեր: Կասկած չկա, որ մրցումներն այստեղ կանցնեն ամենաբարձր մակարդակով: Բայց բուն մրցումների համար պատշաճ պայմաններ ապահովելուց զատ, նման դեպքերում պակաս կարեւոր չէ մարզումային համապատասխան օբյեկտների, դրանցում համապատասխան պայմանների (լրացուցիչ դահլիճներ, ռինգեր, վարժասրահներ եւ սարքեր), նաեւ օժանդակ հարմարությունների, հյուրանոցային, տրանսպորտային եւ հազարումի այլ համակարգերի առկայությունը:
– Եթե, ինչպես ասում են, մտել ենք այդ բեռի տակ, ուրեմն պատկերացրել ենք պատասխանատվության աստիճանը, որը ոչ միայն ֆեդերացիայի, այլեւ Հայաստանի հեղինակության խնդիրն է: Տեղին է հիմա նշել, որ վերջին մի քանի տարիներին իրականացված մարզական շինարարությունն իր որոշիչ դրական դերը կատարել է այս հարցում: Այսօր մայրաքաղաքում ու մարզերում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող մարզակառույցներ, որոնցում միանշանակ հնարավոր է լիարժեք մարզվել:
Էլի կրկնում եմ. ֆեդերացիայի նորընտիր նախագահը պատրաստ է անել, ինչ անհրաժեշտ է լինելու: Բայց այս հարցում նրան աջակից են եւ պետությունը, եւ կառավարությունը: Մասնավորապես, մոտ օրերս կկազմավորվի աշխարհի պատանեկան առաջնության անցկացման կառավարական կազմկոմիտե, որի կազմում ընդգրկված են լինելու շահագրգիռ եւ պատասխանատու բոլոր գերատեսչությունները՝ սկսած Երեւանի քաղաքապետարանից, մինչեւ համապատասխան բոլոր նախարարությունները: Երբ մենք պարոն Ծառուկյանի համաձայնությամբ դիմում էինք աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացնելու առաջարկով, պատկերացնում էինք, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Մինչ այդ որոշումը վերջնականապես կայացնելը՝ խնդիրը քննարկվել է թե քաղաքապետի, թե համապատասխան նախարարների հետ, ու միայն նրանց աջակցության խոստումն ստանալուց հետո ենք դիմել այդ քայլին:
– Խոստումներ լսել սովորել ենք: Բայց ամեն անգամ չէ, որ դրանք կատարված ենք տեսնում: ԱԻԲԱ-ն, որքան տեղյակ եմ, հստակ պահանջներ է ներկայացրել ու դրանց կատարմանը հետեւելու է ամենայն խստությամբ: Մասնավորապես, նկատի ունեմ նաեւ լրատվամիջոցների անխափան ու բարձր մակարդակով կազմակերպումը:
– Այսօրվանից միջազգային ֆեդերացիայի բոլոր պայմանները կատարելու հարցերով աշխատանքներ տարվում են: Ֆեդերացիայի պատասխանատուներս գիշեր ու ցերեկ չենք ունենալու: Աշխատում ենք օրվա մեջ 24 ժամ: Հավատացած եմ, որ թերություններ չեն լինի: Ավելին ասեմ. մեր այս զրույցից կարճ ժամանակ անց ձեր թերթը, ինչպես նաեւ մյուս լրատվամիջոցները, կարող են այցելել մարզահամերգային համալիր եւ սեփական աչքերով տեսնել, որ ամեն ինչ հիմնականում պատրաստ է: Նկատի ունեմ ոչ այնքան դահլիճը, որտեղ տեղադրված են լինելու նախնական փուլի մրցումների համար անհրաժեշտ երկու ռինգերը, որքան օժանդակ հարմարությունները: Ի դեպ, մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը ԱԻԲԱ-ի համապատասխան հանձնախմբերը ստուգողական այցելություններ են ունենալու, ու միայն նրանց գնահատականից հետո առաջնությունը կմեկնարկի: