«Ստեղծագործական միությունների մասին» չարչրկված օրենքն ուշանում է
«Տառապած օրենքի նախագիծ». ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացուցիչներն այսպես են բնութագրում «Ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն 5-6 տարի է՝ պիտի ընդունվի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Շատերը սրան տալիս են այսպիսի բացատրություն՝ պետությունը երեւի ցանկանում է ձերբազատվել ստեղծագործական միություններից՝ դրանք համարելով խորհրդային տարիների մնացուկ:
Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «5-6 տարի առաջ ընդունվեց հ/կ-ների մասին օրենքը, որով ստեղծագործական միություններին էլ, այդպիսի կազմակերպությունների հետ նույն կանոնադրությունը պարտադրվեց: Դրա պատճառով էլ միություններն ըմբոստացան. անհեթեթ է մտածել, որ Գրողների, Նկարիչների կամ, ասենք, Ճարտարապետների միությունները պիտի շուն պահողների, գարեջուր խմողների միությունների հետ միեւնույն դաշտում գործեն: Ժամանակին կարողացանք կասեցնել գործընթացը եւ ԱԺ-ի հետ սկսեցինք մշակել ստեղծագործական միությունների մասին օրենք: Դրա երկու-երեք տարբերակ մշակեցինք, որոշ քննարկումներ եղան, բայց միշտ որեւէ օղակ դեմ էր կանգնում»: Ստեղծագործական միությունների բախտը չբերեց, քանի որ տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչը եւս ձգձգեց գործընթացը:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իրենց հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես համոզվեցի, որ օրենքի նախագիծը պիտի դնենք շրջանառության մեջ»: Ա. Գեւորգյանը նաեւ հավելեց. «Այդ հանդիպումը մեկ ամիս առաջ էր, եւ պարոն Աշոտյանն ասաց, որ կհանդիպենք, սակայն մինչեւ այժմ չեմ կարողանում նրա հետ խոսել»: Իսկ Լ. Անանյանը հույս ունի, որ մինչեւ ԱԺ-ի աշնանային նստաշրջան՝ օրենքը կհաստատվի:
ՀԳՄ նախագահից հետաքրքրվեցինք, թե իրենք ե՞րբ են գումարելու միության համագումարը, եւ արդյո՞ք կկարողանան խուսափել այն խնդիրներից, որոնք առաջացան Նկարիչների միության դեպքում՝ համապատասխան օրենքի պատճառով: Նա պատասխանեց. «Մեր համագումարին դեռ տարիուկես ժամանակ կա: Մենք պահպանել ենք միության կարգավիճակը, իսկ որոշ միություններ, ինչպես նկարիչներինը, ճարտարապետներինը, ստիպված էին վերագրանցվել, քանի որ նորոգումներ էին անում, իսկ ֆինանսական գործողությունների մեջ պետք էր ձեւակերպվել՝ որպես հ/կ, թե չէ՝ չէին կարող դա անել»:
Ինչ վերաբերում է Ժուռնալիստների միությանը, արդեն ապրիլ-մայիսին կկայանա համագումարը, եթե, իհարկե, «Ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման հետ կապված տեղաշարժեր տեղի չունենան: Ա. Գեւորգյանը մանրամասնեց. «Ես մայիսին համագումար պիտի անեմ, քանի որ թույլ չեմ տա, որ խոսակցություններ սկսեն, թե ժամկետը ձգձգվում է: Բայց եթե օրենքի նախագիծը մտավ ԱԺ, ընդունվեց առաջին ընթերցմամբ, կսպասենք մինչեւ լրիվ օրենք դառնա, հետո կկազմակերպենք համագումար: Դա էլ, իհարկե, կախված է տարբեր միություններում տիրող համերաշխության աստիճանից: Պատկերացնո՞ւմ եք, որ մենք հիմա կարող է համագումար անենք հ/կ-ների մասին օրենքի հիման վրա, հետո, ասենք, ԱԺ-ն ընդունի «Ստեղծագործական միությունների մասին» առանձին օրենք, անմիջապես նոր համագումար պիտի կազմակերպենք, նոր կանոնադրություն հաստատենք: «Հ/կ-ների մասին» օրենքի համաձայն՝ մենք միություն կոչվելու իրավունք չունենք, պիտի կոչվենք ընկերակցություն, միավորում: Բացի այդ, պիտի փոխենք անդամատոմսերը, կնիքը, բլանկները, ցուցանակները, ամեն ինչ»: Նույն անորոշությունն է տիրում նաեւ Ճարտարապետների միությունում: Նախագահ Մկրտիչ Մինասյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք համագումար են ունեցել 2007-ին, մյուսը տեղի կունենա կամ 2009-ի վերջին, կամ 2010-ի գարնանը: «Քանի որ պիտի աշխատեինք «Հ/կ-ների մասին» օրենքի համաձայն՝ խմբագրեցինք կանոնադրությունը, հո չե՞նք կարող օրենքից դուրս աշխատել,- ասաց Մ. Մինասյանը եւ նկատեց:- Կառավարությանը դիմել էինք նաեւ այն հարցով, որ խոշոր միությունների՝ երկու տարին մեկ համագումար անելը միտք չունի, քանի որ գործ ունենք ոչ թե երեսուն, այլ յոթ հարյուր, այն էլ ստեղծագործող անդամների հետ»: «Առավոտը» զրուցեց նաեւ Արմեն Աշոտյանի հետ: Նա նշեց, որ օրենքի նախագծի քննարկումը տեղի չի ունենա ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում եւ շարունակեց. «Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել միությունների ղեկավարների հետ: Պետք է աշխատենք միասին, որպեսզի ժամանակին եղած օրենքի նախագիծը վերանայենք: Այստեղ կան բազում խնդիրներ, եւ միանշանակ չէ միայն ստեղծագործական միությունների մոտեցումները, ուզում ենք, որպեսզի համադրենք կառավարության եւ միությունների մոտեցումները: Կարծես թե այժմյան կառավարությունը ստեղծագործական միություններին իրավական կարգավիճակ շնորհելու տարբերակը չի ընդունում՝ նախորդի պես: Նրանք բոլորը հ/կ-ներ են, այն էլ՝ արտոնյալ վիճակում, քանի որ նրանց անհատույց հանձնվել է ԽՍՀՄ-ի ժամանակ ունեցած գույքը, որը մեծամասամբ քաղաքի կենտրոնում գտնվող տարածքներ են»: